Սեւանա լիճ է բաց թողնվել 200 հազար հատ ամառային բախտակ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2010 16:55
Նախատեսված 60 մլն դրամի փոխարեն` այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել 200 հազար հատ ամառային բախտակ` 28 մլն դրամի սահմաններում: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանն այսօր լրագողներին տեղեկացրեց, որ այս ծրագիրը շարունակական է: «Ամեն տարի բյուջեով նախատեսված է Սեւանա լիճ բաց թողնել իշխանի մանրաձուկ` ամառային բախտակ եւ գեղարքունի:
Եթե մինչեւ 2007 թվականն այս նպատակով 10 միլիոն դրամ էր տրամադրվում( 2007-ին բաց է թողնվել 175 հազար հատ մանրաձուկ), ապա 2008-ին գումարն ավելացել է` բաց է թողնվել 250 հազար հատ մանրաձուկ` 80 մլն-ի սահմաններում, 2009-ին` 307 հազար հատ մանրաձուկ` 71 միլիոն դրամ»,- ասաց նա: Գիտությունների ազգային ակադեմիան դեկտեմբերի վերջին կներկայացնի հաշվետվություն պետպատվերի շրջանակներում գետերում ձվադրման գնացող իշխանի վիճակի ուսումնասիրության մասին, որից պարզ կլինի բաց թողնված ձկների աճի արդյունքը:
Ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի, արդեն ստացել են որոշակի արդյունքներ: «Մենք գտել ենք որոշ քանակի հասունացած ձկներ, թեեւ հիմնական մասը որձ է, ակնկալում ենք մյուս տարի հասուն էգեր ունենալ, որոնց շնորհիվ կունենանք բնական ձվադրություն գետերում` համապատասխան պայմանների առկայության դեպքում»,- ասաց նա: Որս-ուսումնասիրությունները կատարվել են ինչպես գետերում, այնպես էլ լճերում:
Գնահատելով նախարարության ուշադրությունն այս հարցին` նա միաժամանակ նշեց, որ աշխատանքներն առավել արդյունավետ կլինեին համապատասխան պահպանության առկայության դեպքում: Ձկների թվաքանակի նվազումը, բանախոսների պնդմամբ, կապված է ոչ միայն մարդկային գործոնի հետ: 4 տարվա ընթացքում ձկներն ունենում են բնական կորուստ կամ որսավերադարձ. դա գիտականորեն ապացուցված է: Դրա հետեւանքով միայն 10 տոկոսն է, որ լավագույն պայմանների առկայության դեպքում կհասնի բնական ձվադրմանը: Ընդ որում` որքան մեծ է ձկան չափը, այնքան մեծ է բնական մահացության տոկոսը: Ստեղծված դրությունից միակ ելքը, ըստ բանախոսների, ձկնատեսակների բացթողումն է եւ մի քանի տարով ձկան որսի եւ Սեւանա լիճ մուտքի արգելումը:
Ի դեպ, ձվադրման շրջանում ձկան որսի ամենամյա արգելումը 2009թ-ին կատարվել է նոյեմբերի 27-ին: Մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ այն կկատարվի այս տարի: Բանախոսները կիսեցին իրենց մտահոգությունն այն մասին, որ հայտնաբերվել է նոր ձկնատեսակ` ծիածանագույն ֆորելը, որն արդեն գնացել է ձվադրման: Այն մրցակից է մեր էնդեմիկ ձկնատեսակներին, բազմանում է միեւնույն ժամանակ, սնվում նույն միջավայրում: Թեեւ գիշատիչ չէ, սակայն կարող է բազմանալ եւ աճել մեր ձկնատեսակների հաշվին: Նույնպիսի վտանգ է ներկայացնում հայկական տառեխիկը, որը նախկինում տարածված է եղել բոլոր գետերի ավազաններում, բացի Սեւանա լճից, այնինչ այժմ կա նաեւ Սեւանա լճում: Այստեղ, բանախոսների համոզմամբ, մարդու գործոնը կա:






Facebook
Tweet This
Email This Post
