Ի՞նչ է պարզել նախաքննությունը ամուսնու եւ սկեսրոջ ծեծից մահացած կնոջ վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2010 14:35

Ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի գործով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է եւ գործով նոր մանրամասներ այս ընթացքում ի հայտ չեն եկել: Այս մասին  հաղորդում է NEWS.am-ի թղթակցը   Հայաստանի զինվորական դատախազության Եղեգնաձորի  կայազորի դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանի հետ զրույցից հետո (նա է իրականացնում գործով դատավարական ղեկավարումը): «Գործն ընթացքի մեջ է եւ որեւէ առարկայական փոփոխություն չի արձանագրվել»,-ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ դեռեւս չի ստացվել Զարուհի Պետրոսյանի դիակի դատաբժշկական եզրակացությունը, որը լույս կսփռի գործի նախաքննության վրա, «ինչից հետո ավելի առարկայական մեղադրանք կառաջադրվի գործով կալանավորվածին»:

«Միայն դատաբժշկական ակտի միջոցով է երեւալու, թե ինչն է եղել կնոջ մահվան պատճառը»,-նկատեց Հարությունյանը՝ հավելելով. «Բացի այդ՝ ինտերնետում դեպքի հետ կապված արտահայտվող կարծիքների, հայտարարությունների ուղղությամբ զուգահեռ քննություն է տարվում: Հանձնարականներ է տրվել ոստիկանությանը՝ պարզել Զարուհի Պետրոսյանի մահվան հետ կապված հնարավոր անձանց շրջանակը»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ գործով նշանակվել է նաեւ ձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքերը նույնպես առայժմ չեն ստացվել: Խոսքը Զարուհու՝ մահվանից առաջ գրած նամակի փորձաքննության մասին է, որում երիտասարդ կինը խնդրում է իր մահվան հարցում ոչ մեկին չմեղադրել: Գրությունն այդ, ինչպես պնդում  են Զ.Պետրոսյանի հարազատները, նրան ստիպել են գրել սկեսուրն ու ամուսինը: Ուշագրավ է, որ գրությունն աղավաղված ձեռագրով է, քանի որ Պետրոսյանի մատներն այն գրելու պահին կոտրված են եղել:

«Գործն օբյեկտիվ նախաքննության փուլում է, անհոգ եղեք: Մենք հետեւողական ենք գործի բազմակողմանի, լիարժեք քննությանը»,-զրույցն ամփոփելով ասաց Անուշավան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ըստ Զարուհի Պետրոսյանի հարազատների պնդումների, նրան ծեծելով ու խոշտանգելով սպանել են ամուսինն ու սկեսուրը: Մինչդեռ կալանավորված է միայն ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ: Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի պատիժ:

Նշենք, որ դեռեւս անհայտ է սպանված երիտասարդ կնոջ մանկահասակ երեխայի ճակատագիրը: Երեխան այժմ իր հորական տատի մոտ է, ով արգելում է երեխայի մորական կողմի հարազատներին տեսակցել նրա հետ: Զ. Պետրոյսանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է պատկան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը: Դիմումին առայժմ ընթացք չի տրվել:

Ի դեպ, երեկ՝ նոյեմբերի 25-ին, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական մի շարք կազմակերպություններ երթ, դրամահավաք եւ ստորագրահավաք իրականացրին՝ ի պաշտպանություն Զարուհի Պետրոսյանի հիշատակի եւ նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, ՄԻՊ-ին եւ գլխավոր դատախազին: Նամակում դրա հեղինակները պահանջում են հետամուտ լինել, որպեսզի  գործով արդար դատաքքննություն իրականացվի եւ պատժվեն մեղավորները:

20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին, Մասիսի հիվանդանոցում:

Հ. Մանուկյան

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply