Տարածաշրջանում առաջին բնապահպանական լաբորատորիաները` Քաջարանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2010 15:35

Քաջարանի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում այսօր բացվեցին բնապահպանական լաբորատորիաներ, որոնք առաջինն են ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Նախաձեռնությունը Քաջարանի քաղաքապետարանինն էր, որին աջակցել են «Այբ» կրթական հիմնադրամը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, բնապահպանական մի շարք կազմակերպություններ: Լաբորատորիաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքերով ու նյութերով, հնարավորություն կտան երեխաներին ուսումնասիրելու հողի, օդի, ջրի աղտոտվածության աստիճանը, կատարել մի շարք փորձեր:

Արդեն երկրորդ տարին է Քաջարանի դպրոցներում ուսուցանվում է «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկան, որի դասավանդմանը շատ կօգնի նորաբաց լաբորատորիան: Լաբորատոր սարքերը հնարավորություն են տալիս փորձր կատարել ոչ միայն լաբորատորիայի ներսում, այլեւ դաշտային պայմաններում: Թիվ 1 դպրոցում անցկացված բաց դասի ընթացքում, որին ներկա էր Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, կիրառվեցին նաեւ թվայնացված տեղակատվական ծրագրեր, ինչը, մասնագետների կարծիքով, հնարավորություն կտա աշակերտին հեշտ ընկալելու մատուցվող նյութը:

Փոխնախարարն ասաց,որ հնարավոր է ԿԳ նախարարի թույլտվությամբ հանրապետության այլ դպրոցների մասնագետների էքսկուրսիաներ կազմակերպվեն Քաջարան` տեղում ծանոթանալու լաբորատորիաների աշխատանքին: Իսկ Արտակարգ իրավիճակների ակադեմիայի տնօրեն Համլետ Մաթեւոսյանն իր խոսքում հավաստիացրեց, որ երկու դպրոցների եւ ակադեմիայի միջեւ կստեղծվի համագործակցություն: Ծրագրի իրականացման համար Քաջարանի քաղաքապետարանը ներդրել է 20 մլն դրամ, իսկ «Այբ» կրթական հիմադրամն իրականացրել է լաբորատորիաների ամբողջական նախագծումը եւ հեղինակային վերահսկողությունը ծրագրի կատարման ողջ ընթացքում:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը շնորհակալագրեր հանձնեց լաբորատորիաների հիմնման գործում ցուցաբերած բոլոր աջակիցներին: «Այբ» հիմնադրամը էկոլոգիական ֆիլմերի հավաքածու նվիրեց դպրոցներին: Միջոցառումն ավարտվեց տոնական ճաշկերույթով:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply