Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է

Օրվա լուր | | July 24, 2009 16:26
dscn18563

Մեխակ Ապրեսյան

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի նախնական տվյալներով՝ հայկական զբոսաշրջությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0.1 տոկոս աճ: Հայաստան է այցելել 207.729 մարդ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 207.479 :

«Սա բավական լավ ցուցանիշ է զբոսաշրջության ոլորտում աշխարհում արձանագրված 3 տոկոս անկման ֆոնին»,- այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Առաջին եռամսյակում անկման ցուցանիշը կազմել էր 1 տոկոս:

Հայաստան այցելությունների 60 տոկոսը կազմում է Սփյուռքից. ըստ  երկրների` ՌԴ-ից, Վրաստանից, այլ ԱՊՀ երկրներից, Եվրամիության երկրներից: Ապրեսյանն ասում է, որ այցելությունների մեջ այս տարի դիտվում է աշխարհագրական ընդլայնում: «Առաջին անգամ այցելություններ կան Սկանդինավյան երկրներից, Թաիլանդից, Թայվանից,- ասում է Ապրեսյանը,- Իսկ անցյալ տարի առաջին անգամ խումբ էր ժամանել Թուրքիայից: Տեղեկություններ կան, որ նրանք շատ տպավորված են: Այս տարի ևս սպասվում է այց Թուրքիայից»:

Այս տարի ճգնաժամի ազդեցությանը գումարվել է նաև եղանակային պայմանները. ամռան սկզբից չդադարող առատ անձրևների հետևանքով նվազել է Սևան այցելողների թիվը: «Եղանակն ու ճգնաժամը ձեռք ձեռքի տված խփում են մեր գործին»,- ասում է Սևանի «Աստերիա» լողափի տնօրեն Մուշեղ Դավթյանը:

Ապրեսյանն ասում է, որ զբոսաշրջությունը զարգացնելու համար պետությունը խթանում է զբոսաշրջության այլընտրանքային տեսակները`օրինակ,  հուլիսի 1-ին էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Արև» առաջնամագլցման բաց փառատոնը: Փառատոնի նպատակն է` Հայաստանում զարգացնել ժայռամագլցումը՝ դրանով ներգրավելով ժայռամագլցմամբ հետաքրքրվողներին:

Զբոսաշրջության ոլորտում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու և գների վրա ազդեցություն թողնող չափորոշիչ է պետության կիրառած հյուրանոցային տնտեսության աստղային համակարգը: «Երբ հյուրանոցը հայտ է ներկայացնում աստղ ստանալու համար, նա պարտավորվում է կատարել այդ չափանիշերի պահանջը,- ասում է Ապրեսյանը,- իսկ մյուս հյուրանոցը, որը չունի աստղ, բայց ունի ծառայությունների նույն արժեքը, ստիպված կլինի իջեցնել իր գները»:

Հայաստանում գործում է 70-ից ավելի հյուրանոց, որոնցից 10-ն ունեն աստղային որակավորում: «Այս տարի ընդունվել է 2 հայտ, որից մեկը Գյումրի քաղաքից»,- ասաց Ապրեսյանը:
Հյուրանոցներին աստղային որոկավորում շնորհելու հանձնաժողովն ստեղծվել է 2004թ.: Առաջին աստղը շնորհվել է «Կոնգրես հյուրանոցին»՝ 3 աստղ:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply