Հայազգի տնտեսագետը՝ Համաշխարհային 100 ինտելեկտուալների ցանկում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 27, 2010 11:35

Հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալներ»-ի (The Top 100 Global Thinkers) ցանկում։ Այս մասին է գրում թուրքական Sabah օրաթերթը՝ միևնույն ժամանակ հպարտանալով, թե այդ ցանկում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից բացի տեղ է զբաղեցրել երկրորդ «թուրքը»։

Ինչպես գրում է tert.am-ը, Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներում բնակվող պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի նա կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։ Վերջերս Թուրքիայի արտգործնախարարը նրան հրավիրել էր` ապրել և աշխատել Թուրքիայում:

«Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն:

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Անգլիայի Յորք համալսարանի տնտեսագիտության բաժինը: Գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած` աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply