Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերության ապակե տարաներ արտադրող գործարան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 27, 2010 17:53

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերության ապակե տարաներ արտադրող գործարան, որտեղ ընթացիկ ամսում գործարկվել է արտադրական հզորությունների ընդլայնման ծրագիրը: Ժամանակակից լաբորատորիայի կառուց­ման և նոր հոսքագծերի ներդրման արդյունքում, գործարանը հնարավորություն է ստացել մեծացնել հոսքագծերի թողունակությունը, ավելի բարձրացնել արտադրանքի որակը:

Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, արդիականացման ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին և «Սարանիստ»-ի զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացրել են, որ արտադրական գործընթացը ներառում է հումքի պատրաստումից մինչև պատրաստի արտադրանքի պատշաճ փաթեթավորումն ու առաքման կազմա­կեր­­­պումը: Գործարանի ղեկավարության հավաստմամբ, ավելի քան 4 մլն. ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում, հնարավորու­թյուն է ստեղծվել թողարկելու այնպիսի տարաներ, որոնք մինչ այժմ չեն արտադրվել Հայաստանում և տարածաշրջանում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Սարանիստ» ՍՊԸ-ի կողմից` օգտա­գոր­ծելով սեփական և Վերակառուման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից տրամադրված 3 մլն. ԱՄՆ դոլար վարկային միջոցները:

Միաժամանակ, 2010թ. հոկտեմբերին շահագործման է հանձնվել պոլիէթիլենային թաղանթի արտադրությունը, որը միտված է բավարարելու ընկերության մեծացող պահան­ջարկը փաթեթավորման նյութերի նկատմամբ:

«Սարանիստ» ընկերության արտադրած ապակե տարաների արտա­հան­ման ծավալն ընդհանուր իրացման մեջ կազմում է շուրջ 40%: Ընկերությունն ապակե տարա­ներ է մատակարարում շուրջ 75 տեղական և 25 արտերկրյա կազմակերպություն­ների:

Գործարանում Երկրի ղեկավարին վստահեցրել են, որ «Սարանիստ» ընկերությունն իր հետագա ծրագրերում ևս նախատեսում է լրացուցիչ հզորությունների ներդնում:

Դիտվել է 1874 անգամ:

Leave a Reply