Եղանակային կախվածություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 1, 2010 15:00

Եղանակի քմահաճույքներից տուժում են ոչ միայն հիվանդները, այլև հարաբերական առողջ  համարվողները: Մթնոլորտային ճնշման ու ջերմաստիճանի տատանումներից բողոքում են գրեթե բոլոր մեծահասակները:

Եղանակը փոփոխել, ավաղ մեր ուժերից վեր  է, սակայն կարող ենք մեր հնարավորությունների սահմաններում առավելագույնս հարմարվել մթնոլորտային փոփոխություններին:

Եղանակային կտրուկ փոփոխություններն ու ջերմաստիճանային տատանումները վտանգավոր են առաջին հերթին օրգանիզմի արյունատար  համակարգի, հատկապես` գլխուղեղի անոթների համար: Այդ է պատճառը, որ իրենց առողջ համարող մարդիկ անգամ բողոքում են գլխացավից, գլխապտույտից, ընդհանուր թուլությունից: Իսկ եղանակային կախվածություն ունեցողների մոտ կարող են նույնիսկ տեսողության հետ կապված խնդիրներ ծագել: Նոպայի ժամանակ հիվանդը  սկզբում բողոքում է աչքերը շաղվելուց, ինչին հետևում է գլխացավը, որից փախչել պարզապես հնարավոր չէ: Այնպիսի զգացողություն է առաջանում, թե գլխում իսկական ական է դրված, և բոլոր անոթները լարման տակ են: Այս վիճակները վտանգավոր են, քանի որ կարող են ուղեղի կաթվածի, անդամալուծության, տեսողության մասնակի կորստի պատճառ դառնալ:

Քանի որ եղանակային փոփոխություններով պայմանավորված նման նոպաները կարող են   հաճախանալ,  պետք է պարզապես  բարելավել առողջությունը: Նախ հարկ է հետազոտվել բժշկի մոտ ու կատարել բոլոր նշանակումները, բացի այդ, անհրաժեշտ է ձերբազատվել վատ սովորություններից, հատկապես` ծխելուց: Նիկոտինը նպաստում է անոթների  պատերի բարակացմանը, դրանք դառնում են փխրուն  և մեծացնում լուրջ հետևանքների հավանականությունը:

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ տոն և հանգստի օրերին խմած ալկոհոլն էական ազդեցություն չի կարող ունենալ առողջության վրա, սակայն, պետք է հիշել, որ նույնիսկ թույլ ալկոհոլային խմիչքներում պարունակվող  էթիլ սպիրտի ազդեցության հետևանքով էրիթրոցիտները կորցնում են իրենց բացասական լիցքը, այլևս  միմյանց չեն վանում ու ասես սոսնձվում են` խանգարելով արյունաշրջանառությանը, հատկապես` մազանոթներում: Սա  նույնպես հղի է լուրջ հետևանքներով:

Վատ ինքնազգացողության պատճառ կարող է լինել նաև սխալ սնվելը, կծու, ապխտած, յուղոտ, տապակած սննդի չարաշահումը: Արդեն գիտենք, որ նման սնունդը կարող է խոլեստերինային` աթերոսկլերոզային  թիթեղիկների  առաջացման պատճառ դառնալ, ուստի կարևոր է հատուկ սննդակարգի հետևելը: Օգտակար են ծովակաղամբը (չշփոթել ծովաբողկի հետ), ձեթը, դդմիկն ու դդումը: Աշխատեք սնունդը պատրաստել բացառապես ձեթով: Ձեթերը պարունակում են չհագեցած սահմանային ճարպաթթուներ, որոնք խանգարում են աթերոսկլերոզի զարգացմանը: Այդպիսի ներգործություն ունի նաև ծովակաղամբը: Դդումն ու դդմիկը կարգավորում են նյութափոխանակությունը, նպաստում  օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը: Ի դեպ, բանջարեղեններից  բազուկը  եզակի արմատապտուղ է, որն  իջեցնում է ճնշումն անոթներում,  լուծում  արյան մակարդները, մաքրում  անոթները: Արյունատար անոթների կծկում ունեցողներին խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտել առաջարկվող սննդամիջոցը.

Երեկոյան եռացրած սառեցրած ջրում թրջել 2 ճաշի գդալ հնդկաձավար, իսկ առավոտյան կես ժամ թրջել 1 ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլներ, ապա հնդկաձավարը խառնել վարսակաձավարի հետ, ավելացնել չրեր (չամիչ, սև սալորի, ծիրանի չիր), 2 թեյի գդալ մեղր, բոլորը խառնել ու տաք  ջրի հետ խմել: Դրանից  4 ժամ հետո  կարելի է սնունդ ընդունել, սակայն անհրաժեշտ է, որ այն լինի բացառապես  բուսական: Դրանից հետո կարող եք սնվել ինչպես միշտ: Իսկ եթե արդեն ունեցել եք անոթների հետ կապված լուրջ խնդիր, ապա հարկ է, որ ձեր կենսակերպը փոխեք, քնից առաջ մաքուր օդում շատ քայլեք, հրաժարվեք վատ սովորություններից և աշխատեք հնարավորինս ճիշտ սնվել:

Անոթների կծկման ժամանակ օգնում են մերսման  բավական պարզ միջոցներ. ձեռքի ափերով միմյանց հերթագայելով, շոյելով շփել ճակատը: Մատնաբարձիկները դնել քունքափոսիկերի մեջ ու ժամացույցի սլաքի ուղությամբ տրորել, նման շփումներ  կարող եք կատարել նաև ափի հիմքով; Անկասկած, արդյունավետ են նաև ջրային պրոցեդուրաները, հատկապես մարմնի այս կամ այն հատվածի սառը-տաք հաջորդականությամբ ցնցուղը: Այնուամենայնիվ, բոլոր միջոցները կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply