Մետեորիզմ (որովայնի փքում, ակտիվ գազառաջացում)

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 27, 2010 0:50

Մետեորիզմը աղիքներում գազերի կուտակումն է, որն արտահայտվում է որովայնի փքումով,  անհարմարության (դիսկոմֆորտ) զգացումով, ինչպես նաև բխկոցով ու զկրտոցով: Մետեորիզմը բարդ ու վտանգավոր հիվանդություն է համարվում, հաճախ անհարմարության ու ճնշվածության պատճառ դառնում:

Մետեորիզմի առաջացման պատճառներից է ոչ ճիշտ ընտրված սնունդը (դժվարամարս ածխաջրերով հարուստ մթերքի օգտագործումը, ինչը աղիներում խմորվում է), գազավորված ըմպելիքի օգտագործումը, սնունդն ու հեղուկը արագ կամ էլ մեծ ումպերով ու պատառներով ընդունելը, ուտելու ժամանակ խոսելը, քիմքի, ատամների ու քթի  ձևախախտումը, որոշ մթերքի  նկատմամբ անընկալությունը (կաթնաթթվային անբավարարություն, երբ օրգանիզմը պարզապես չի մարսում կաթնաշաքարը` լակտոզան), հաճախակի փորկապությունները (դանդաղեցնում են սննդի անցումն աղիներով` մեծացնելով  սննդի խմորման և գազի կանգի հավանականությունը):

Ախտանշաններն են` բխկոցը, որովայնի փքումը, որովայնի խոռոչի շրջանում ցավի ու անհարմարության զգացումը:

Դրա համար պետք է չափավորել գազ առաջացնող մթերքի քանակը, որոնցից են ընդեղենը (լոբի, սիսեռ ևն), կաղամբը, սոխը, մրգերից` տանձը, խնձորն ու դեղձը, ամբողջահատիկ ցորենը, թեփը, ոչ ալկոհոլային ու մրգային ըմպելիքները, կաթն  ու կաթնամթերքը, ինչպես նաև պաղպաղակն ու պանիրը, լակտոզա պարունակող մթերքը, հացն ու ձավարեղենը: Հարկ է հնարավորինս շատ հեղուկ ու արգանակ խմել, բացառել գազավորված ըմպելիքները, գարեջուրն ու սոդայաջուրը (դրանք ավելի են ուժգնացնում խմորման գործընթացը): Ըմպելիքներից  գազը կարելի է հանել   դանդաղորեն բաժակի կամ էլ բաժակից բաժակ լցնելով: Հրաժարվեք ծամոնից, կոշտ քաղցրավենիքից ու ծխախոտից: Շատ կարևոր է բերանի խոռոչի հիգիենան (եթե մանավանդ արհեստական ատամներ կան):  Կարելի է վիճակը մեղմացնող դեղորայք  ընդունել (սիմետիկոն կամ ակտիվացրած ածուխ), բայց եթե տառապում եք մշտական մետեորիզմից կամ էլ նոպաներ եք  ունենում, որոնք ուղեկցվում են փորացավով ու քաշի կորստով, դիմեք բժշկի: Հետազոտության արդյունքում պարզ կդառնա մետեորիզմի իսկական պատճառը (կարող է լեղաքարային հիվանդություն լինել), որից հետո  երբեմն նշանակվում են թուլացնող միջոցներ, որոնց շնորհիվ լավանում է աղիքների  ակտիվությունը:

Մետեորիզմի առաջացման պատճառները բազմազան են. այն կարող է առաջանալ նաև նորածնի մոտ, կյանքի առաջին իսկ օրերից և լինել անկատար մարսողական համակարգի կամ էլ դրա խախտման հետևանք: Չբավարարող ֆերմենտների պատճառով  թերմարս սնունդը մղվում է մարսողական տրակտի ներքին հատվածներ` ակտիվացնելով նեխման ու խմորման գործընթացները, ինչն էլ հանգեցնում է գազառաջացման: Ֆերմենտային համակարգը կարող է  խախտվել ինչպես  սննդի հաշվեկշռի խախտման, այնպես էլ մարսողական տրակտի վերին բաժինների տարբեր հիվանդությունների հետևանքով (գաստրիտ, պանկրեատիտ, խոլեցիստիտ, հեպատիտ): Մյուս պատճառը հաստ աղիքի միկրոֆլորայի խախտումն է: Նորմալ է համարվում, երբ գազերի մեծ մասը կլանում են աղիներում բնակվող մանրէները, և երբ խախտվում է գազառաջացման ու  գազասպառող օրգանիզմների  հավասարակշռությունը, առաջանում է մետեորիզմ: Մեկ այլ պատճառ է աղիների շարժողական ակտիվության անկման հետևանքով առաջացած աղիների առաձգականության կորուստը, որը հիմնականում  որովայնի խոռոչում կատարված այս կամ այն վիրաբուժական միջամտության հետևանք է: Հիմնականում նման վիրահատություններից հետո կորչում է աղիների շարժունակությունը, ինչի հետևանքով կրկին սննդի խմորման ու նեխման գործընթացն ուժեղանում է, իսկ գազառաջացումը` ակտիվանում: Գազերը կուտակվում են  գրեթե անշարժ աղիքում` դառնալով նոպաների պատճառ:

Նյարդային ու զգացմունքային ապրումները նույնպես, աղիքի հարթ մկանի կծկման հետևանքով, կարող են առաջացնել գազակուտակում ու փորացավ: Շատերը սովորություն ունեն ուտել շատ արագ, առանց գործից կտրվելու: Այս ոչ ճիշտ սովորության պատճառով սննդի հետ  մեծ քանակով օդ է կուլ գնում,  դրա հետևանքով օրգանիզմում ոչ ճիշտ ֆերմենտներ են մշակվում, և սնունդը, մարսվելու փոխարեն, ենթարկվում է խմորման, ինչն էլ ավելորդ գազառաջացման պատճառ է դառնում: Չի կարելի նաև երկար նստել կծկված դիրքով կամ էլ  ուտելուց հետո ծալապատիկ նստել ցածր բազմոցին, դա էլ է նպաստում գազերի ու  որովայնի շրջանում ծակծկոցների  առաջացման:

Հետաքրքիր է իմանալ

Գիտենք, որ աղիքներից գազերը դուրս են մղվում «բաց թողնելով»: Ի դեպ` գազանման արգասիքների  մեկանգամյա արտանետման մեջ պարունակվում է 59% ազոտ, 21% ջրածին,9% ածխաթթու գազ, 7%  մեթան, 4% թթվածին:«Կրակոցի» պահին գազերի ջերմաստիճանը հասնում է 98,6 աստիճանի` ըստ Ֆարենհայթի: Արագությունը կազմում է 3 մետր/վրկ: Մարդու աղիքների կենսագործունեության հետևանքով  օրական  գոյանում է մոտ մեկուկես լիտր գազանման արգասիք, այս «ոլորտում» կանանց ու տղամարդկանց միջև կատարյալ հավասարություն է: Տհաճ հոտն առաջանում է ծծմբաջրածնի հետևանքով, կնշանակի որքան շատ ենք ուտում ծծումբով հարուստ մթերք (ձու, սխտոր, սոխ, լոբի, կաղամբ, պանիր), այնքան ուժեղ է արձակվող գազի հոտը:
Մարդկանց մեծ մասն օրական «բաց է թողնում» մոտավորապես 14 անգամ: Օրգանիզմից գազերի դուրսմղումը կատարվում է նույնիսկ մարդու մահից հետո էլ: Բաց են թողնում ինչպես շներն ու կատուները, այնպես էլ կրիաները,  օձերը և մնացած սողունները: Որոշ էկոլոգներ հավատացած են, որ աղիքների կենսագործունեության հետևանքով առաջացած գազային արտանետումները, մյուս բոլոր արտանետումների նման (տրանսպորտ, գործարան), շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում, իսկ գլոբալ տաքացման հիմնական պատճառներից  մեկն էլ համարում են  կովերի աղիքների «գազային արտանետումները»:

Դիտվել է 13237 անգամ:
Print Friendly

Leave a Reply