Մոտ 200 հազար մարդ է մասնակցում Հռոմում արհմիութենական ցույցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2010 18:21

Մոտ 200 հազար մարդ է մասնակցում Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ համազգային բողոքի ցույցին, որը կազմակերպել է Իտալիայի ամենախոշոր արհմիությունը` Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (ԻԱՀՀ): Այս մասին տեղեկացնում է “ՌԻԱ Նովոստին”:

Վաղ առավոտյան  Ապենինյան թերակղզու մայրաքաղաք ավտոբուսներով ժամանեց մոտ 110 հազար մարդ, ևս 10  հազարը հավերժական քաղաք եկան հատուկ գնացքներով: Ցուցարարները երկու մեծ շարասյուն ստեղծեցին, որոնք տարբեր կողմերից մտան Հռոմի կենտրոն:

“Ապագան պատկանում է երիտասարդությանն ու աշխատանքին” գլխավոր կարգախոսներով Հռոմի փողոցներով անցնում են բազմաթիվ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, գործազուրկներ, առողջապահության և կրթության բնագավառի աշխատողներ: Ամենից ակտիվ են լիցեյների սովորողներն ու ուսանողները, որոնք ամբողջ շաբաթվա ընթացքում Իտալիայի 50 քաղաքներում բողոքի ակցիաներ կազմակերպեցին կառավարության` կրթության համակարգի և համալսարանների ռեֆորմի դեմ: Այդ ակցիաների ժամանակ ուսանողները, որոնց աջակցում են դասախոսները, ժամանակավորապես գրավեցին Կոլիզեյը, Պիզայի աշտարակը և փորձեցին մտնել Սենատ:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply