Հայաստանում ամենաշատն ինքնասպանության են դիմում անչափահաս աղջիկները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 14:09
2010թ-ի հունվար հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում անչափահասների շրջանում գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 38 դեպք: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, նշված 38 դեպքից 13-ը եղել են մահվան ելքով: Նրա տեղեկացմամբ` ինքնասպանության դիմած անչափահասները տարբեր խավի ներկայացուցիչներ են` եւ սոցիալապես ապահով, եւ անապահով: «Պատճառները տարբեր են` ընտանեկան վեճեր, ծնողների հետ անհամաձայնություններ, իսկ 16-17 տարեկանների մոտ էլ պատճառը սիրահարվածությունն է եւ դրա արդյունքում` մերժում ստանալը:
Հայաստանում ամենաշատն ինքնասպանության են դիմում աղջիկները»,- ասաց ոստիկանության գնդապետը: 2010թ-ի տասն ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 411 դեպք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելացել է 21-ով:»Անչափահասները հիմնականում մեղադրվում են գողություն կատարելու մեջ, հատկապես` մանր գողությունների, իսկ խուլիգանության ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի թիվը նվազել է: Աճել են անչափահասների կողմից սառը զենք, մասնավորապես` դանակներ կրելու դեպքերը»,- ասաց գնդապետը` կոչ անելով ծնողներին ուշադիր լինել իրենց երեխաների նկատմամբ: Հունվար- հոկտեմբերին անչափահասների նկատմամբ կատարված բռնության 140 դեպք է գրանցվել, իսկ առեւանգման` 5:
Բռնությունները հիմնականում կատարվել են ընտանիքներում, առեւանգման դեպքերը` ծնողների ամուսնալուծությունների հետեւանքով: Անդրադառնալով Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների կիրառմանը` Ն. Դուրյանը նշեց, որ այս տարվա տասն ամիսների ընթացքում անչափահասի բռնաբարության 1 դեպք է գրանցվել, անչափահասի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգության` 6, իսկ 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու 31 դեպք:






Facebook
Tweet This
Email This Post
