Երկու տարի հետո Հայաստանում հնարավոր կլինի քաղցկեղը բուժել անհատական եղանակով
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | November 25, 2010 16:00
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքները, որոնք սկսվել են երկու տարի առաջ, արդեն մտել են գործնական փուլ: Օրերս կառավարությունում բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել «Ցիկլոտրոն 18/18» պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ:
Այդ սարքը տարածաշրջանում եզակի է լինելու: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ նման սարքավորում հարևան երկրներից կա Թեհրանում, Մոսկվայում և Ստամբուլում:
Սարքի միջոցով արտադրվելու են ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոիզոտոպներ: Իզոտոպը, արյան մեջ ճառագայթելով, ցույց է տալիս ուռուցքը և վիրահատության ընթացքում օգնում վիրաբույժին կողմնորոշվելու:
«Սարքավորման առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա միջոցով հնարավոր է անցկացնել անհատականացված բուժում,- ասում է «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները:- ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս ամեն հիվանդի համար կոնկրետ բուժման եղանակ ընտրել: Դրանով է այն հայտնի դարձել աշխարհում ու արագ տարածում գտել զարգացող երկրներում»:
Ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը: Այս ձեռնարկն էկոնոմիկայի և առողջապահության նախարարության և Ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիր է:
«Եվրոպայում, Ամերիկայում և զարգացած երկրներում զարգացածության մակարդակը չափվում է նաև նման կենտրոնի առկայությամբ, քանի որ դա պատկերացում է տալիս առողջապահության որակի մասին»,- ասում է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա ներկայացմամբ՝ իզոտոպների արտադրությունը կսկսվի մոտ երկու տարի անց, որից հետո այն հնարավոր կլինի նաև արտահանել, իսկ կենտրոնի ստեղծումը պահանջում է 3.5-5 տարի, որը կիրականացվի երկու փուլով: «Բայց եթե մասնավոր ներդրումներ լինեն, այդ աշխատանքները կարագացվեն», -ասաց նախարարը:
Կենտրոնի ստեղծման համար Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տարածքում 10 հազար քմ տարածք է հատկացվելու, կհայտարարվի մրցույթ ներդրումային ծրագրերի համար:
Երկու նախարարություններում հաշվարկել են, որ հիվանդի համար ծառայությունը կարժենա 1200-1300 դոլար: Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանն ասաց, որ քաղցկեղի բուժման համար Հայաստանից տարեկան 600 մարդ է մեկնում արտերկիր` ծախսելով անհամեմատ մեծ գումարներ, քանի որ վճարում է ոչ միայն բուժման, այլև ճանապարհի և գիշերակացի համար: «Սակայն դեռ կան մարդիկ, ովքեր այլևայլ ճանապարհներով գնում են Եվրոպա և հանձնվում, որովհետև այդ բուժումն անվճար է»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը:
Առողջապահության գործունեության գնահատման բաժնի պետ Դիանա Անդրեասյանն «Անկախին» ասաց, որ Հայաստանում տղամարդկանց մոտ գերակշռում է թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի մարմնի ու վզիկի քաղցկեղը:
2009 թ. դրությամբ Հայաստանում գրանցված է նորագոյացություններ ունեցող 36971 հիվանդ, որի տեսակարար կշիռը ընդհանուր հիվանդությունների մեջ կազմում է 4 տոկոս: 2008 թ. այդ թիվը կազմել է 35920 հիվանդ:
Երիցյանի կարծիքով` կենտրոնի ստեղծումը կարող է նպաստել նաև առողջապահական ոլորտում ապահովագրական ծառայության ներդրմանը: «Եթե քեզ համար հասանելի դառնա բարձրարժեք առողջապահական ծառայությունը, որի համար տարեկան կարելի կլինի վճարել, ասենք, 100 դոլար, ինչո՞ւ չկիրառել,- ասաց նա,- միջազգային փորձը դրան է տանում»:
Ցիկլոտրոնի ձեռքբերման համար 5 մլն եվրո վարկ ձեռքբերելու պայմանագիր է կնքվել բելգիական «ՔեյԲիՍիԷնՎի» բանկի հետ: Վարկի մարման ժամկետը 11 տարի է, երեք տարի արտոնյալ պայմաններով, 0 տոկոս տոկոսադրույքով:






Facebook
Tweet This
Email This Post
