Շարունակվում է խորհրդարանական պատվիրակության այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 11:06
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:
Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարեւորելով շփումների եւ փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով եւ նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել եւ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարեւոր համարեց նաեւ տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ բարեմաղթանքները: ԱԺ նախագահը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց երկու երկրների նախագահների փոխայցերով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն եւ հայ ժողովրդի գոյատեւումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ եւ իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը եւ բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը եւ խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն եւ խաղաղություն, քանի որ պատերազմները որեւէ երկրի եւ ժողովրդի, բացի մարդկային եւ նյութական կորուստներից, որեւէ օգուտ չեն բերել:
Կողմերը քննարկեցին փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:
Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր:
Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ եւ բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարեւոր համարեց ԱԺ նախագահի այցը Սիրիա սիրիահայկական համագործակցության խորացման համատեքստում: Նա նշեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցությունը կարեւոր նախադրյալ է երկրի զարգացման եւ առաջընթացի գործում: Նա ԱԺ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները եւ ձեռքբերումները: Սիրիայի վարչապետը անհրաժեշտ եւ կարեւոր համարեց տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը կարեւորեց տնտեսական համագործակցության խորացումը եւ նշեց, որ այս ոլորտում փոխգործակցության չօգտագործված մեծ ներուժ կա, քանի որ նման քաղաքական ջերմ հարաբերություններ ունեցող երկրների միջև ապրանքաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալները դեռևս գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա: Նա վստահություն հայտնեց, որ գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ եւ անհրաժեշտ է խթանել տնտեսության տարբեր ճյուղերում կոնկրետ ծրագրերի իրականացումը, գործարար շփումների ակտիվացումը եւ բիզնես ֆորումների անցկացումը:
Նրա խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություններ է ընձեռում հաջողությամբ իրականացնել տնտեսական փոխգործակցությունը: «Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով, և վստահ եմ, որ եղած բարեկամական հարաբերությունների պայմաններում և համատեղ ջանքերով մենք հետագայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի ամրապնդում և կապերի հետագա խորացում», -նշեց ԱԺ նախագահը:
Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հալեպ: Հալեպի օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, Հալեպահայ համայնքապետերը:
Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ պատվիրակության եւ Հալեպի նահանգապետի եւ նահանգային իշխանության անդամների հանդիպումը:
Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները: Հայ խորհրդարանականները այցելեցին տաղավարները, ծանոթացան ներկայացված նմուշներին: ԱԺ նախագահը, ողջունելով ներկաներին, նշեց. «Վստահ եմ, որ այս ցուցահանդեսն ու հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստն իրենց խթանող դերը կունենան երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում:
Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-սիրիական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել առևտրատնտեսական կապերի մասին: Իսկ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ: Այս տեսանկյունից երկու երկրների գործարարները պարտավորված են առևտրատնտեսական հարաբերությունները եւս հասցնել նման մակարդակի: Կարծում եմ` դրա համար բոլոր հնարավորությունները կան, մանավանդ որ, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Սիրիան և մասնավորապես Հալեպը մեզ համար դարձան առաջին շուկաներից մեկը:
Իմ պաշտոնական այցի ժամանակ Սիրիայի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մենք անդրադարձել ենք նաեւ տնտեսական կապերին` երկուստեք փաստելով, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն և այստեղ իր առանձնահատուկ դերակատարությունը պետք է ունենա հայ-սիրիական գործարար խորհուրդը: Ներկայիս երկկողմ ապրանքաշրջանառության` ընդամենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող ծավալները ամենևին չեն համապատասխանում մեր իրական հնարավորություններին: Անհրաժեշտ է միայն իրացնել այդ ներուժը, որովհետեւ, կարծում եմ, գործարարների ու տնտեսավարողների շփումները խթանելու եւ ակտիվացնելու համար երկու երկրներում էլ ստեղծված են անհրաժեշտ բարենպաստ միջավայր եւ իրավապայմանագրային դաշտ և որ շատ կարևոր է, կողմերն ունեն քաղաքական կամք` աջակցելու տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերին ու նախաձեռնություններին:
Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է մեր գործարարների համար` ներկայանալ միմյանց, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ հնարավորություններին, կապեր հաստատել, համագործակցության եզրեր գտնել: Լայն ասպարեզ կա համագործակցել առեւտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, գիտատեխնիկական և ֆինանսաբանկային ոլորտներում: Վստահ եմ, որ այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում համագործակցությունը կդրվի ավելի գործնական հիմքերի վրա»:
Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց Առաջնորդարան, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ ելույթով:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եւ հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցեց մանկատան երեխաների հետ, լուսանկարվեց նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն կատարեց մանկատանը:
Այսօր ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր եւ նույն օրը երեկոյան կվերադառնա Երեւան:






Facebook
Tweet This
Email This Post
