ԼՂՀ դատախազությունը քննարկել է հանցավորության վիճակը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 24, 2010 13:38

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը նոյեմբերի 23-ին կոլեգիալ նիստ է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ տարածքում հանցավորության վիճակը:Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, այդ մասին զեկույցով նիստում հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի եւ անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինե Սաֆարյանը:

Զեկույցի համաձայն` այս տարվա անցած երեք եռամսյակների ընթացքում Արցախում գրանցվել է 351 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 447-ի դիմաց։ Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի` գրանցվել է միջին ծանրության 74 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 111-ի դիմաց, ծանր՝ 134-ը` նախորդ տարվա 128-ի դիմաց, առանձնապես ծանր՝ 8` նախորդ տարվա 11-ի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների բնագավառում գրանցվել եւ հաշվառվել է 35 հանցագործություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 69-ի դիմաց, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բնագավառում 177` անցած տարվա 163-ի դիմաց, տնտեսական գործունեության դեմ ուղղված 13` անցած տարվա 22-ի դիմաց, ընդհանուր բնույթի` 57` անցած տարվա 105-ի դիմաց, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների բնագավառում` 49` անցած տարվա 60-ի դիմաց։ Ամփոփելով կոլեգիան` ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը մտահոգություն է հայտնել` նշված մի շարք ոլորտներում նկատված հանցագործությունների աճի վերաբերյալ:Գլխավոր դատախազն ընդհանուր առմամբ դրական է գնահատել դատախազության մարմինների գործունեությունը հաշվետու ժամանակահատվածի կտրվածքով:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply