Երեւանում կավելացվի բիոզուգարանների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 11:22
Երեւանում գործում է 35 հասարակական զուգարան, որից շուրջ 20-ը տեղադրվել է այս տարվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւան քաղաքում հասարակական զուգարանների տեղակայմամբ զբաղվող «Սեկաշ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Կակոսյանը, գալիք տարվա ընթացքում նախատեսվում է եւս 50 կետերում տեղակայել երկուական բիոզուգարան: «Մենք նախատեսում ենք տարեցտարի ավելացնել բիոզուգարանների թիվը:
Եկող տարվա ընթացքում Երեւանում երկու բարձրակարգ եւ թանկարժեք զուգարան կտեղադրվի, որից հետո քիչ-քիչ կավելացվի նաեւ դրանց թիվը»,-ասաց Գ. Կակոսյանը` հավելելով, որ այդ բարձրակարգ զուգարաններն աշխատում են ավտոմատացված համակարգով, դրանց մաքրության եւ այլ տեխնիկական հարցերում մարդկային միջամտությունը գրեթե բացակայում է, սակայն դա չի նշանակում, որ բարձրակարգ զուգարաններից օգտվողները ստիպված կլինեն ավելի բարձր գին վճարել: «Գնային փոփոխություն չի լինի»,-հավաստեց Գագիկ Կակոսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից բավականին լուրջ եւ համալիր ծրագիր է իրականացվում հասարակական վայրերում զուգարանների տեղադրման համար` ե’ւ օրենսդրական լուծումներով, ե’ւ ներդրումների առումով:
«Օրենքով պարտադիր պայման է սահմանվել բոլոր բենզա-գազալցակայաններում հասարակական զուգարանների ծառայություն ունենալը` վճարովի կամ անվճար: Կարծում եմ` վճարովի տարբերակն ավելի ճիշտ է»,-ասաց Մ. Ապրեսյանը` հավելելով, որ իրենք խնդիր ունեն մասնավոր հատվածին եւս ցույց տալու, որ զուգարանների տեղակայմամբ զբաղվելը գործուն ծրագիր է եւ կարող է նաեւ որպես շահութաբեր բիզնես ծառայել:






Facebook
Tweet This
Email This Post
