ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Աբխազիան և Հարավային Օսիան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Մարիա Կարաթորոսյան | July 24, 2009 12:53
Ջոզեֆ Բայդեն
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Աբխազիան և Հարավային Օսիան: «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բայդենը` ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում: Նա կոչ է արել նաև համաշխարհային հանրությանը` չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ամբողջովին կատարել ՌԴ-ի և Վրաստանի միջև հրադադարի վերաբերյալ 2008 թ. օգոստոսին ստորագրված համաձայնագրի պայմանները և ռուսաստանյան զորքերը հետ քաշել մինչև զինված հակամարտության սկսվելն զբաղեցրած դիրքերը»,- հայտարարել է Բայդենը:
Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ը այսուհետև էլ աջակցելու է ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտմանը և խորհուրդ տվել Վրաստանին` դռները բաց պահել աբխազների ու օսերի համար: «Մենք պետք է Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչներին ցույց տանք, որ նրանք կլինեն բարգավաճող վրացական պետության, ֆեդերալ կառուցվածք ունեցող պետության ազատ քաղաքացիները»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Գրիգորի Կարասին
Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ Բրյուսելում ասել է, որ Ռուսաստանը ոչ մի պետության վրա ճնշում չի գործադրում` Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն ապահովելու համար:
«Մենք ոչ մեկի չենք աղերսում, ոչ մեկի չենք խնդրում` ամեն գնով ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան, եթե երկրները պատրաստ չեն: Դա նրանց ընտրությունն է»,- ասել է նա:
Կարասինի խոսքով` որոշ ժամանակ անց կյանքը ցույց կտա, որ Անդրկովկասի երկու նոր պետությունները միջազգային ճանաչման և աջակցման կարիքն ունեն, և որ նրանք դա ապացուցել են իրենց կայացվածությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
