Իրանական քաղաքական շաբաթ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | November 25, 2010 17:13
Անցնող շաբաթվա ներքաղաքական խմորումների առանցքում էր կրկին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն կազմող արմատականները բազմաթիվ առիթներ ունեցան միմյանց միջև թեր ու դեմ կեցվածքներ ու դիրքորոշումներ որդեգրելու: Այսպես, ծայրահեղ ու չափավոր արմատականների հակոտնյա դիրքերը պայմանավորված են մի կողմից` նախագահ Ահմադինեժադի տնտեսա-քաղաքական ծրագրերի, իսկ մյուս կողմից` որպես մեծամասնություն` համերաշխության եզրեր գտնելու վերաբերյալ տարաձայնություններով:
Ահավասիկ, մի շարք ծայրահեղական ու չափավոր արմատականների նախաձեռնությամբ հենց շաբաթասկզբում կայացավ խորհրդակցությունների համատեղ նիստ նախագահականում, իսկ, ըստ երևույթին, համերաշխության բերող նախադրյալների բացակայության պատճառով փոխհամաձայնություն չի գոյացել: Եվ երևի նույն պատճառով էր, որ ծայրահեղականները գրեթե ողջ շաբաթվա ընթացքում խորհրդարանից ներս թե դուրս շրջանառության մեջ դրեցին մի «նոր մարտավարություն», որով իբր ուրվագծում էին խորհրդարանական գալիք (2012 գարնան) ընտրություններում հաղթող արմատականների ձևաչափերը… Բնականաբար, այդ քայլը չափավորականների կողմից բնութագրվեց նախ որպես շուտիկություն և ապա` «առօրյա հիմնահարցերը քողարկելու միտում…»: Ըստ չափավորական արմատականների` ծայրահեղականները նման մարտավարությամբ ավելի են գերքաղաքականացնում հասարակական մթնոլորտը և այդպիսով վնասում ընտրական առողջ գործընթացների կայացումը: Այս գծով խորհրդարանի չափավոր պատգամավոր և կառավարության ծրագրերին քննադատաբար վերաբերվող Ալի Մոթահարին, նոր խնդիր առաջ քաշելով, արմատականների միջև համերաշխության ու միասնականության նոր մեխանիզմ առաջարկեց` ընդգծելով, որ «Բավարար չէ միմիայն հայտարարություններով ու լոզունգներով ապացուցել սեփական արմատականության հանգամանքը, այլև անհրաժեշտ է ճշտորոշել արմատականության իրական շափանիշերը` հիմնավոր ու մանրազնին դրույթների հստակեցմամբ…»: Իսկ ինչ խոսք, սա վկայում է այն մասին, որ երկրում ընդհանրապես քաղաքական մրցակցության և մասնավորապես կուսակցական ինստիտուտների կայացածությունը ցայժմ հասունացած մակարդակներ չի նվաճել, որի արդյունքում էլ նույն արմատական թևի մեջ առաջանում են անխուսափելի կոտորակումներ, որոնց ի մի բերելը, գեթ ներքաղաքական ճակատում, դառնում է գրեթե անկարելի:
***
Իրանի համար անցնող շաբաթը արտաքին քաղաքական ոլորտում բավականին հագեցած իրադարձություններով նշանավորվեց: Նախ, արդեն մի քանի տարիներ ի վեր քաղաքական ենթատեքստ ունեցող ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ անվանումը հերթական անգամ իր նենգափոխված (ՙԱրաբական ծոց՚) ձևով ի ցույց դնելու ականատես եղավ Իրանի մարզական պատվիրակությունը Ասիական 16-րդ օլիմպիական խաղերի բացման արարողության պահին (Իրանի քարտեզի վրա գրված է եղել նենգափոխված անունը), որին, ինչպես միշտ, պատշաճ են արձագանգել իրանական պատասխանատուները, որոնք, խաղերի հյուրընկալ երկիր (Չինաստան, Գուանգժու) կազմակերպիչներին բողոքարկելով կատարվածի մասին, հայտարարել են, որ ամբողջությամբ կբոյկոտեն խաղերը, եթե չսրբագրվի արտառոց սխալը: Չինացիները, բնականաբար, հապճեպ սրբագրել են «վրիպակը» և ներողություն հայցելով` վստահեցրել են, որ միտումնավոր քայլի արդյունք չէր դա և որ լոկ թյուրիմացություն է եղել…
Հատկանշական իրադարձությունը, սակայն, Կասպիականի իրավական կարգավիճակի 3-րդ գագաթաժողովն էր, որը կայացավ Բաքվում, ուր հարմար առիթ հանդիսացավ, որպեսզի տվյալ օրակարգից զատ, Իրանի նախագահ Ահմադինեժադը մինչ այդ հեռահար դժգոհանքները դեմ առ դեմ փոխանցի ռուս գործընկերոջը թե’ Արևմուտքի կողմից Իրանի տնտեսական պատժամիջոցներին տեղ-տեղ դրական արձագանքելու և թե’ Ռուսաստանի կողմից միակողմանիօրեն S-300 հրթիռակայանների վաճառման պայմանագրի բեկանման առնչությամբ: Մեդվեդևի «Մենք հարգել ու կատարել ենք մեր բարիդրացիական պարտականությունները» խոսքին ի պատասխան` նախագահ Ահմադինեժադը հակադարձել է. «Բարիդրացիական պարտականություններից ելնելով է, որ պետք է երկու երկրները միասնական ու փոխադարձ շահերի հիմամբ միմյանց կողքին լինեն…,- և ավելացրել,- Իրանը հեշտությամբ կարող է իր կարիքները հոգալ` պատգամելով ռուս գործընկերոջը, որ Իրանը ռուսական S-300 կայանքների կարիքը չունի»:
Մեդվեդևն էլ իր հերթին ընդգծել է. «Պատժամիջոցների բանաձևից հետո ոմանք ուզում էին ավելի խստացնել դրանք, բայց Ռուսաստանը խստիվ դեմ է գնացել դրան… Ռուսաստանը,- ամփոփել է Մեդվեդևը,- հետամուտ է զորեղացնել փոխհարաբերություններն ու համադրությունները Իրանի հետ, և երկու երկրները, ապագայի հաշվին, պետք է քայլեր վերցնեն բարեկամական հիմքերի ամրապնդման համար»:
Գալով Կասպիականի գագաթաժողովի առափնյա հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան) շոշափած խնդիրներին` նախագահ Ահմադինեժադը հայտարարել է, որ դրա իրավակարգային գործընթացը երկարատև է լինելու, և մեծ համբերություն է հարկավոր:
Իրանի պետական դիրքորոշումը այս հարցում մշտապես եղել է այն, որ իրավակարգային պատկանելությունները պետք է հավասարապես բաժանվեն հինգ երկրների միջև:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ






Facebook
Tweet This
Email This Post
