Հ.Հարությունյան.«Ադրբեջանական քարոզչությունը կառուցված է ստի եւ զրպարտանքի վրա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 16:51
Ադրբեջանական ողջ քարոզչությունը կառուցված է ստի եւ զրպարտանքի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը` ավելացնելով, որ քարոզչական պատերազմը կարեւոր է բոլոր այն երկրների համար, որոնք դեռեւս ունեն չլուծված հակամարտություններ: «Այս քարոզչական պատերազմում Հայաստանը հիմնվում է պատմական փաստերի եւ իրականության վրա»,- նշեց պատգամավորը`հավելելով, որ Ադրբեջանն անդադար քարոզում է պատերազմի վերսկսում, իսկ Հայաստանը ձգտում է խնդիրը խաղաղ կարգավորել:
«Այստեղ կա նաեւ երկու նախագահների անձերի խնդիրը. Իլհամ Ալիեւն Ադրբեջանը ժառանգություն է ստացել իր հորից, իսկ Սերժ Սարգսյանն անցել է փորձություններով լի ճանապարհ, երիտասարդ տարիքից գործ է ունեցել զանգվածների հետ եւ անցել է պատերազմի ողջ ընթացքը»,- շեշտեց Հ.Հարությունյանը` ընդգծելով, որ հենց այդ պատճառով էլ Ս.Սարգսյանը չի ցանկանում երկիրը ներքաշել պատերազմի մեջ, իսկ Ի.Ալիեւը չի գիտակցում պատերազմի հնարավոր արհավիրքները եւ անդադար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: «ՀՀ նախագահի վերջին ելույթներն, ըստ էության, սթափության կոչեր էին:
Նրանք հարձակողական բնույթի էին եւ ցույց տվեցին, որ ադրբեջանական հոխորտանքները մեզ չեն վախեցնի»,- կարծիք հայտնեց պատգամավորը` շեշտելով, որ այդ ելույթները ողջ հայ ժողովրդի պատասխանն էին առ այն, որ մենք համոզված ենք մեր ճշմարտացիության մեջ եւ պատրաստ ենք կործանարար պատասխան տալ թշնամուն: «Նախագահը հստակ ցույց տվեց, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն երբեք զոհի կարգավիճակում չեն լինի»,- նշեց Հ.Հարությունյանը` ողջունելի համարելով հայկական քարոզչության անցումը հարձակողական ոճի:






Facebook
Tweet This
Email This Post
