Երբ անհասկանալին շատ-շատ է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 28, 2010 9:00

Վերջերս Ռոտերդամում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությունում ունեինք մեկական մրցավար, մարզիչ ու մարզիկ: Թե ինչու էր այդպես, հարցրինք այդ մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

– Մրցաշրջանը մոտենում է ավարտին, փող չկար, ֆինանսների խնդիր էր: Առնվազն կարող էինք այդպիսի պատվիրակությունով ներկայանալ մրցավայր: Առաջնությանը մասնակցելու համար անպայման պետք է մրցավար ունենալ: Մարզիկին էլ առնվազն մեկ մարզիչ պետք է ուղեկցեր: Ես կատարում էի մրցավարի պարտականություն, մարզիչը Սոս Սարգսյանն էր, իսկ մրցելույթ ունցավ Հարություն Մերդինյանը: Եթե մրցավար կամ մարզիչ չտանեինք, ապա ստիպված կլինեինք տուգանք վճարել: Նժույգաթափերում Մերդինյանը 246 մարզիկների պայքարում 7-րդ արդյունքով (15,333) մտել է եզրափակիչ և ի վերջո գրավել է 6-րդ տեղը`15,175 միավոր: Ընդ որում, չեմպիոն դաձած հունգարացի Քրիստիան Բերկիի (15,833) և մեր մարմնամարզիկի ցույց տված միավորների տարբերությունն այնքան էլ մեծ չէր: Այնպես որ, Մերդինյանի ցուցանիշը շատ լավ է: Եթե նա մի փոքր սխալ թույլ չտար, ապա մրցանակակիր կդառնար: Ընդ որում, եզրափակիչ մրցումներում մեր մարզիկը  վերջինն էր կատարում վարժությունները, սակայն նրա բոլոր մրցակիցներն էլ լավ հանդես եկան: Հարությունը հնարավորություն ուներ զբաղեցնելու 3-րդ տեղը: Այդ տեղը գրավեց 15,55 արդյունք ցույց տված մարմնամարզիկը: Իսկ Հարությունի  վարժությունների կատարման բարդությունը 16,4 միավորից է: Այսինքն, եթե մեր մարզիկն արժանանար 15,6 միավորի, պարգևի կտիրանար:

Բավարար միջոցների դեպքում հնարավո՞ր է, որ Հայաստանից այլ մասնակիցներ էլ լինեին:

– Մենք հավաքական ունենք, որը կարող էր մասնակցել նաև թիմային պայքարին: Վահագն Ստեփանյանը փորձառու, միջազգային ստուգատեսների բովով անցած մարմնամարզիկ է: Արթուր Դավթյանը երիտասարդ, հեռանկարային մարմնամարզիկ է և այս տարի նժույգաթափերում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Վահագն Դավթյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրեն լավագույնս դրսևորեց և օղակների վրա վարժություններում 4-րդն էր: Վահան Վարդանյանը Սինգապուրում կազմակերպված պատանեկան առաջին օլիմպիական խաղերից առաջ համապատասխան վարկանիշ էր լրացրել, իսկ այդ ստուգատեսի բազմամարտիկների պայքարում 8-րդն էր:

Հայաստանի մարմնամարզիկների համար կարելի՞ է մրցաշրջանն ավարտված համարել:

– Առջևում օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարն է: Այն մեկնարկելու է դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Միջազգային այս ստուգատեսին մասնակցելը ձեռնտու է այն առումով, որ միայն պետք է հոգալ ճանապարհածախսը, մյուս խնդիրները կազմակերպիչներն են լուծում: Բոլոր միջոցները կօգտագործվեն, որպեսզի հնարավորինս շատ մասնակիցներ գործուղենք այդ ստուգատեսին: Շուրջ երեք տասնյակ  երկրների պատվիրակներ կարողությունները կփորձեն այդ սուգատեսում: Հայաստանի ներկայացուցիչները միշտ էլ հանդես են եկել այդ ավանդական մրցաշարում:

Մեր երկրի պատվիրակությունը մե՞ծ է լինելու:

– Հայաստանից հրավիրվել է 8 մարդ: Քանի որ ծախսերը կազմակերպիչներն են հոգում, այդ հարցն էլ իրենք են վճռում: Երկուական մարզիկ հանդես կգան մեծահասակների և երիտասարդների մրցաշարում: Մնացածը կլինեն մարզիչներ և մրցավարներ:

Արդեն հայտնի՞ է, թե ովքեր են ուղևորվելու մրցավայր:

– Մեծահասակ մարմնամարզիկները Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն են, իսկ երիտասարդների մրցաշարին հավակնում է մասնակցելու 6 մարմնամարզիկ: Պետք է ընտրություն կատարվի: Ի դեպ, սա մարմնամարզության միակ միջազգային մրցաշարն է, որում աչքի ընկած մարմնամարզիկների մարզիչներին էլ հավասար պարգևավճար են հանձնում:

Մե՞ծ է այդ գումարի չափը:

– Բազմամարտի հաղթողը, եթե չեմ սխալվում, 30 հազար ռուբլի է ստանալու: Իսկ բազմամարտի առանձին մրցաձևերի մրցանակակիրների համար կարող եմ ավելի ստույգ հայտնել: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար ստանալու են 10 հազար, 8 հազար, 6 հազար ռուբլի:

Անցյալ տարի մերոնք ինչպե՞ս են մասնակցել մոսկովյան մրցաշարին:

– Արթուր Դավթյանը հենացատկերում երկրորդն էր մեծահասակների պայքարում: Երիտասարդների մրցավեճի մասնակից Վահան Վարդանյանը նժույգաթափերում առաջինն էր, իսկ ազատ վարժություններում` երկրորդը:

Այս անգամ սպասելիքներ կա՞ն:

– Այնպիսի մարզիկների ենք  մրցասպարեզ հանելու, ովքեր լուրջ հավակնություններ կարող են ունենալ մեդալների համար պայքարում: Մերդինյանը նժույգաթափերում աչքի ընկնելու հնարավորություններ ունի, իսկ Արթուր Դավթյանը` հենացատկերում: Սակայն մեր երկու մարմնամարզիկներն էլ պետք  է բազմամարտիկների մրցումներին մասնակցեն, և ոչ միայն նրանք: Հայաստանի հավաքականը թիմային մրցումների է մասնակցելու: Ի դեպ, անցյալ տարի թիմային հաշվարկով մեր երկրի ներկայացուցիչները 4-րդն էին: Բայց մեր նկատմամբ անարդարացի եղան: Բանն այն է, որ ամեն երկիր պետք է մեկ թիմով մասնակցեր: Իսկ եթե որևէ երկիր մեկից ավելի թիմ էր մրցասպարեզ հանել, պետք է հաշվարկից դուրս հանդես գար: Եվ ստացվեց այնպես, որ առաջին տեղը գրավեց Ճապոնիայի, երկրորդ տեղը` Ռուսաստանի ազգային, երրորդը`  Ռուսաստանի «Դինամո» ակումբի հավաքականը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաջորդ` ոչ մրցանակային տեղը գրավեց: Սակայն կազմակերպիչներն իրենք էին իրենց իրավունք վերապահել որոշելու, թե հաշվարկն ինչպես պետք է կատարվի:

Կարելի՞ է ասել, որ 2010-ի մրցաշրջանը Հայաստանի մարմնամարզիկների համար հաջող էր:

– Այնպիսի արդյունքներ են արձանագրվել, որոնք 20 տարի առաջ էինք ունեցել: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հենացատկերում հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում:

– 2011-ին ի՞նչ փորձություններ են սպասում մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներին:

– Փաստորեն,  օլիմպիական խաղերի վարկանիշային ստուգատես է անցկացվելու: Ամեն ինչ բարդացել է: Վարկանիշային է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում  հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը: Սակայն դրանով ամեն բան չի սահմանափակվելու: Իսկ նորությունն այն է, որ 2012-ի հունվարին օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում կայանալու է  վարկանիշային ևս մեկ մրցաշար, և աշխարհի առաջնությունում իրենց լավագույնս դրսևորած մարմնամարզիկները պետք է կրկին փորձեն ապացուցել իրենց բարձր կարգը: Առայժմ անհասկանալի է, թե ինչպես են ընտրվելու արժանավորները` այն մարմնամարզիկները, որոնց իրավունք է վերապահվելու հանդես գալ օլիմպիական խաղերում: Անգլիայի մայրաքաղաքում կայանալիք  վարկանիշային  միջազգային մրցաշարում  թիմային պայքարում առաջին 8 տեղերը գրավողներն իրավունք են ստանալու ամբողջ կազմով մասնակցելու օլիմպիական խաղերին: Այդպիսի պատվի են արժանանալու բազմամարտի առանձին մրցաձևերում 1-3-րդ տեղերը գրավողները: Փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչպես է կատարվելու բազմամարտիկների ընտրությունը: Բարձր արդյունք ցույց տված բազմամարտիկները հրավիրվելու են մասնակցելու թեստային մրցումների: Այդ առումով բարդություններ են ծագելու:

Ի՞նչը նկատի ունեք:

– Փաստորեն, նոր մրցումներ են ավելանալու: Եվ մենք պետք է ֆինանսներ ունենանք, որպեսզի կարողանանք համապատասխան ծախսեր կատարել, նախապատրաստվել և մասնակցել այդ մրցումներին: Բացի այդ, ինքս մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախագահին հարցրել եմ, թե քանի մարմնամարզիկ կարող ենք մրցասպարեզ հանել այդ մրցումներում, և նա դժվարացավ հստակ պատասխանել: Օրինակ` անորոշ է, թե Տոկիոյում կայանալիք մրցաշարում  ամեն մարմնամարզիկ քանի մրցակցի հետ է ուժերը չափելու և ինչպիսի արդյունք պետք է ցույց տա, որ առաջադրանքը կատարած համարվի: Զարմանալին այն է, որ մարզիկը կարող է բազմամարտի  որևէ մրցաձևում առաջին տեղ գրավել և վարկանիշ լրացնել, սակայն պետք է պարտադիր հանդես գա ևս երկու մրցաձևում: Ընդ որում, հստակ չի ասվում, թե ինչ արդյունք է պահանջվում: Խնդիրն այն է, որ նա պետք է  ցույց տա ընդհանուր մասնակիցների կեսի միջին արդյունքի առնվազն 85 տոկոսը: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ցուցանիշը, հայտնի չէ: Ի դեպ, հնարավոր է` արդյունքները բարձր լինեն, նաև ցածր լինեն: Այնպես որ անկարելի է ասել, թե մարմնամարզիկն ինչպես պետք է հանդես գա, որ նպատակին հասնի: Ստացվում է, որ միայն այդ մրցումների ժամանակ պարզ կդառնա, թե մարմնամարզիկը բազմամարտի մյուս երկու մրցաձևերում ինչպիսի արդյունքներ պետք է ձգտի ցույց տալ: Սա է նորությունը, և իմ կարծիքով` այն հիմարություն է:

Խիստ չե՞ք ասում:

– Բանն այն է, որ ոչինչ էլ պարզ չէ:

Հնարավոր է, որ դա արվում է, որպեսզի ավելի մեծ թվով մարմնամարզիկներ իրենց կարողությունները փորձեն:

– Ընդհակառակը` մասնակիցների թիվը կկրճատվի: Աշխարհի վերջին առաջնությանը  7 տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ հանդես եկան: Բոլոր երկրները կարող էին թիմային պայքարին մասնակցել: Բայց  Տոկիոյում կայանալիք հաջորդ ստուգատեսին արդեն կարող է 24 թիմ մասնակցել, և վերջ: Մյուս երկրների ներկայացուցիչները  երեք մարմնամարզիկից ավելի մրցասպարեզ հանելու իրավունք չունեն: Նույն կարգավիճակում է նաև Հայաստանի հավաքականը: Եթե այս տարի  թիմով մասնակցեինք աշխարհի առաջնությանը, 24 լավագույնների թվում հայտնվեինք, ապա հաջորդ տարի իրավունք կունենայինք  այդ ստուգատեսում 6 մարմնամարզիկի մրցասպարեզ հանել:

Այդպիսի հնարավորություն չունեի՞նք:

– Ունեինք, բայց փող չկար մասնակցելու համար: Ինքս հաշվարկ կատարել եմ: Եթե անգամ միջին հնարավորություններով մասնակցեինք աշխարհի առաջնությանը, ապա թիմային հաշվարկով կհայտնվեինք 20-21-րդ տեղերում: Ընդ որում, հաշվարկել ենք այն արդյունքները նկատի ունենալով, որոնք մեր մարզիկները ցույց են տվել միջազգային ստուգատեսներում:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply