Հրաչ Բերբերյան. «Հայաստանում խլուրդների և մկների համաճարակ է»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | November 26, 2010 13:15
2010-ը գյուղատնտեսության համար ծանր տարի էր. միջոցներ ունեինք բերքի համար պայքարելու և կորուստը նվազեցնելու համար, ինչը չօգտագործվեց. այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով` բանջարեղենի բերքի 35-40 տոկոս անկում է արձանագրվել այս տարի: Եթե 2009-ին գյուղացին ստացել է 822 հազար տոննա բանջարաբոստանային կուլտուրա, ապա այս տարի` «պաշտոնապես կհայտարարվի 670 հազար, մինչդեռ իրականում 550 հազար տոննա բերք»:
Անկումային է նաև մրգերի ցուցանիշը. 2009-ին ստացել են 332 հազար տոննա միրգ, մինչդեռ այս տարի, ըստ Բերբերյանի, պաշտոնապես կհայտարարվի 124 հազար տոննա ցուցանիշը, իսկ իրականում գյուղացին ստացել է 80 հազար տոննա բերք:
Բերբերյանը նշում է, որ անցած տարվա համեմատությամն այս տարի առատ էր խաղողի բերքը, սակայն հիվանդությունների պատճառով կորսվեց նաև այս տարվա խաղողի բերքի 20 տոկոսը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահի տվյալներով` նվազել է նաև կարտոֆիլի բերքը` այս տարի ստացել են 320-350 հազար տոննա բերք անցած տարվա 560 հազարի փոխարեն, ինչպես նաև 8-10 հազար հա-ով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները:
«Այս պահի դրությամբ 10 հազար հա պակաս աշնանացան ցորեն են ցանել: Գյուղացին գումար չունի, որ սերմնացու գնի, այդ պատճառով էլ հողն անմշակ է թողնում»,- ասում է Բերբերյանը:
Նրա խոսքով` անմխիթար է նաև կրծողների դեմ պայքարի գործընթացը. «Տարիներ շարունակ նույն թունաքիմիկատն են ներկրում, ինչն այլևս չի ազդում կրծողների վրա: Հայաստանում խլուրդների և մկների համաճարակ է»: Ըստ Բերբերյանի` ազդեցությունը կորցրած թունաքիմիկատն էլ անգամ գյուղացուն չի հասնում. Գյուղատնտեսության նախարարությունը այն փոխանցում է մարզպետարաններին, վերջիններս գյուղապետարաններին, որտեղից էլ այն գյուղացիներին շատ ուշ է հասնում կամ չի հասնում բոլորովին:
Նա նշում է, որ այս տարի չմշակված հողերի մակերեսի աճը նպաստելու է կրծողների թվի աճին, քանի որ հողը վարելը և ջրելը, ըստ Բերբերյանի, որոշակիորեն նպաստում է կրծողների դեմ պայքարին:
Բերբերյանը նշում է, որ անմխիթար է նաև վիճակը անասնապահության ոլորտում: Այս տարի արձանագրվել է կաթի և մսի արտադրության 10-15 տոկոս անկում: «Կարանտինային ծառայությունները նորմալ չեն գործում: Հիմա թռչնի համաճարակ է տարածվել, երեք տարի է, չենք կարողանում ազատվել խոզի ժանտախտից»,- ասում է Բերբերյանը` հավելելով, որ այս ամենի պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է:
Բերբերյանը նշում է, որ Ագրարագյուղացիական միավորումը մշակել է հակաճգնաժամային ծրագիր, որով հաջորդ տարի, օրինակ, կկարողանան հասնել լոլիկի գների նվազման: «Գյուղացիներին 500 հա-ի լոլիկի անվճար սերմ կտրամադրենք, կաշխատենք կայունացնել նաև կարտոֆիլի սերմնացուի վիճակը»:






Facebook
Tweet This
Email This Post
