Ն. Երիցյան. «Մենք կարեւորում ենք քաղաքացիական հասարակության դերը ԵՄ ինտեգրման գործընթացում»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2010 16:31

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չափազանց կարեւորում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Հայաստանում ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացում: Այս մասին այսօր «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» խորագրով համաժողովի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ընդգծելով, որ հենց քաղաքացիական հասարակությունը եւ այդ հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպություններն են առանցքային դեր կատարում ժողովրդավարական հասարակության կառուցման եւ ազատ շուկայի ձեւավորմանը միտված բարեփոխումների իրականացման գործում:

«Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն անցել է բավականին լուրջ ճանապարհ, որն ուղղված է եղել աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոշ դեպքերում էլ` խթան է դարձել այդ բարեփոխումների իրականացման համար»,-ասաց նախարարը: ՀՀ-ԵՄ համագործակցությունն իրավական տեսանկյունից սկսվել է 1990-ականներից` «Հայաստան-Եվրամիություն գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումով, որի իրականացման համար ստեղծվել են անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցներ: «Անցած տարիների ընթացքում մենք բավականին խորացրել ենք մեր համագործակցությունը թե’ Եվրամիության անդամ երկրների, եւ թե’ միության տարբեր կառույցների հետ:

Մեր համագործակցությունը, աստիճանաբար զարգանալով, մտել է որակական նոր փուլ եւ դարձել ավելի հագեցած»,-համոզմունք հայտնեց Ներսես Երիցյանը` հավելելով, որ Եվրամիության ընդլայնումն Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ, վերջիններիս ավելի մոտեցրեց Եվրամիությանը, ինչպես նաեւ հնարավորություն տվեց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներով տարբեր մակարդակում գտնվող երկրներին խորացնել համագործակցությունը` այդ թվում նաեւ տարածաշրջանային ինտեգրման առումով:

Նախարարի հավաստամբ`Եվրոպական հարեւանութան քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացումը նշանակալիորեն նպաստեց ՀՀ օրենսդրության, նորմերի եւ ստանդարտների համապատասխանեցմանը ԵՄ չափանիշերին: Այս համատեքստում ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա տնտեսական ինտեգրման համար` հիմնվելով տնտեսության եւ առեւտրի բնագավառում կանոնների եւ դրույթների ընդունման ու կիրառման վրա, որոնք կխթանեն առեւտուրը, ներդրումները եւ տնտեսական աճը: «Այսօր Եվրոպական ինտեգրման գործընթացի թերեւս ամենաարդիական հարցը ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն են: Այս համաձայնագիրը կոնկրետացնելու է այն գործողությունների շրջանակը, որի ներքո մենք պետք է ԵՄ-ի հետ ինտեգրում ապահովենք»,-տեղեկացրեց Ն. Երիցյանը:

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2010 թ. հուլիսի 19-ին Երեւանում: Այդ համաձայնագրի իրականացման եւ իրագործման համար ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է պատասխանատու բանակցային թիմ: «Ազատ առեւտրի համագործակցությունը լինելու է Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասը»,-եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply