Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կադրային փոփոխություններ են սպասվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2010 10:23

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածաշրջանային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների բաժնի պետ Զեյնալ Նաղդալիեւը իր շրջապատում հայտարարել է, որ իր շեֆը՝ Ռամիզ Մեհդիեւը շուտով նշանակվելու է Հեյդար Ալիեւի կենտրոնի ղեկավար, իսկ ինքը նշանակվելու է նրա պաշտոնում:

«Նախագահի աշխատակազմում շուտով լուրջ կադրային փոփոխություն է տեղի ունենալու: Այդ փոփոխության հիմնական հերոսն էլ ես եմ լինելու: Ես շուտով նշանակվելու եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի պաշտոնում: Հարցն արդեն լուծված է, եւ ես սպասում եմ երկրի առաջին դեմքի վերջնական որոշմանն ու համապատասխան հրամանին», -ասել է նա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթի հավաստի աղբյուրը հայտնել է, որ թեեւ գործընթացը գաղտնի է տարվում, Զ.Նաղդալիեւը իր համար հավաքած «ստվերային կաբինետի» ամբողջ կազմին ասել է, որ 2013 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի աշխատակազմն ինքն է ղեկավարելու:

Աղբյուրի խոսքով` Զ.Նաղդալիեւը իր նեղ շրջապատին տեղեկացրել է, որ նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է Հեյդար Ալիեւի` շինարարությունը ավարտին հասնող կենտրոնի ղեկավար նշանակել «նրա անվանը արժանի» մարդու, որն էլ հանդիսանում է նախագահի աշխատակազմի ղեկավարի համար արդեն տարիքն առած Ռամիզ Մեհդիեւը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Զ.Նաղդալիեւին քաջալերող ուժերը հանդիսանում են 2003 թ-ից սկսած քաղաքական օլիմպը նվաճելու ուղղությամբ համբերությամբ, առանց շտապելու, բայց նպատակաուղղված եւ ծրագրված կերպով համառորեն գործող մարդիկ, ովքեր գտնում են, որ հայր Ալիեւի ժամանակ ռազմավարական պետական պաշտոններում նշանակված մարդկանց մեծամասնությունն ավարտել կամ ավարտելու վրա է իր քաղաքական կյանքը. «ղեկավարման վահանակը» պետք է նորացվի, եւ որ այդտեղ «նոր արյուն, նոր շունչ» է պետք մտցնել:

Թերթի այն հարցին, թե ինչքանով է հավանական նախագահի ադիմինիստրացիայի ղեկավարի պաշտոնում Զ.Նաղդալիեւի նշանակումը, «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն ասել է, որ իր կարծիքով` նախագահի աշխատակազմում ներքին իշխանական պայքար է ընթանում, եւ նման տեղեկատվության թափանցումը մամուլ ուղղված է հենց Զ.Մեհդիեւի դեմ:

Նախկին պետական խորհրդական Գաբիլ Հուսեյնլիի խոսքով` Ալիեւների իշխանության ողնաշարը համարվող Ռ.Մեհդիեւի աշխատանքային ներուժը դեռ չի սպառվել, եւ նա դեռ երկար կմնա այդ պաշտոնում, քանի որ, նրա կարծիքով, այսօր իշխող թիմում Ռ.Մեհդիեւին փոխարինող կադր դեռեւս չի աճել: Նախկին վարչապետ Փանահ Հուսեինի կարծիքով էլ` թեեւ Ռ,Մեհդիեւի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռանալը «նշանակալից իրադարձություն» կլիներ, սակայն այն ընդհանուր առմամբ չի կարող փոխել քաղաքական իրավիճակն Ադրբեջանում:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply