Զբոսաշրջության ոլորտում ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ակտիվ համագործակցում են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2010 10:37

Զբոսաշրջության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանարապետությունը համագործակցում են ինչպես մեթոդական, այնպես էլ դեպի Արցախ զբոսաշրջային հոսքերի ապահովման առումով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այդ համագործակցության արդյունքում կտրուկ աճել է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը:

«Արցախի մեր գործընկերների հետ մշակել ենք հայեցակարգ, որը հավանության է արժանացել տեղի կառավարության կողմից: Մենք հասել ենք նրան, որ միջազգային ցուցահանդեսներում Արցախն առանձին տաղավարով է ներկայանում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Հիշեցնենք, որ Լոնդոնում նոյեմբերի 8-11-ն անցկացված միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում Արցախը մասնակցել է առանձին տաղավարով:

Ադրբեջանական կողմը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին` պահանջելով չթողնել ԼՂՀ-ի մասնակցությունը: «Ադրբեջանցիներն ամեն ինչ քաղաքականացնում են, բայց չէ՞ որ դա բիզնես է եւ պետք չէ քաղաքականացնել: Ադրբեջանը քարոզչական պատերազմում իր գործողություններն արդեն ծիծաղելի է դարձնում, ինչը նաեւ վերջերս իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասաց Մ. Ապրեսյանը:

Ըստ զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետի` զբոսաշրջության ոլորտում ՀՀ եւ ԼՂՀ համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ, երբ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի զբոսաշրջային օպերատորներն այցելեցին Ղարաբաղ, հանդիպումներ ունեցան տեղի իրենց գործընկերների հետ եւ քննարկեցին ոլորտին առնչվող հարցեր:

«Այդ քննարկումների արդյունքում ծնվեց գործարար համագործակցություն: Որոշում կայացվեց Արցախում այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի թե’ ներգնա` Հայաստանից, եւ թե’ արտասահմանից եկող զբոսաշրջիկների համար անհրաժեշտ պայմաններ ապահովվեն»,-տեղեկացրեց Մ. Ապրեսյանը` հավելելով, որ Հայաստանում իրականացվող զբոսաշրջային տների ցանցի ձեւավորման ծրագիրը նպատակ կա կիրառել նաեւ Արցախում:

«Մենք դա քննարկել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Այդ հարցում թե’ մեթոդական, եւ թե’ նախանական աջակցություն կցուցաբերվի նրանց: Արցախում կստեղծվեն նաեւ տեղեկատվական կենտրոններ»,-ընդգծեց Մեխակ Ապրեսյանը: Շուշիում արդեն գործում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն, նման կենտրոն կբացվի Ստեփանակերտում, նախատեսվում է նաեւ ստեղծել ժամանակավոր տեղեկատվական գրասենյակներ Ղարաբաղի տեսարժան վայրերում` Գանձասարի վանքում, Նիկոլ Դումանի տուն-թանգարանում, արցախյան Տիգրանակերտում:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply