Թե ինչ եղավ, երբ վարորդն իր ուղևորներին կեսճանապարհին թողեց

ԷՍՍԵ | | November 25, 2010 14:16

Նոյեմբերյան ցուրտ երեկո, դրսում անթափանց խավար, Լճաշենում բախտի քմահաճույքին մնացած 18 ուղևոր ու իր պատասխանատվությունից հրաժարված վարորդ. ձախորդ օրվա ավելի «լավ» ամփոփում հնարավոր էլ չէ պատկերացնել:

Ամեն ինչ սկսվեց Հյուսիսային ավտոկայանից: Չնայած սնահավատ չեմ, բայց  ներքին ձայնն ինձ հուշում էր, որ այդ երեկո Մարտունի չպետք է գնամ: Վաղուց պլանավորած այցս Մարտունի, չգիտես ինչու, վերջին պահին չէի ուզում իրագործել: Իսկ երբ դեպի ավտոկայան գնալիս սև կատու անցավ  դիմացից, սկսեցի մտածել. «Գուցե իրո՞ք պիտի չգնամ»: Ինքս ինձ խոստացա. եթե գնամ և երթուղային միկրոավտոբուսում նստելու տեղ չլինի, ո՛չ աթոռակին կնստեմ, ո՛չ էլ հաջորդին կսպասեմ, շտապ տուն կվերադառնամ:

Բայց խոստումս չպահեցի: Դիսպետչերի գովասանքները, թե «մի նայի, որ  փոքր աթոռ ա, փափուկ ու հարմար ա» ու նաև հարազատներիս կարոտը ստիպեցին, որ դառնամ 15 տեղանի երթուղայինի 18-րդ ուղևորը: Վճարեցի 1200 դրամը և դժվարությամբ տեղավորվեցի փայտյա «փափուկ» աթոռակի վրա:

Դիսպետչերը մեզ բարի ճանապարհ մաղթեց, ու ճանապարհ ընկանք:

Ճանապարհը հենց սկզբից լի էր տհաճ անակնկալներով: Պարզվեց, որ մեքենայի դուռ ու լուսամուտը կարգին չեն փակվում, ու ամեն կողմից սառը քամի է փչում: Իսկ դիտողությանը, թե պատուհաններից ու դռնից քամի է փչում, վարորդը պատասխանեց. «Իմ մեքենան շատ լավ վիճակում ա, քամի չի կարա փչի»:

Մեքենան շատ դանդաղ էր վարում, ինչը ուղևորները  կապեցին մութ երեկո լինելու  հանգամանքի հետ. «Ոչինչ, մի քիչ ուշ, բայց անփորձանք կհասնենք»: Մեկ ժամ 15 րոպե անց Լճաշենում էինք, մնում էր սառչելու ևս մեկ ժամ 15 րոպե:

Բայց  հանկարծ մեքենան կանգ առավ: «Ռադիատորը ծակվել ա, վինտիլյատորն էլ ծռվել ա»,- հայտարարեց վարորդը մեքենան զննելուց հետո:  Մինչ 18 ուղևորներով միմյանց էինք նայում` փորձելով գուշակել, թե ինչպես ենք վերջնական նշանակետ հասնելու և երբ, վարորդը կոպիտ ու առանց զղջման իսկ նշույլի հայտարարեց. «Ժողովուրդ, խնդալով չի, մեքենան չի սարքվում, ձեր գլխի ճարը տեսեք»:

Իսկ երբ առարկություններ հնչեցին, թե ուղեվարձ ենք վճարել, պատասխանեց. «Փողն ինձ չեք տվել: Գնացեք դիսպետչերից ձեր փողը հետ պահանջեք»:

Սկսեցի մտածել տուն հասնելու հնարավոր եղանակների մասին. մոտակայքում տաքսի չկա, ճանապարհին լուսավորություն էլ չկա մի բան տեսնելու համար, բնակավայրերից բավականին հեռու ենք ու  120 կմ-ոց ճանապարհի ուղիղ կեսին:

Թե ինչպես տուն հասա, դա արդեն կարևոր չէ: Փաստ է, որ 18 մարդու իրավունք ոտնահարվեց, որոնք մնացին բաց դաշտում` ճանապարհին:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է. «Փոխադրողը պարտավոր է ապահովել` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին, սանիտարական նորմերին և տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով) փոխադրումների իրականացում»:

Նույն օրենքի  23-րդ հոդվածում նշվում է, որ «Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաև ոչ փոխադրողի մեղքով կամ այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ և այլն) ուղևորությունը դադարեցվելու դեպքերում ուղևորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղևորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով»:

Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Անկախի» հետ զրույցում նշեցին, որ ուղևորափոխադրում իրականացնող  ընկերությունները  պարտավոր են ունենալ պահուստային մեքենա, որը ճանապարհի կեսին մնացած ուղևորներին տեղ կհասցնի. «Միջքաղաքային փոխադրում է, կատակ բան չէ, ուղևորներին ճանապարհին չեն թողնի»:

Եթե այս կարգը խախտվում է և ուղևորներին ճանապարհի կեսին են թողնում մեքենայի փչանալու դեպքում, նախարարությունը կամ տրանսպորտային տեսչությունը, սակայն,  չի կարող իմանալ այդ մասին: «Բայց եթե մարդիկ թեժ գծին ահազանգեն, ստուգումներ կկատարվեն, որ մեքենան տվյալ ժամին դուրս է եկել մի կետից, բայց ժամանակին մյուս կետ չի հասել, համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,- պատասխանեցին  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադառնալով երթուղայինների տեխնիկական վիճակին` նախարարությունից նշեցին, որ մրցույթում հաղթող է ճանաչվում ներկայացված առաջարկներից լավագույնը, սակայն «հաճախ նաև  այլ մեքենաներ են օգտագործում, կամ ով գիտի` 4 տարվա մեջ այդ մեքենաներն ինչ վիճակի են հասնում»:

Այդուհանդերձ, մրցույթի ժամանակ, ըստ կառավարության որոշման, գնահատվում են  ներկայացված մեքենաների արտաքին տեսքը, ապակիների վիճակը, ուղևորասրահի կահավորումը:

Նախարարությունից հավաստեցին, որ պարբերաբար ստուգումներ են կատարվում և բացահայտված թերությունների դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

Ըստ ՀՀ տրանսպորտային տեսչության եռամսյակային հաշվետվությունների` այս տարվա 9 ամսիների ընթացքում տրանսպորտային տեսչությունը վերահսկողական ստուգումների արդյունքում բացահայտել է խախտման  2625 դեպք, տույժ-տուգանքների վճարումներից պետբյուջե է մուտքագրվել 16 մլն դրամ:

Հ.Գ.

Երևան-Մարտունի երթուղային գիծը սպասարկող «Արսմաշ-Ավտո» ՍՊԸ-ից այս դեպքի հետ կապված բացատրություն ստանալ չհաջողվեց, քանի որ ընկերության հետ կապի որևէ տվյալ չգտնվեց:

Փոխարենը` Մարտունու դիսպետչերը բացատրեց, թե «Էդ խլամ մարշուտկան ուղարկել եմ Երևան ու ասել, որ գծից հանեն: Թե չէ ձմռանը ճանապարհին կփչանա, մարդիկ կսառչեն»:

Ես էլ վերջապես հասկացա. ներքին ձայնին լսել է պետք:

Դիտվել է 3158 անգամ:
Print Friendly

Leave a Reply