Երևանում անցկացվեց ընտրական օրենսդրությանը նվիրված համաժողով Նոր ԸՕ-ի հարցում կհասնենք լայն քաղաքական կոնսենսուսի
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | November 24, 2010 15:41
Նոյեմբերի 22-23-ին Երևանում անցկացվեց ընտրական օրենսդրությանը նվիրված համաժողով: Կազմակերպիչներն էին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES), ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակները, Եվրոպական Միության պատվիրակությունը Հայաստանում, ՀՀ Ազգային ժողովը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանի ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագիծը և Հայաստանի ընտրական գործընթացները տեղական ու միջազգային փորձագետների տեսանկյունից:
ՙԹե° տեղական և թե° միջազգային փորձագետները բազմիցս են նշել, որ ինչպես գործող, այնպես էլ նախորդ ընտրական օրենսդրությունները բավարար օրենսդրական հիմք են ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Արժեարդյոք այս պայմաններում զբաղվել ընտրական օրենսդրության բարեփոխումներով: Վստահ եմ, որ արժե: Եվ հետևյալ պատճառներով. նախորդ տարիներին մենք բավարար ուշադրություն չենք դարձրել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են ընտրական պրոցեսի մասնակիցների փոխվստահությունը և հասարակության ընտրական կուլտուրայի մակարդակը: Ցավոք սրտի, մենք դեռևս չունենք այն քաղաքական մշակույթը, որ պարտված թեկնածուն արժանապատվորեն ընդունի իր պարտությունը: Որպես կանոն` պարտվածի համար ընտրությունները կեղծված են՚,- բացման խոսքում մասնավորապես նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը միտված քննարկումների անցկացումը կարևոր համարեցին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:
Ինչպես հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նախագիծը մշակած աշխատանքային խումբը սահմանված մեկամսյա ժամկետում` մինչև նոյեմբերի 11-ը, շուրջ երկու տասնյակ առաջարկություններ և դիտողություններ է ստացել քաղաքացիներից և քաղաքական ուժերից: Նա հույս հայտնեց, որ այս, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվելիք քննարկումների արդյունքում հնարավոր կլինի առավելագույնս բարելավել ԸՕ-ն:
Երկու օրերի ընթացքում քննարկվեցին ընտրական վարչարարությանը և քաղաքական ուժերի ֆինանսավորմանն ու քարոզարշավում վարչական ռեսուրսների օգտագործմանը վերաբերող հարցեր: Միջազգային փորձագետները ներկայացրին տարբեր երկրների փորձը: Ինչպես նշեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Վադիմ Ժդանովիչը, ՙբյուրեղյա մաքուր ընտրություններ չկան՚, և դրա վառ օրինակն անգամ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրների ընտրություններն են: Ըստ նրա, պատահական չէ, որ իրենց հանձնաժողովի օրակարգային առաջնային հարցերը վերաբերում են ընտրակեղծիքների կանխմանը:
ՙԸնտրակեղծիքներն ամեն տեղ կան, դրանք կան նաև իմ երկրում՚,-վստահեցրեց ընտրական օրենսդրության և վարչարարության ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող IFES-ի ընտրական հարցերով խորհրդատու, ամերիկացի Կամերոն Քուինը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընտրակեղծիքներն առավել շատ են լինում այնտեղ, որտեղ դրանք չեն դատապարտվում, չեն դիտվում որպես վատ արարք, և այն դեպքում, երբ չեն պատժվում: Այս առումով չափազանց կարևոր է հրապարակայնության ապահովումը և ընտրակեղծիքները կանխելու գործիքների կատարելագործումը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների հարցերով խորհրդատու Դրյու Հայսլոպն էլ նշեց, որ ընտրակեղծիքների մասին խոսելիս անմիջապես պատկերացնում ենք լցոնումներ, սակայն դա չէ ամենախելամիտ կեղծիքը: Իրականում ընտրակեղծիքն ավելի լայն հասկացություն է, ինչը բացառելու համար անհրաժեշտ է զսպող մեխանիզմների ապահովում: Առաջնայինն ընտրական հանձնաժողովների կազմավորումն է ըստ կառավարման լավագույն համարվող տարրերի` թափանցիկության, անկողմնակալության, արդարության, անկախության և արհեստավարժության: Ընտրակեղծիքների կանխման տեսանկյունից կարևոր համարվեց ընտրողների ցուցակների ճշգրտման հստակ մեխանիզմների սահմանումը, ընտրատեղամասերում դիտորդների ներկայությունը:
Քննարկման ընթացքում ակնհայտ դարձավ, որ հայաստանյան հասարակական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների և փորձագետների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքները որոշ դեպքերում իրարամերժ են:
Խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն և ՙԺառանգություն՚-ը, նաև որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, 21 հասարակական կազմակերպություններ և շարժումներ հանդես են եկել գրեթե նույնաբովանդակ առաջարկություններով: Ընտրակեղծիքները կանխելու նպատակով, մասնավորապես, առաջարկվում է քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի տեսաձայնագրում, ընտրական հանձնաժողովների ձևավորում բացառապես Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից, տեղամասերում քվեարկած ընտրողների ցուցակների պատճենահանված օրինակներին ընտրատեղամասում ծանոթանալու անարգել հնարավորության ընձեռում:
Վերջին պահանջը, ըստ հեղինակների, պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ մեծ թվով մահացածների ՙվերակենդանացում՚ է տեղի ունենում: Այս կապակցությամբ IFES-ի ընտրությունների հարցերով իրավաբան և վերահաշվարկի մասնագետ, ամերիկացի Ջոն Հարդին Յանգը նկատեց, որ դա ՙհամամարդկային խնդիր է՚. ԱՄՆ-ում էլ եղել են դեպքեր, երբ հանգուցյալները ՙհառնել և քվեարկել են՚: Ի տարբերություն ամերիկացի Կամերոն Քուինի, որը կարևոր համարեց քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, սկզբունքորեն դեմ չարտահայտվելով նաև տեսաձայնագրմանը, եվրոպացի փորձագետները դա գնահատեցին որպես քվեարկության գաղտնիության խախտում, քանի որ քվեարկության չգնալը կարող է լինել քաղաքական որոշում և չպետք է հրապարակվի անախորժություններից խուսափելու և տարբեր շահարկումներից անձին զերծ պահելու համար: Նույն պատճառաբանությամբ առաջարկը մերժվում էր խորհրդարանական մեծամասնության կողմից:
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը միջազգային փորձագետներին հորդորեց հաշվի առնել երկրի առանձնահատկությունները, և ՙչբացարձականացնել անձի իրավունքները ի հաշիվ հասարակության իրավունքի՚: Որպես երկրի յուրահատկություն նշվեց այն, որ քաղաքացիների մեկ երրորդը բացակայում է Հայաստանից, սակայն դա չի խանգարում, որ ընտրություններում նրանք նույնպես ՙքվեարկեն՚:
Բավական լուրջ տարաձայնություններ կան նաև ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքի ընտրության հարցում: Իշխանությունները, մասնավորապես, առաջարկում են ընտրական հանձնաժողովները կազմավորել 7 անդամից: Ըստ նախագծի` հանրապետության նախագահին ԿԸՀ անդամի հինգական թեկնածուներ են ներկայացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի և վճռաբեկ դատարանի նախագահները: Ներկայացված թեկնածուներից յոթը նշանակվում են ԿԸՀ անդամ, մյուսները մնում են ռեզերվում` հանձնաժողովի անդամի թափուր տեղերը լրացնելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորում և հանձնաժողովների անդամներին նշանակում է ԿԸՀ-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում են հանրապետության նախագահը, ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, առարկելով կուսակցությունների կողմից հանձնաժողովների ձևավորման սկզբունքի ընդդիմախոսներին, նշեց, որ համամիտ է, որ ընտրությունների ընթացքում կուսակցությունները չպետք է լրացուցիչ ժամանակ և ջանքեր վատնեն վերահսկողության վրա, սակայն, ցավոք, այդ վերահսկողությունն այսօր չունի այլընտրանք: Նշվեց նաև, որ մինչ օրս ընդդիմադիր բոլոր կուսակցություններն ընտրություններում պայքարել են օրենքի տառը պաշտպանելու համար:
Միջազգային փորձագետներն ընդգծեցին բողոքարկման արդյունավետ, անկախ համակարգ ունենալու անհրաժեշտությունը` միաժամանակ վստահեցնելով, որ չկան միասնական ՙդեղատոմսեր՚: Ըստ նրանց` տարբեր երկրներում կիրառվում են տարբեր գործիքներ: Այդուհանդերձ նշվեց, որ անկախ այն հանգամանքից, թե միջազգային փորձաքննության ուղարկվելիք Հայաստանի ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի վերջնական տարբերակում ինչպիսի լուծումներ կտրվեն բարձրացված հարցերին, կարևոր է, որ դրանց վերաբերյալ ՙլայն քաղաքական կոնսենսուս՚ լինի:
Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
