Համահայկական բանկը` «որպես բեկումնային նախագիծ»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 30, 2010 5:24

«Քաղաքակրթություն կարող է համարվել այն ազգը, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը…Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է գիտակցել այս առաքելությունը և առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բանաձև: Կարևոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք մեզ կերտում որպես ազգ, որպես քաղաքակրթություն։ Ինչպիսին ուզում ենք ինքներս մեզ տեսնել, այնպիսին էլ կլինենք։ Մեր ազգին հատկապես այսօր է հարկավոր հանդուգն ծրագիր, որը թույլ կտա կուտակել ներուժ բեկումնային զարգացման համար»,- այսպես է ավարտում Տիգրան Սարգսյանն իր «Հայկական քաղաքակրթությունը` որպես բեկումնային նախագիծ» հոդվածը:

Ենթադրվում է, որ Համահայկական բանկի նախագիծը դառնալու է վարչապետի նշած բեկումնային զարգացման համար ներուժի կուտակման նախագծերից մեկը:

«Համահայկական բանկի նպատակն է՝ հայության ուժեղ, մրցունակ և գիտության վրա հիմնված ներուժի ձևավորմանը նպաստելը, որն ուղղված կլինի համաշխարհային շուկայում նրա մրցունակության բարձրացմանը»,-սահմանում է Համահայկական բանկի մասին ՀՀ օրենքը:

ՀՀ կառավարությունը 2008 թ. նոյեմբերի 20-ին հավանություն տվեց «Համահայկական բանկի մասին» օրինագծին: Օրենքը ԱԺ կողմից ընդունվեց է 2008 թ. դեկտեմբերի 26-ին, որն ավելի ուշ` 2009 թ.հունվարի 17-ին, վավերացվեց նախագահի կողմից. ապրիլի վերջին Կենտրոնական բանկը գրանցեց բանկը:

Ապահովված օրենսդրական դաշտը, սակայն, դեռևս պետք է լրացվի գործնական դաշտի ստեղծմամբ, այնինչ նախագծի հեղինակների` բանկի գործունեությունը սկսելու ժամկետի մասին հայտարարությունները դեռևս չեն իրականանում:

Համահայկական բանկի ստեղծման գաղափարը պաշտոնապես հնչեց դեռևս 2008 թ. հոկտեմբերի 2-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ժողովրդին և խորհրդարանին ուղղված ելույթում: Նախագահը հայտարարեց այն գերակա ծրագրերի մասին, որոնք կառավարության ուշադրության  կենտրոնում են. նոր ատոմակայան խորհրդային դարաշրջանի Մեծամորի ատոմակայանի տարածքում, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման սկիզբ և Համահայկական բանկի ստեղծում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թ. դեկտեմբերի 14-ին հույս հայտնեց, որ Համահայկական բանկը կսկսի իր գործունեությունը 2010 թ.: Այս տարի` հոկտեմբերի 19-ին, ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի աշխատանքների ամփոփման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ժամկետները երկարացրեց ևս մեկ տարով` նշելով. «Շատ շուտով կհստակեցվի Համահայկական բանկի բիզնես ծրագիրը, որի հաստատումից հետո այն կարող է սկսել իր գործունեությունը: Կարծում եմ՝ եթե ոչ այս տարվա վերջին, ապա 2011 թ. սկզբին բանկը կսկսի գործել, սակայն դեռ այն գումարներով, որոնք ներդրել է Հայաստանի Հանրապետությունը»:

Համահայկական բանկի նախնական կապիտալը հայտարարված է 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (մոտ 30 մլրդ դրամ), Հայաստանն իր կողմից ներդնելու է 20 մլն դոլարի չափով:

Հայաստանի կառավարության 20-տոկոսանոց մասնաբաժնից բացի, բանկի հիմնադիր կդառնան նաև համաշխարհային առաջատար կազմակերպություններ և մասնավոր ներդրողներ:

Ըստ «Կապիտալ» օրաթերթի` Ջավադյանի խոսքով՝ արդեն բանակցություններ են վարվում տարբեր ֆինանսական կառույցների հետ ապագայում բանկում մասնակցություն ունենալու նպատակով:

Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է. հիմնադիրներն են համարվում ԿԲ-ն և Հայաստանի Հանրապետությունը:

Քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտները նույնպես կարող են լինել բանկի հիմնադիր կամ մասնակից: Բայց հարկ է նշել, որ բանկի վրա չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը:

Բանկի գործունեության նկատմամբ վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համահայկական բանկի կողմից օրենքների, օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումների դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է նրան ուղղելու նամակ-պահանջագրեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման՝ դրանցում նշված ժամկետներում ու պայմաններով: Դրանք չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

Բանկը գործում է Համագործակցության և զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) ընդունած կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան:

Համահայկական բանկը հիմնականում զբաղվելու է Ազգային մրցունակության խորհրդի կողմից նախանշված ծրագրերի ֆինանսավորմամբ: Հատկանշական է, որ հայերի կողմից արտասահմանում իրականացվող նախագծերը նույնպես կարող են ֆինանսավորվել:

Հայաստանի ազգային մրցունակության խորհուրդը (ՀԱՄԽ), որը նախագահում է ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը, ստեղծվել է 2007 թ. նոյեմբերի 8-ին ըստ ՀՀ կառավարության № 1324-Ա որոշման: ՀԱՄԽ-ի նպատակն է տեղական և գլոբալ շուկաների ուսումնասիրությունների արդյունքում տեղեկացված ընտրություն կատարել Հայաստանի ազգային մրցունակությունը բարձրացնելու համար: Նշված միջոցառումները լավագույն մեխանիզմներ են առաջարկում պետական և մասնավոր հատվածի համագործակցության (PPP) խթանման և ժամանակի մարտահրավերներին  պատասխանելու համար: ՀԱՄԽ-ն է ստանձնում բանկի վերահսկողությունը մինչև բիզնես ծրագրի ընդունումը և բանկի կառուցվածքային ձևավորումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի կառավարությունը միջազգային երկու կազմակերպություններ է վարձել, որոնցից մեկը մեզ համար Համահայկական բանկի բիզնես ծրագիր է մշակում, իսկ երկրորդը զբաղված է գործադիր տնօրենի ընտրության հարցով:

ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Հայկ Կիրակոսյանը հաղորդեց, որ ներկայումս Համահայկական բանկի գործադիր տնօրենի ընտրությամբ զբաղվում է Egou Zehnder աշխարհահռչակ ընկերությունը, իսկ բանկի գործարար ծրագրի մշակմամբ զբաղվում է զարգացման գծով մասնագիտացած իսպանական մի ընկերություն. աշխատանքները եզրափակիչ փուլում են:

Ջավադյանը դեռևս հոկտեմբերի վերջին ասել էր, թե առաջիկա օրերին կնշանակվի Համահայկական բանկի ղեկավարը: Տնօրենի անունը, սակայն, մինչ օրս չի հաղորդվել:

ՀՀ կառավարության` օտար ընկերություններին վարձելու որոշումը կապված է այն խնդրի հետ, որ այսօրինակ բանկն իր բնույթով աննախադեպ է, ինքնատիպ, ինչի ոլորտում հայկական ընկերությունները, ցավոք, փորձ չունեն:

Ինքնատիպ է նախ այն, որ բանկի գործունեությանը պետությունն է մասնակցում: «Մենք նոր ինստիտուտ ենք ստեղծում պետական մասնակցությամբ,- հայտարարել է Ջավադյանը բանկի մասին օրինագծի քննարկման ժամանակ (2008 թ. դեկտեմբերի 24):- Մենք չունենք պետական մասնակցություն Հայաստանի որևէ բանկում: Հիմա պետությունը մասնակցում է հսկայական ներդրումով»:

Այս առումով հարկ է նշել, որ դեռևս իր վարչապետության տարիներին` 1990-1991թթ.,   Վազգեն Մանուկյանն էր ակնարկել նմանօրինակ բանկի գաղափարի մասին. Փարիզում պետք է գրանցվեր բանկ, որի հիմնադիրները պետք է հանդիսանային Հայաստանի կառավարությունը և մեծահարուստ սփյուռքահայերը Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից:

Նորաստեղծ բանկի մյուս կարևոր առանձնահատկությունը կապված է բանկային գործունեության առանձնահատուկ տեսակի հետ, որը տարբերվում է Հայաստանում գործող այլ բանկերի գործունեությունից: Օրինակ` Համահայկական բանկը բնակչությունից ավանդներ չի ընդունում և քաղաքացիներին վարկեր չի տրամադրում:  Հետևաբար ենթադրվում է, որ Համահայկական բանկն ավելի մեծ կամ ռազմավարական ծրագրեր է ֆինանսավորելու: Համար մեկ սկզբունքն, այս առումով, ըստ Ջավադյանի, այն է, որ բանկը պետք է ներդրումներն իրականացնի միայն շահութաբեր ծրագրերի մեջ:

