Վանաձորցիներն էլ են ՙնեղվում՚ թանկացումներից
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | November 24, 2010 15:51
Մինչ մայրաքաղաքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուշադրությունն առավելապես սևեռվել է պանրի թանկացման վրա, Վանաձորում շուրջ 3 շաբաթ է` զուգընթաց սկսվել է բուսական յուղի ու կարագի թանկացման գործընթացը: Ընդ որում, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դոլարի կուրսը կրկին անկում էր ապրում, իջել էր մինչև 358 դրամ, իսկ սա նշանակում է, որ այդ մթերքների գնի բարձրացումը չէր կարող կապվել դրամի արժևորման հետ:
Վանաձորի վաճառակետերում հոկտեմբերի վերջից մեկ լիտրանոց բուսական յուղի գինը սկսվում էր 700 դրամից, նոյեմբերի սկզբին դարձավ 750, այն դեպքում, երբ դրանից առաջ 600 դրամ էր, երբեմն էլ` 580 (նայած, թե որքանով է դրանց սպառման ժամկետը մոտենում շշերի վրա նշված սահմանագծին): ՙԱսում են` ձեթի գինը 900 դրամ է դառնալու, ին±չ ենք անելու՚,- մտահոգված են մարդիկ: Իսկ այդ մտահոգությունը կարող է իրականություն դառնալ, քանի որ նոյեմբերի սկզբից դոլարի փոխարժեքը կրկին սկսել է բարձրանալ: ՙՄի հատ մինչև դոլարի բարձրացումն են մթերքի գինը բարձրացնում, մի հատ էլ` բարձրանալուց հետո՚,- այլևայլ թանկացումների առնչությամբ նկատում են մարդիկ, ում ՙտառապանքը փորձ ունի՚:
Նորզելանդական կարագի 1 կգ-ը 2000-ից դարձավ 2200 դրամ, ռուսական կարագը` 1100-ից 1400 դրամ, այսպես կոչված ՙէտալոն՚ կարագը, որին ժողովուրդը մարգարին է համարում, 700-ից դարձավ 800, տեղ-տեղ` 900 դրամ:
Վերջին մեկ ամսում բարձրացել է բրազիլական խոզի մսի գինը` 1400-ից դառնալով 1600-1700 դրամ:
Երբ ամառային շրջանում որոշ տնտեսվարողներ հավկիթի գինն իջեցրել էին մինչև 10-15 դրամ, ՏՄՊՊՀ-ն մեծ աղմուկ բարձրացրեց և տուգանեց նրանց` անբարեխիղճ մրցակցության համար: Այդ տուգանքի վնասը տեղական արտադրողները հավանաբար որոշել են սպառողների ՙջանից՚ հանել: Եթե 2-3 շաբաթ առաջ Վանաձորի վաճառակետերում հավկիթի նվազագույն գինը 30 դրամ էր, ապա հոկտեմբերի վերջից սկսած` ՙկուրսը՚ կտրուկ բարձրացել է` 45-60 դրամ: Վաճառողները երբեմն փորձում են համոզել, թե առավելագույն գին ունեցող հավկիթը երկդեղնուցանի է, ինչը տեղում ստուգելը տեխնիկապես հնարավոր չէ: Այսպես կոչվածª ՙտնական՚ հավկիթի գինը դարձավ 70-80 դրամ: Չնայած վաճառողներից ոմանք պարծենում են, թե ՙինչքան հոտած ձվեր կային, էժան գնով ամառը սաղացրին, հիմա թազա պարտիան է եկել, դրա համար էլ թանկ է՚, այնուամենայնիվ, ոչ մի երաշխիք չկա, որ այժմ թանկ վաճառվող հավկիթի ժամկետը չի անցել, քանի որ վրան ոչ մի նշում չկա:
Ինչպես խոստացել էր գյուղնախարարը, կարտոֆիլի գինն էլ է բարձրացել, բայց այս հարցում լուրջ գործոն է մի քանի ձեռքից անցնելու հանգամանքը: ՙԱշխատատեղեր չկան, մարդիկ էլ իրենց համար աշխատատեղ են ստեղծել, առավոտ շուտ գնում են ավտոկայան, մեքենաներից 80-100 դրամով ՙբիրիք՚ առնում, բերում 120-150-200-ով վերավաճառում՚,- նկատում է վանաձորցիներից մեկը: Երբեմն էլ վերավաճառքը տեղի է ունենում մի քանի մետր հեռավորության վրա. 120 դրամով վաճառողից գնում (որն էլ իր հերթին ավելի էժան է ձեռք բերել), մի քանի քայլ ներքև վաճառում են 150 դրամով: Երբեմն էլ վաճառողները փորձում են իրենց պայմանները թելադրել` ՙշատով եմ ծախում՚: Բայց հակառակն էլ է լինում. ՙքչով՚ առնողին են զեղչեր անում, իսկ ՙշատով՚ տանողինª նախապայման դնում (հաշվի առնելով վերավաճառելու գործոնը), ինչի հետևանքով երբեմն ՙռազբորկաներ՚ են տեղի ունենում:
Գյուղմթերքների շուկայում շարունակում է պահպանվել մրգերի բարձր գինը: Մարդիկ իրավացիորեն դժգոհում են, որ այս տարի խնձորի գինը համառորեն չի իջնում, և նվազագույն գինը 250 դրամ է, առավելագույնը` 600: Եթե մեկ տարի առաջ 1 կգ տանձը 100-150 դրամ արժեր, ապա այս տարի 400-700 դրամ է, ինչը, թերևս, պայմանավորված է տանձի քչության հանգամանքով (ի տարբերություն մերձարևադարձային պտուղների): Փաստորեն, Հայաստանում աճեցրած տանձն ու Հարավային Ամերիկայից ներմուծած բանանը գրեթե նույն գինն ունեն, քանի որ բանանի 1 կգ-ը 500-700 դրամ է:
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
