Ինչի՞ վրա է հույսը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 1, 2010 13:44

Երևանի «Հատիսը» բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում հյուրընկալել էր Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին: Մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում կայացած այդ խաղում մեր երկրի ներկայացուցիչները զիջեցին մրցակցին:

Կատարվածը փոքր ողբերգություն կարելի է համարել, քանի որ «Հատիսն» այս մրցաշարում  երրորդ խաղն անցկացրեց և երրորդ պարտությունը կրեց: Ընդ որում, «Հատիսի» ղեկավարությունը փորձել էր ուժեղացնել թիմի կազմը, հրավիրվել էին Խորվաթիան ներկայացնող բասկետբոլիստուհի Իվանա Պոդրուգը և ամերիկուհի Օլիմպիա Սքոթը:

Իսկ Նովոսիբիրսկի  թիմը Երևան Էր ժամանել առանց  հիմնական կազմի 4 խաղացողների: Նրանց փոխարինում էին  երիտասարդական տարիքի բասկետբոլիստուհիները: Ընդհանուր թվով երևանյան հանդիպմանը հայտավորվել էր ընդամենը10 խաղացող` նախատեսվածից երկուսով պակաս: Բայց դա էլ չօգնեց, որ տանտիրուհիները կարողանան հաջողության հասնել:

Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկում կայացած խաղում «Հատիսն» այս թիմին պարտվել էր 50:79 հաշվով: Իսկ սեփական հարկի տակ մերոնք խաղի հիմնական ժամանակն ավարտեցին  հավասար արդյունքով` 85:85 (23:29, 18:30, 26:12, 18:14): Իսկ ահա, մրցավարի կողմից ավելացված 5 րոպե խաղաժամանակում 14:5 հաշվով հաղթեցին հյուրերը և մրցամարտն էլ գրանցեցին իրենց օգտին` 99:90 հաշվով:

Սովորաբար ասում են, որ տանը պատերն էլ օգնում են: Սակայն  ո՛չ պատերը, ո՛չ էլ մրցավարները, որոնք ակնհայտորեն բարեհամբույր էին  հյուրընկալողների նկատմամբ, ոչինչ չկարողացան փոխել: Ընդ որում,  զարմանալիորեն «Հատիսը» չկարողացավ հաջողության նժարն իր կողմը թեքել, քանի որ, անգամ պարտվելով 22 միավորի տարբերությամբ, վերականգնել էր հաշվի հավասարակշռությունը և նույնիսկ խաղավարտից երեք րոպե առաջ գերազանցել (81:80):

Ի դեպ, մերոնց պարտվելու պատճառների մասին տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվում: Եվ վարկածներից մեկն էլ այն է, որ ոչ-ոքի ելքի համար գրավախաղերի կազմակերպիչները մեծ գործակիցներ են սահմանել, և դա հայտնի էր մրցավարներին, բոլորին: Ընդ որում, հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ, նաև Ռուսաստանի բասկետբոլիստուհիների հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Սոկոլովսկին հայտնեց, որ ինքը մեծ դժգոհություն կհայտներ մրցավարությունից, եթե իր թիմը պարտվեր: Նա նշեց նաև, որ հայկական ակումբում մեծ թվով լեգեոնականներ են խաղում, սակայն նրանց խանգարել է այն հանգամանքը, որ միմյանց հետ հանդես գալու փորձի պակաս ունեն: Ասվածը մեղմ կարելի է համարել: Մասնավորապես, լեգեոնականներից Իվա Սերդարը և Իվանա Պոդրուգը խաղահրապարակում 5 և 8 րոպե անցկացրին: Նրանցից առաջինը  թիմին ոչ մի միավոր չբերեց, իսկ երկրորդը «պարգևեց» ընդամենը երկու միավոր: Մտածելու առիթ կա, քանի որ այդ խաղացողները մեծ գումարներով են հրավիրվել  պաշտպանելու հայկական թիմի պատիվը: Ստացվում է, որ այդ  փողը նպատակային չի ծախսվել:

Ինչ վերաբերում է «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանին, ապա նա այն կարծիքին է, որ  իր թիմն այս  մրցաշրջանի ամենալավ խաղն է անցկացրել, սակայն պարտվել է, քանի որ չի կարողացել չեզոքացնել հակառակորդի թիմի երկու խաղացողների` Շինա Մոշի և Աննա Դաբովիչի գրոհները, ովքեր երկուսով 68 միավոր են վաստակել: Ասվեց, որ «Հատիսից» Օլիմպիա Սքոթը խաղից առաջ թունավորվել է, հանդիպումն անհասկանալի պատճառով թույլ է անցկացրել Ամանդա Ջեքսոնը: Մարզիչն ինքն էլ չգիտի, թե ինչ է լինելու հետագայում, սակայն հույս ունի, որ անգամ նոյեմբերի 25-ին Իսրայելում տեղի «էլիտզուրին» պարտվելուց հետո մի չնչին հույս կմնա, որ «Հատիսը» կշարունակի պայքարը: Թե ում է պետք այդպիսի շարունակությունը, երբ կայացած թիմ չունենք, անհասկանալի է:

Դիտվել է 2191 անգամ:
Print Friendly

Leave a Reply