Կանոնակարգվում է դեղերի արտադրության ոլորտը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 25, 2010 14:00

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները։ Սահմանվել է, որ արտադրական գործունեության հավաստագիրը տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա և դեղերի պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու իրավասություն տվող միջազգային համապատասխան հավատարմագիր ունեցող կազմակերպության կողմից։ ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն միջազգայնորեն ընդունված եղանակներով միջազգային կառույցներում հավատարմագրելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից։ Դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել մինչև 2012թ. հունվարի 1-ը։

Այսօրվա նիստում  կառավարությունը հաստատել է

– ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը. այս գործակալությունը ստեղծվել է նախարարության աշխատակազմի երկրաբանական և կոնցեսիոն գործակալությունների միաձուլման և վերակազմակերպման միջոցով,

– Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը,

– ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,

– «Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը,

– Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքում նման տեղեկանքներ տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա։

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» NN 1219-ն և 1489-ն որոշումների մեջ, նկատի առնելով անցած ժամանակահատվածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրատարակած նոր ստանդարտները, մոտեցումներն ու ցուցանիշները, որոնց կիրառումով կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացումը։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։  ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եռօրյա ժամկետում քննարկել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետ առաջարկվող փոփոխությունների համապատասխանության հարցը։

Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձան «Կարմրավոր» եկեղեցու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների հողերից  1019 քառակուսի մետր մակերեսով հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, «Կարմրավոր» եկեղեցու` որպես հոգևոր պաշտամունքային կառույցի, իր նշանակությամբ լիարժեք օգտագործումն ապահովելու նպատակով։

Համապատասխան որոշումներով կառավարությունը Լոռու մարզի Լեռնապատի, Բերդի, Նեղոցի, Սյունիքի մարզի Դարպասի, Նոր Աստղաբերդի, Գեղիի, Վայոց Ձորի մարզի Սալլիի գյուղական, Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքներին հնարավորություն է տվել հողերի կատեգորիան փոխելու միջոցով կառուցել արտադրական կամ կենցաղային նշանակության կառույցներ։

Գործադիրը թույլատրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման գործառույթների իրականացման նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ` ԱՎԾ-ին Իտալիայի կառավարության կողմից որպես դրամաշնորհ տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար, իսկ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման շրջանակում դոնոր երկրներից և կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզային գործակալությունների վարչական շենքերի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 2010թ. չորրորդ եռամսյակում հատկացվել է 11 մլն 543 հազար դրամ։

ՀՀ 2010թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 38 մլն 400 հազար  դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` «Արմավիրի բժշկական կենտրոն» և «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համար բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից մատուցված տեղեկատվական ծառայությունների դիմաց վճարելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 3մլն 438 հազար դրամ։

Մեկ այլ որոշմամբ նախարարությանը գումար է հատկացվել Խարբերդի մանկատան բարեկարգման, գույքի ձեռքբերման, Երևանի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

Գրասենյակային գույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար 2 մլն 500 հազար դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին։

Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի մահվան հանգամանքով պայմանավորված` համայնքի ղեկավարի լիազորությունները կառավարությունը համարել է վաղաժամկետ դադարեցված, նշանակել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը հատկացրել համապատասխան ֆինանսական միջոցներ։

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply