Ն.Ալիեւ. «Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է խորանալ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2010 10:26

Եվրոպայի Խորհրդի` հակակոռուպցիայի գծով կազմակերպությունը Ադրբեջանի հետ կապված հերթական զեկույցն է հրապարակել, որտեղ գնահատել է այդ երկրում կոռուպցիայի վիճակն ու ուշադրություն հրավիրել այն փաստին, որ կոռուպցիան վերացնելու համար Ադրբեջանում միջոցներ չեն ձեռնարկվում: Կազմակերպությունը նաեւ հանդես է եկել խորհուրդներով՝ Ադրբեջանում կոռուպցիան վերացնելու համար:

Թեեւ Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում մինչ այժմ մի քանի անգամ նշել են, բայց, երեւում է, ադրբեջանական կառավարությունն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու մտադրություն չունի: Այս մասին գրում է «Ազադլըգ»-ը: Ադրբեջանական թերթը միաժամանակ հարցադրում է կատարում. «Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը»:

Տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւի կարծիքով, միջազգային կազմակերպությունները մշտապես նշում են Ադրբեջանում կոռուպցիայի եւ կաշառակերության օրեցօր աճող մակարդակը, բայց, քանի որ կառավարությունը նկատի չի առնում այդ ուղղությամբ նրանց տված խորհուրդներն ու առաջարկությունները, կաշառքի եւ կոռուպցիայի մակարդակը շարունակում է խորանալ: Փորձագետի խոսքով` կոռուպցիան ավերում է երկրի տնտեսությունը եւ խաթարում սոցիալական ու հասարակական կյանքի տարբեր բնագավառների նորմալ գործունեությունը:

«Մենք կիսում ենք միջազգային կազմակերպությունների գնահատկանները: Կառավարությունը պետք է նկատի ունենա նրանց բոլոր խորհուրդները եւ վերացնի այդ լուրջ խնդիրը, քանի որ կոռուպցիան օրեցօր թունավորում է Ադրբեջանի ժողովրդի կյանքը եւ զարգանալու հնարավորություն չի տալիս երկրի տնտեսությանը: Բայց Ադրբեջանի կառավարությունը գործնական քայլեր չի ցանկանում կատարել: Միջազգային կազմակերպությունների գնահատականներին տված արձագանքն էլ միանշանակ կեղծ բնույթ է կրում», -ասել է ադրբեջանցի փորձագետը:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply