Հիլարի Քլինտոնը զգուշացրել է աշխարհին WikiLeaks-ի նոր կոմպրոմատի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 17:50
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիտոնը լույս շաբաթ գիշերն անձամբ զանգահարել է մի քանի երկրների արտգործնախարարություններ, որպեսզի զգուշացնի WikiLeaks կայքի առաջիկա հրապարակման մասին. իբր այնտեղ տեղեկություն է լինելու, որը կարող է լրջորեն վնասել նրանց հարաբերությունները Ամերիկայի հետ: Պետդեպարտամենտում անհրաժեշտ են համարել քննարկել այդ հարցը մինչև արտահոսքը, որին սպասում են րոպե առ րոպե:
Բացի այդ, պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Կրոուլին հայտնել է, որ Հիլարի Քլինտոնը Չինաստանի արտգործնախարարի հետ քննարկել է սկանդալային կայքում պետքարտուղարության գաղտնի նյութերի սպասվող հրապարակումը: Զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն: Մինչ այդ ամբողջ աշխարհում ամերիկյան դեսպանությունների աշխատակիցները ջանում են նվազեցնել հնարավոր կորուստը: Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս պորտալը կգաղտնազերծի պետքարտուղարի գաղտնի նամակագրությունն իր դիվանագետների հետ: Դրանք կարող են բովանդակել ոչ այնքան հաճելի արտահայտություններ մի շարք երկրների քաղաքական ղեկավարների հասցեին: Ամերիկյան ԶԼՄ-ները համարում են, որ առաջին հերթին խոսքը Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի մասին է:
Բացառված չէ, որ փաստաթղթերի մի մասն էլ վերաբերի Ռուսաստանին: Սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ից ոչ մի ծանուցում չեն ստացել: Այդ մասին հայտնել է Սերգեյ Լավրովը: Ըստ նրա` հազիվ թե WikiLeaks–ը Ռուսատանին վերաբերող որևէ կարևոր գաղտնի փաստաթուղթ ունենա:
WikiLeaks կազմակերպությունը, որն իր առջև խնդիր է դրել հրապարակել գաղտնի փաստաթղթեր` առանց բացահայտելու դրանց աղբյուրը, լայնորեն հայտնի է դարձել այս տարվա հուլիսին, երբ իր կայքում ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթեր զետեղեց, որոնք վերաբերում էին ամերիկյան զինվորականների, հատուկ ծառայությունների և դիվանագետների գործունեությանը Աֆղանստանում: Բոլոր ցանկացողների համար ապահովված էր 77 հազար փաստաթղթի մատչելիությունը: Երկու շաբաթ առաջ կազմակերպությունը տարածեց այսպես կոչված իրաքյան դոսյեն: WikiLeaks–ի կայքում զետեղված էր 391832 փաստաթուղթ, որոնք վկայում են 2004 թ. հունվարի 1-ից 2009 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները և բացահայտում են նախկինում անհայտ փաստեր Իրաքի պատերազմի մասին, այդ թվում և խաղաղ բնակիչների զոհվելու, բանտարկյալների նվաստացման և Իրանի դերի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
