Յակով Պապյան. «Կոմիտասի քառյակն իմ տունն է»
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | նոյեմբերի 29, 2010 0:55
Այդ մասին նա չի մոռանում նշել ամեն առիթով ու ասում է, որ իրեն առաջին անգամ նկատել է Արամ Խաչատրյանը: «Ինչո՞ւ այդ ալտահարին ես մինչև հիմա չգիտեմ»,- հարցրել է Արամ Խաչատրյանը: «Դե, եթե Խաչատրյանն ասում է այդ խոսքն իմ մասին, նշանակում է, որ ես ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում»,- ասում է 70-ամյա Յակով Պապյանը, որ 15 տարի՝ 1976-1991 թթ., եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահարը:
Միջազգային ու խորհրդային մրցույթների բազմակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Յակով Պապյանն այսօր Միացյալ Նահանգներում է՝ Լոս Անջելեսում, որտեղից էլ հարցազրույց է տալիս «Անկախին»:
Պապյանը պատմում է, որ ընտանիքում երաժշտության հանդեպ հակում է ունեցել մայրը, ով լավ է իմացել հայկական ազգային-գեղջկական երգերի նրբերանգներն ու իրեն էլ ուղղորդել է մասնագիտության ընտրության հարցում:
Պապյանի երաժշտական կրթությունը սկսվում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից և ավարտվում Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայով: Նա ալտ նվագող միակ հայ երաժիշտն է, որ սովորել է այնտեղ:
Հեռու աշխարհամասից Պապյանը շարունակում է վերհիշել իր անցած ուղին ու նշում Մարտին Մազմանյանի անունը, ում առաջարկությամբ էլ ընտրել է ալտը(մեծ ջութակ):
Նրա ընկերներից Վիտալի Ավանեսովը, որ նույնիսկ չի հիշում, թե երբ է սկիզբ առել իրենց ընկերությունը, մտաբերում է, որ երիտասարդ տարիներին, երբ բոլորը ձգտում էին զվարճությունների, Պապյանը մտածում էր պարապելու մասին: «Նրա համար լավ նվագելը միջակություն էր,- ասում է Ավանեսովը,- նա ուզում էր նվագել միայն գերազանց»:
Ուսումնառությունից հետո սկսվում է երաժշտի աշխատանքային գործունեությունը. Բաշկիրիայի արվեստի ինստիտուտ, Նիժնի Նովգորոդի Գլինկայի անվան կոնսերվատորիա…
Երբ Պապյանը 1974 թ. դառնում է Կոմիտասի անվան քառյակի ալտահարը, խումբն արդեն ձևավորված մշակույթ ու ավանդույթներ ուներ, որոնց ազդեցության տակ էլ կրթվել է ժամանակի սերունդը:
Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է 1924 թ. Մոսկվայի կոնսերվատորիայի մի խումբ ուսանողների մտահղացմամբ. Ավետ Գաբրիելյան (առաջին ջութակ), Լևոն Օհանջանյան (երկրորդ ջութակ), Միքայել Տերյան (մեծ ջութակ) և Սերգեյ Ասլամազյյան ( թավջութակ): 1932 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակն անվանակոչվել է Կոմիտասի անվամբ:
Պապյանը շատ բարձր է գնահատում Ասլամազյանի ու Գաբրիելյանի դերը քառյակի պատմության մեջ. «Ես Կոմիտաս լսել եմ Ասլամազյանի կատարմամբ,- ասում է նա,- Սարգիս Ասլամազյանն ու Ավետ Գաբրիելյանը կես դար շարունակ զարգացրին Կոմիտասի քառյակն ու հասցրին համաշխարհային մակարդակի: Իմ բախտը բերել է, որ առիթ եմ ունեցել սովորելու քառյակի առաջին ալտահարի մոտ, իսկ երկրորդ սերունդը, այսինքն` մենք, պահպանեցինք ժառանգած մշակույթն ու ձեռք բերված բարձրությունը»:
1976 թ. ձևավորվում է քառյակի նոր կազմ՝ Էդվարդ Թադևոսյան, Հակոբ Մեքինյան, Յակով Պապյան, Ֆելիքս Սիմոնյան: Պապյանը քառյակում մնում է մինչև 1991 թ.: Այդ 15 տարիների ընթացքում հայ երաժշտարվեստը հարստանում է ալտի կատարման հարուստ հավաքածուով: Ալտի համար գրվեց ժամանակակից երաժշտություն, որը չկար մինչ այդ: Ալտահար Պապյանի համար տարբեր հեղինակներ (Ալեքսանդր Հարությունյան, Էդգար Հովհաննիսյան և այլք) գրել են յոթ սոնատ, երկու կոնցերտ և մեկ զուգերգ:
Պապյանը եղել է առաջին ալտահարը, որ ելույթ է ունեցել մենահամերգներով: «Հայաստանի ձայնադարանում պահպանվող ալտի կատարումներն իմն են,- ասում է Պապյանը,- ինձնից առաջ եղել է մեկ-երկու կատարում, ինձնից հետո՝ չի եղել»:
1994 թ. անվանի ալտահարը ստեղծում է եռյակ Հրաչյա Հարությունյանի և Անահիտ Ներսիսյանի հետ միասին, սակայն երբ երկու դուստրերն ամուսնանում են Միացյալ Նահանգներում, կինն էլ այնուհետև մեկնում է նրանց մոտ, ինքն էլ 1996 թ. միանում է նրանց:
Մյուս աշխարհամասում Պապյանը զբաղվում է ակտիվ գործունեությամբ: Նա համերգներ է ունենում Իսպանիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, որտեղ նաև վարպետության դասեր է վարում: Հետո ստեղծում է «Ամառուս» լարային քառյակը: Նա 2003 թ. Արամ Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ մշակում և լարային քառյակների համար փոխադրում է 17 հատված «Գայանե», «Սպարտակ» բալետներից և «Դիմակահանդես» դրամայից: Դրանք 2006 թ. ձայնագրում է Կոմիտասի քառյակը:
Ամերիկյան «ճանապարհից» Պապյանն առանձնացնում է միջնադարյան շրջանի հինգ տաղերի մշակումը թավջութակի քառյակի համար, որոնք այս օգոստոսին առաջին անգամ հնչել են Բեվերլի Հիլզում և մեծ հաջողություն ունեցել: Այժմ Պապյանը գրում է երաժշտություն դուդուկի և թավջութակի քառյակի համար:
Այս ընթացքում ալտահարը երկու անգամ է եղել հայրենիքում՝ 2004 թ. և 2006 թ.: Բավարարվա՞ծ է արդյոք նա իր անցած ստեղծագործական ուղուց: «Այն մարդը, ով կասի, թե բավարարված է, ուրեմն որպես ստեղծագործող մեռած է և ոչինչ չունի այլևս ասելու»,- ասում է Պապյանը:





Facebook
Tweet This