Մյուսը. «Բանկերի ու բանկային գործունության մասին» ՀՀ օրենքով ահմանված տնտեսական նորմատիվները չեն վերաբերում Համահայկական բանկին: ԿԲ-ն է իր իրավական որոշումներով է սահմանում այդ նորմատիվները, դրանց չափերը և Համահայկական բանկի այլ ընթացակարգերը:

Ասվել է, որ բանկը գործելու է առևտրային բանկերին հավասար, բայց դրանց հետ չմրցելու սկզբունքով:

Համահայկական բանկի այդ հատուկ պայմաններն անհավասար մրցակցային դաշտ են ստեղծում Հայաստանում գործող այլ բանկերի համար: Այդպիսով թերևս խախտվում է Ջավադյանի նշած երկրորդ սկզբունքը, այն է` «բանկը ՀՀ-ի տարածքում չպետք է մրցի առևտրային բանկերի հետ»: Այդպես այն արդեն հակասում է նաև «Համահայկական բանկի մասին» օրենքով սահմանված մրցունակ ներուժի ձևավորման առաքելությանը: Եթե ԿԲ-ն է Բանկի հիմնադիրը, ուրեմն, ենթադրվում է, որ հիմնադիրն իր շահերով կորոշի բանկի գործառնման պայմանները:

«Համահայկական բանկը կվնասի մյուս բանկերին»,- անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող Համահայկական բանկի ստեղծման նախագծին` հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նաև հարցականի տակ է դնում «համահայկական» բառը. «Սա պրիմիտիվիզմ է. համահայկականը պետությունն է։ Նման բաներին պիտի վերջ տանք, որ պետություն դառնանք»,- հավելել է Հրանտ Բագրատյանը։

Ինչպես գիտենք, հայկական աշխարհի ստեղծման գաղափարի իրագործումը ՀՀ կառավարության, անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ռազմավարական փիլիսոփայության գլխավոր մասն է կազմում: Ենթադրվում է, որ Հայաստանի ու Սփյուռքի գործակցությամբ ստեղծվող համահայկական ցանցերը դառնալու են հայկական այդ աշխարհի հիմնասյուները:

Դեռևս 2009 թ. փետրվարի 10-ին Ազգային մրցունակության հիմնադրամի խորհուրդը որոշել էր սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կմշակեր սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցության մեխանիզմները` հայկական աշխարհի մրցունակության բարձրացման նպատակով:

«DigiTec Business 2009» ֆորումի բացման ժամանակ, հայտարարելով Համահայկական ցանցի` կառավարության գերակա ծրագիր լինելու մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի հնարավորինս արագ հայկական տարբեր տիպի ցանցերի ստեղծմանը, որպեսզի դրանք լինեն սոցիալական, տնտեսական, ինչպես նաև ֆինանսական և  տեղեկատվական բնույթի:

Ենթադրվում է, որ Համահայկական բանկը լինելու է կառավարության հովանու ներքո գործող հայկական ֆինանսական գլխավոր ցանցը: «Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ ոչ միայն ֆինանսական, այլև բիզնես շրջանակների ներկայացուցիչներին, մասնակցել բանկի կայացման գործին»,- հայտարարել է Արթուր Ջավադյանը:

Բանկի նպատակն է ապահովել Ազգային մրցունակության խորհրդի ռազմավարության ներքո համահայկական նշանակության նախագծերի ֆինանսավորումը, մասնավորապես` նախագծեր, որոնք պարունակում են նորարար տարրեր և իրականացվում են աշխարհի ցանկացած կետում համահայկական ցանցի անդամների կողմից: Եվ բանկի երկարաժամկետ նպատակն է հզոր տեղեկատվական ցանցի վրա հիմնված գործարար կապերի ստեղծումը: Ապագայում բանկը լինելու է նորարարության, նոր արտադրանքներ, նախագծեր, չափորոշիչներ, կադրեր տարածող և ֆինանսավորող ինստիտուտ:

Դիտվել է 2101 անգամ:
Print Friendly

Leave a Reply