Էրդողանեն հետո և Գյուլեն առաջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 27, 2010 19:01

Թուրքիո վարչապետին այցելության նախօրեին իսկ լիբանանյան մամուլը քանի մը առիթով կը գրեր նախագահ Գյուլին Լիբանան այցելության հավանական թվականին մասին։ Դեկտեմբերի կեսերուն իրականացվելիք այցելություն էր նախագահական մակարդակով, պետական այցի արարողակարգային կարգավիճակով։

Երեկ, Լիբանանի մեջ թուրք դեսպանը կը հայտարարեր, որ նախագահ Գյուլ Լիբանան պիտի այցելե առաջիկա գարնան, ընդառաջելով Լիբանանի իր գործընկերոջ հրավերին։

Նման բարձրաստիճան պաշտոնատարներու այցելության թվականներու հարափոփոխելիությունը օրինաչափ դարձած է թուրք պետական պաշտոնատարներու պարագային։ Նույնը պատահած էր վարչապետ Էրդողանին համար, որուն այցելությունը կայացավ առնվազն երեք անգամ հետաձգվելե ետք։

Նոյեմբերն ու դեկտեմբերը ժամանակի հասկացողությամբ նեղ անմիջականություն կ՛ենթադրեն անշուշտ, մանավանդ երբ նկատի կ՛ունենանք նույն երկրի վարչապետին և ապա նախագահին տալիք այցելությունները։ Այսուհանդերձ քաղաքական հարաբերություններու գերաշխուժացման գործընթացին հետ կապ ունեցող կշռույթ է ցույց տրվածը։ Ի վրեջո երկկողմանի է ճիգը, տրված ըլլալով որ հրավիրող և ընդառաջող կողմերը համատեղ համաձայնությամբ կը ճշտեն նման այցելություներու թվականները։

Նոր թվականի հայտարարությունը սակայն դիտարկման երկու ամփոփ կետ կը կեդրոնացնե իր վրան։ Առաջինը այն է, որ ոչ առաջնային կարգով կը կատարվի հայտարարությունը։ Թուրքիո արտաքին գործոց նախարարութենեն կամ նախագահի գրասենյակեն չէ հայտարարությունը, այլ տեղվույն թուրք դեսպանին կողմե, այն ալ ի մեջ այլոց, և ոչ թե դեսպանատունեն հրապարակվա ծ հատուկ հաղորդագրությամբ։ Այստեղ, հայտնաբար հետաձգումի իրողությունն է, որուն վրա շուք կը փորձվի պատել։

Հայկական գործոնի գերարժևորման փորձ կատարվա ծ կ՛ըլլա, եթե  մտածվի, որ վարչապետ Էրդողանի նկատմամբ  ցուցաբերված լիբանանահայ դիմավորությունեն էր, որ պատճառ դարձավ նախագահ Գյուլի այցելության թվականի փոփոխության։

Այսուհանդերձ լիբանանահայության բողոքը, այնտեղ կատարված հայտարարություններուն լիբանանյան, արաբական շեշտադրումները և մանավանդ արձանագրվածին լիբանանյան, արաբական և միջազգային արձանգանգի ալիքներուն նկատառելի տարողությունը կը համոզեն դիպաշարին հետևողը, որ լիբանանահայ քաղաքական գործոնը հաջողեցավ կացություն ստեղծել։

Պատահածը անշուշտ աննկատ չանցավ տեղվույն թրքական դեսպանատունեն և առ այդ՝ պաշտոնական Անկարայեն։ Թափանցված միջավայրին մեջ ի վերջո գոյություն ունի անշրջանցելի գործոն, որ լիբանանյան-արաբական գունավորում կու տա հարցին բովանդակության, թրքական գործոնի գերաշխուժացումը ընկալելով իբրև Լիբանանը հարվածող երևույթ։

Պետք է ընդունիլ անշուշտ, որ թրքական այս խաղը կը տարվի բավական վարպետությամբ։ Եթե մեկ կողմե կա ամբոխային պարզամատություն, որ կ՛առաջնորդե թրքական քայլերուն դիմաց համակրանքի ալիքի բարձրացման, մյուս կողմե կա թեկուզ կարճաժամկետ, այսուհանդերձ առաջադրվա ծ շահերու համընկնումի իրականություն։ Հայկական գործոնը հոս է, որ թեկուզ առանձինը, ճիշտ շարժառիթներ գործածեց հարցին տալու համար լիբանանյան-արաբական բնույթ։

Ժամանակի որոշ հեռավորութենե դիտված  տակավ կը նկատվի հավանաբար, որ  ենթահող կը շահին լիբանանահայության արծարծած հարցերը։ Լիբանանյան զանազան կողմեր՝ Թուրքիո վարչապետին բարի գալուստ մաղթող, զորակցող թե լուռ մնացող, համալիբանանյան մտածողության զարգացման առընթեր պիտի գիտակցին, որ Թուրքիո դերակատարությունը շրջանին և Լիբանանին մեջ չի ծառայեր այս երկրի շահերուն։ Կը ծառայե առաջին հերթին այս նախաձեռնողականությունը ցույց տվող Անկարային և ապա Լիբանանի հակառակորդին, Անկարայի ռազմավարական հատուկ գործընկեր՝ Թել Ավիվին։

Հուսանք, որ մինչև գարուն, կամ նախագահ Գյուլի Բեյրութ ժամանումը (եթե նոր հետաձգում չըլլա անշուշտ) այս գիտակցության հասնին Լիբանանի պետությունն ու հասարակությունը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply