Սոֆյա Բաբայան.«Աղքատ… երեխայոց ծնողք զբաղված են հացի խնդրով…»:
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | ankakh | November 27, 2010 9:00Արևելյան Հայաստանում առաջին հայկական մանկապարտեզը բացելու պատիվը պատկանում է Սոֆյա Բաբայանին
Սոֆյա Բաբայանը (օրիորդական ազգանունը` Բայանդուրյան) ծնվել է 1855 թ. Թիֆլիսում, վաճառականի ընտանիքում: Ստացել է ռուսական կրթություն, սովորել է տիկ. Ֆավրի պանսիոնում: Օրիորդ Սոֆյա Բայանդուրյանը նշանվում է երիտասարդ բժիշկ և հասարակական գործիչ Ավետիք Բաբայանի հետ, որը պայման է դնում նշանածի առջև. իրենց հարսանիքը կկայանա միայն այն ժամանակ, երբ Սոֆյան լիակատար կտիրապետի մայրենի լեզվին:
Օրիորդին մասնավոր պարապմունքներ տալու համար հրավիրվում են Սրբուհի Երիցյանը և Ռ. Ջալալյանը: Իսկ տիկ. Ժաբան պարապում է գերմաներեն: Երկու տարի անց` 1874 թ., երբ Սոֆյան արդեն լիուլի յուրացրել էր մայրենի լեզուն, հայոց պատմությունն ու գրականությունը, տեղի է ունենում պսակադրությունը, և ամուսնական զույգը մեկնում է Գերմանիա: «Ամուսինս` բժիշկ Ավետիք Բաբայանը, ավարտելով բժշկական ակադեմիան, առիթ էր ունեցել գալ Եվրոպայի զանազան քաղաքները և կանգ առնելով Գերմանիա` հետաքրքիր էր եղել ֆրեոբելյան մանկական պարտեզը,- հետագայում գրում է Սոֆյա Բաբայանը Ստ. Լիսիցյանին:- Այդ հիմնարկությանը այնքան էր հավանել, որ որոշել էր, որ յուր ապագա ամուսինը նվիրվի մանկավարժական այդ ճյուղին և տարածի այդպիսին հայրենիքում»:
Ահա Գոթա քաղաքում Ս. Բաբայանը դառնում է Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայի ուսանողուհի, որի ղեկավարն էր մանկավարժ Ավգուստ Քյոհլերը: Երկու տարի անց նա ավարտում է դասընթացը` ստանալով մասնագետ պարտիզպանուհու վկայական: Այնուհետև կատարելագործվում է Վիեննայում: Այդ տարիներին նա նախադպրոցական մանկավարժությանը և ֆրեոբելյան տեսությանը նվիրված հոդվածներով թղթակցում էր «Դպրոց» ամսագրին և «Մեղու Հայաստանի» լրագրին:
1876 թ. Ս. Բաբայանը Ռաֆայել Պատկանյանի միջոցով հրավեր է ստանում ստանձնելու Նոր Նախիջևանում Հակոբ Խլըտճյանի ծախսերով (նրա կնոջ հիշատակին) բացվելիք մանկապարտեզի ղեկավարությունը: Բաբայանը պատասխանում է, որ անկարող է ընդունել այդ հրավերը, սակայն խորհուրդ է տալիս այդ գործը լավագույնս կազմակերպելու համար Թիֆլիսի Գայանյան դպրոցի հաջող աշակերտուհիներից մեկին գործուղել Գոթա` ուսանելու նախադպրոցական մանկավարժություն, և խոստանում է իր կողմից ամեն կերպ աջակցել նրան:
1877թ. Գերմանիայից վերադառնալուց հետո Սոֆյա Բաբայանը նախ փորձում է իր գիտելիքները ներդնել ծխական դպրոցների սկզբնական դասարաններում: Գայանյան դպրոցը սիրով ընդառաջում է նրան, և նա մեկ տարի շարունակ այս դպրոցի ցածր դասարաններում վարժուհիների ներկայությամբ, որպեսզի նրանք իրենից հետո շարունակեին այդ գործը, կիրառում և ցուցադրում է ֆրեոբելյան խաղերը: 1880 թ. արդեն նա բացում է իր ընտանեկան մանկապարտեզը 8-10 երեխաների համար: Մի քանի ամիս անց երեխաների թիվը հասնում է 60-70-ի: Բաբայան ամուսինները դիմում են կովկասյան ընդհանուր տեսուչ Յանովսկուն, ապա կաթողիկոսին, և մանկապարտեզը Գայանյան ծխական դպրոցի նախակրթարանի կարգավիճակ է ձեռք բերում: «Մեր մանկական պարտեզն այցելում էին ոչ միայն մանուկները, այլև նրանց մայրերը, շատ անգամ դասամիջոցներին նրանց հայտնում էի մեր երազները ժողովրդական մանկական պարտեզի մասին, այդ տիկնայք և օրիորդները ոգևորվում էին և իրանց կողմից ամենայն աջակցություն խոստանում: Վերջապես մի երեկո ժողով կազմեցինք մեզ մոտ: Ես առաջարկեցի այդ տիկնանց իմ ուժերի և գիտցածիս չափ դասախոսել իրանց ֆրեոբելյան մանկական պարտեզի թեորիան, իսկ գործնականը ամեն օր տեսնում էին մեր մանկական պարտեզում: Ամուսինս հայտնեց, որ ամենայն ուրախությամբ կդասախոսի իրանց մանկական հասակի առողջապահությունը: Ահա այսպես կազմվեց ֆրեոբելյան ընկերությունը»,- պատմում է Ս. Բաբայանը:
Սոֆյա Բաբայանի մանկապարտեզի հետ է կապվում Ղազարոս Աղայանի անունը, որը 1882-1883 ուսումնական տարում ստանձնում է մայրենի լեզվի դասատուի գործը: Իր իսկ գրողի խոստովանությամբ, Բաբայանի մանկապարտեզի գոյությանն ենք պարտական իր մանկական երկերի երևան գալու համար: 1878-1882 թթ. Ղ. Աղայանն աշխատում էր Շուշիի դպրոցում, որտեղից վերադառնում է «ջարդված ու հոգնած» (պահպանողական ուժերի տևական հալածանքների հետևանքով), մտադիր առհասարակ հեռանալ մանկավարժական ասպարեզից և մեկուսանալ գյուղում: «Բայց բանն այնպես եղավ, որ ես փոխանակ մի մութ գյուղ ընկնելու, ընկա մի բանաստեղծական աշխարհ, մի երկնային դրախտ, ուր ինձ փայփայում էին անմեղ հրեշտակները և գլուխս զարդարում անթառամ ծաղիկներով: Այդ երանելյաց աշխարհը տիկին Սոֆյա Բաբայանցի մանկական դրախտն էր»,-գրում է գրողը իր «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրությունում: Նա երջանիկ պատահականությամբ հանդիպում է Ավետիք Բաբայանին, որը հրավիրում է աշխատելու մանկական պարտեզում: «…Սոֆյայիս հարկավոր ես դու, որ ազգային–ժողովրդական տարր մտցնես նրա պարտիզի մեջ, ազգային ծաղիկներ բուսցնես: Նրա մոտ դու ապահով կլինես թե՛ նյութապես և թե՛ բարոյապես»,- համոզում է Ավետիքը:
Աղայանն օրական աշխատում էր երկու ժամ` գրագիտություն սովորեցնելով սաներին: Մնացած ժամանակը տրամադրում էր մանկական բանաստեղծություններ հորինելուն, որպեսզի զբաղեցնի նրանց: «Գրում էի մանկական երգեր և տալիս տիկին Սոֆյային, որ այնպես էր ուրախանում, ինչպես մի նոր գյուտ արած: Ինձանից ծածուկ էր սովորեցնում երեխաներին և պատվիրում էր, որ ինձ չասեն, մինչև լավ չպատրաստվեին: …Սկսվում էր մի ներկայացում, դուրս էր գալիս մի հրաշալի պատկեր, և ես չէի հավատում, որ այդ պատկերն իմ նկարածն է, այնքա՜ն գեղեցկացրած էր լինում տիկինը և կենդանացրած: Այսօրվանից հետո ահա ես գլխովին նվիրվեցի մանկական գրականության, որոնք տպագրվեցին «Աղբյուրում» մի քանի տարի շարունակ»: Աղայանը խոսում է իր բարեբախտության մասին, իսկ թե որքանով էր բախտը ժպտացել մանկապարտեզի սաներին, կարելի է երևակայել` հետևելով Ս. Արղության-Երկայնաբազուկի հուշերին: «Եվ ահա այսօր, երբ այդ օրվանից անցել է մոտ հիսունհինգ տարի, իմ աչքի առաջ կենդանի կանգնած է քառասունհինգ տարեկան այդ խոշոր տղամարդ-մանուկը` իր բոլոր շարժումներով, իր` միայն մանուկներին հատուկ պարզ ու անմիջական դիմագծերով: Նա մանուկների հետ շուրջպար էր կազմում և նրանց պես պպզում ու կանգնում, երգում էր, ուրախանում, ծափ էր տալիս ու ախ քաշում… Պետք էր տեսնել, թե ինչպես նա նույնացել էր մանուկների հետ, հասկանալու համար, թե որքան մեծ և հարազատ մանկավարժ էր նա: Եվ ես հիացած նայում էի նրան և սովորում ու սովորում էի նրանից…»:
Ֆրեոբելյան ընկերությունը բավականաչափ գումար կուտակելուց հետո որոշում է Զրկինենց եկեղեցուն կից բացել անդրանիկ ժողովրդական մանկապարտեզը, որի կառավարչուհու պաշտոնը ստանձնում է Գայանե Հովհաննիսյանը, որպես օգնական վարժուհի ընտրվում է Գ. Ջանյանը: Մանկական պարտեզի բացումը տեղի ունեցավ 1882 թ. մարտի 14-ին: Մամուլը ջերմորեն ընդունեց այս նոր հաստատության մուտքը` բարձր գնահատելով Ֆրեոբելյան ընկերության անդամների ջանքերը:
Զրկինենց մանկական պարտեզի բացումը նշանավորվեց նաև այն հանգամանքով, որ այդ օրն առաջին անգամ կանանց սեռի ներկայացուցիչը հանրության առջև հանդես եկավ հրապարակային ելույթով: Խոսքը Սոֆյա Բաբայանի բացման ճառի մասին է, որով նա ներկայացրեց մանկապարտեզի հիմնադրման և Ֆրեոբելյան ընկերության ստեղծման հանգամանքները, ծանոթացրեց հանրությանը Ֆրեոբելի տեսությանը, բացատրեց մանկական պարտեզների նշանակությունն ու կարևորությունը ապագա սերնդի կրթության խնդրում, ցույց տվեց, որ նախադպրոցական հաստատությունների գաղափարը խորթ չէ հայ հանրությանը` հիշելով «վարպետի ուսումնարանների» մասին և այլն: Նա շեշտեց հատկապես, որ մանկական պարտեզի հաստատությունը կենսական նշանակություն ունի մանավանդ աղքատ դասի համար. «Աղքատ դասի երեխայոց ավելի պետք են մանկական պարտեզներ, որովհետև նոցա ծնողք ամբողջ օրեր զբաղված հացի և սննդի խնդրով և ծանր աշխատանքով` բնականաբար մոռանում են իրանց զավակներին, որոնք փողոցի ամենավատթար օրինակներով պիտի կրթվին»:
Հիացմունքից առավել զարմանք է պատճառում այն իրողությունը, թե ինչպիսի գոհունակությամբ, ուղղակի հրճվանքով ընդունվեց մտավորականության շրջանում հայ կնոջ ամբիոն բարձրանալը: «…Թեև պատվելի տիկինը համեստաբար հայտնեց ամբիոնին իր անսովոր լինելը, բայց նա այնքան գեղեցիկ, պարզ, առանց շփոթվելու, հավասար ու հաստատ ձայնով խոսեց, որ կարող էր պատիվ բերել ամեն մի եվրոպական ատենաբանի: Մենք այդ օրն առաջին անգամ տեսանք հայ տիկնոջը ամբիոնի վրա խառն բազմության առաջ խոսելիս… Հայ կինը և հասարակական ամբիոնը: Ո՞ր հայ մարդու սիրտը չէր բաբախի այդ տեսարանից: Հայ կինը անվախ, համարձակ բարձրանում է ամբիոնի վրա և խոսում է այնպիսի մի նյութի վրա, որպիսին մանուկների դաստիարակությունն է»,- գրում էր հանդեսի ականատես Րաֆֆին:
Զրկինենց մանկական պարտեզի հետ կապված մի սրտառուչ պատմություն կա, որ արժե հիշատակել: Զրկինենց եկեղեցու դռան մոտ միշտ մի ծերունի մուրացկան է կանգնել` Գորի գավառից եկած աղքատ Գոգին (Ծյուրիկաշվիլի): Տարիների ընթացքում հավաքած ողորմություններից 85-ամյա ծերունին 200 ռ. գումար է հավաքել: Մահվանից առաջ հաղորդվելով` նա այդ գումարի կեսը կտակել է Զրկինենց մանկական պարտեզին, մնացած կեսը թողել է իր թաղման ծախսերի համար: Նա բացատրել է, թե այդպես է վարվում, քանի որ շատ է զգացվել, երբ տեսել է, թե ինչպես է կրթարանի հոգաբարձությունը հոգ տանում իր նման աղքատ մարդկանց երեխաների համար, ինչ խնամք է տանում` սնելով, հագցնելով, ուսումնական պիտույքներով ապահովելով ու կրթելով երեխաներին: Կրթարանի հոգաբարձությունը հանդիսավոր հոգեհանգիստ է կազմակերպել հանգուցյալ ծերունու հիշատակին:
Թե՛ Ֆրեոբելյան ընկերությունը, թե՛ Զրկինենց ժողովրդական մանկապարտեզը երկար կյանք չունեցան: Մինչ ընկերության անդամները հույսը չէին կտրում, որ կհաջողեն միջոցներ հայթայթել և մանկական պարտեզներ բացել նաև քաղաքի ուրիշ թաղերում, 1885 թ. բոլոր ծխական դպրոցների հետ միասին փակվեց նաև Զրկինենց եկեղեցուն կից մանկական պարտեզը: «Դրանից հետո դեռ էլի սպասում էինք, թե միգուցե մեր ուսումնարանները բացվեն, բայց երբ հույսը կտրեցինք, մեր համեստ գումարը տիկ. Մարիամ Փրիդոնյանի գանձապահության ժամանակ նվիրեցինք Հայուհյաց բարեգործական ընկերությանը: Այդ կերպ փակվեց մեր Ֆրեոբելյան ընկերությունը, որ այնպիսի ոգևորությամբ սկսել էր յուր գործունեությունը»,- տարիներ անց դառնորեն գրում է Ս. Բաբայանը:
Բայց չավարտվեց առհասարակ նախադպրոցական կրթության տարածման, մանկական պարտեզների վարժուհիների դասընթացների կազմակերպման գործը: Սոֆյա Բաբայանի աշակերտուհիներից մեկը` տիկ. Տեր-Մարտիրոսյանց դարձած Նատալյա Հովհաննիսյանը, ամուսնանալով և տեղափոխվելով Ալեքսանդրապոլ, այստեղ բացում է մանկական պարտեզ: Ստույգ հայտնի է, որ Երևանում առաջին մանկապարտեզն է բացում ընկերության մյուս ներկայացուցիչը` Գայանե Հովհաննիսյանը: Նրա շնորհիվ նաև Պոլիս թափանցեցին ֆրեոբելյան գաղափարները` նոր դարագլուխ բացելով Արևմտահայաստանի կրթության պատմության մեջ:
Գոլիցինյան ռեակցիայի տարիներին Բաբայանների ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, Փարիզ: Ավետիք Բաբայանը մահացել է 1913 թ., Սոֆյան` 1940 թ.: Նրանց երեք դուստրերը մեծ հաջողությունների են հասել արվեստի բնագավառում: Արմենուհի Բաբայան-Կարբոնելին հայտնի նկարչուհի էր, Մարգարիտ Բաբայանը և Շուշանիկ Բաբայան-Լալուան` դաշնակահար-երաժշտագետներ:
Ա.Հարությունյանի «Երևելի տիկնանց դարը» գրքից (Եր. 2005)







Facebook
Tweet This
Email This Post
