Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչները` Հայաստանի մաքսակետերում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 24, 2010 13:44

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սահմանային անցակետերի բարեփոխման և սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման աշխատանքները` ՀՀ նախագահի հանձնարարականների հիման վրա: Արդեն իսկ մրցույթ է հայտարարվել Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի մաքսակետերում աշխատանքների իրականացման ուղղությամբ: Օրերս այդ սահմանային կետեր են այցելել Իսրայելից հրավիրված մաքսային ծառայության պատվիրակության ներկայացուցիչները` Հայաստանի մաքսակետերի ռիսկային կողմերը հայտնաբերելու և դրանց կատարելագործման առաջարկներ ներկայացնելու նպատակով. “Իսրայելի մաքսային ծառայությունը սահմանների համալիր կառավարման ավելի հարուստ փորձ ունի և կարող է օգնել մեզ` արդյունավետ տարբերակներ մշակել մաքսակետերի բարեփոխման աշխատանքների իրականացման գործում”,- հայտնել է ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:
Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչ Оֆհիր Զիլբերմանն էլ, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով հրավերքի համար, ասել է. “Մենք այստեղ ենք` մեր փորձը կիսելու հայ գործընկերների հետ` սահմանների համալիր կառավարման հմտությունների վերաբերյալ: Կարծում եմ` այսպիսի այցելությունները կօգնեն տեղում ավելի լավ պատկերացնել մեր հետագա անելիքները և էլ ավելի խորացնել երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում”:
Կարեն Բեգլարյանի խոսքով` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից կոնկրետ նպատակ է դրվել` ունենալ պարզեցված ընթացակարգերով և սպասարկման բարձր մակարդակով մաքսակետեր, որոնք առավել վերահսկելի կլինեն ազգային անվտանգության տեսանկյունից. “Այս բոլոր աշխատանքներն ու շահագրգիռ երկրների հետ ակտիվ համագործակցությունն ուղղված են այդ նպատակի իրագործմանը”,- վստահեցրել է Կ. Բեգլարյանը:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply