Անանիա Շիրակացու 1400ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 26, 2010 16:34

Հայ պատմական աստղագիտական ժառանգությունը վեր հանելու եւ հասարակությանը ներկայացնելու լավագույն առիթն Անանիա Շիրակացու 1400 ամյակի նշումն է: Այս մասին Անանիա Շիրակացու 1400 ամյակին նվիրված միջոցառումների ցանկը ներկայացնելիս այսօր ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը` հավելելով, որ այսօր կարիք կա հասարակությանն իրազեկել հայ աստղագիտության նվաճումների մասին` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Միջոցառումների շարքում նախատեսվում է ՀՀ ԳԱԱ նիստ` նվիրված Անանիա Շիրակացու 1400 -ամյա հոբելյանին, «Աստղագիտական ժառանգությունը եւ ժամանակակից հասարակությունը» խորագրով միջազգային գիտաժողով, նախաձեռնող ինստիտուտների այցելություն Գյումրի , աստղագիտական ժառանգության պահպանման եւ հետագա հետազոտությունների համալիր ծրագրի ստեղծում, ինչպես նաեւ մի շարք այլ միջոցառումներ` հասարակությանն Անանիա Շիրակացու աշխատանքների հետ ծանոթացնելու նպատակով: Միջոցառումների շարքը մեկնարկելու է 2011 թվականից, որին կարող են մասնակցել մի շարք միջազգային գիտական կազմակերպություններ: Նախատեսվում է նաեւ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի` «ԻԿՕՄՕՍ»-ի, հայաստանյան գրասենյակի մասնակցությունը:

Ըստ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի`Հայաստանը տարածաշրջանում Աստղագիտական կենտրոն դառնալու լայն հնարավորություններ ունի, ու դրան կարող է նպաստել Հայաստանի աստղագիտության ուսումնասիրության գործում ունեցած հարուստ պատմական փորձը: «Այժմ հարկավոր է միայն համապատասխան քայլեր ձեռնարկել»,-նշեց նա: Միջոցառումները կանցկացվեն ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, Պատմության, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, ինչպես նաեւ Մատենադարանի նախաձեռնությամբ:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply