«ՎՏԲ Հայաստան» բանկի կողոպտիչները ձերբակալված են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2009 12:04

11

Բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան» բանկի կողոպտիչների ինքնությունը· երեկ` հուլիսի 23-ին, Բագրատաշենի մաքսային անցակետից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել Վրաստանի հանրապետության 3 քաղաքացիներ` 1971 թ. ծնված Ռևազ Գուլբատաշվիլին, 1972 թ. ծնված Թինաթին Դավիթաշվիլին և 1976 թ. ծնված Դավիթ Աբուլաձեն: Աբուլաձեի հորեղբորորդին` 1976 թ. ծնված Գելա Աբուլաձեն, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

Կասկածյալների մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3800 դոլար և 6000 ռուբլի գումար, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սև ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքներ և այլն:

Հանցախմբի անդամները խոստովանել են, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղի վրա իրենք են հարձակում գործել:

Ոստիկանության www.police.am կայքը հաղորդում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` նրանց կողմից կատարված այլ հանցագործությունների բացահայտման համար:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի 22-ին` ժամը 9:20-ին, 3 զինված և դիմակավոր անձինք ներխուժել էին Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղ, ծեծի ենթարկել կառավարիչ Սեդա Հովհաննիսյանին և հափշտակել 3 միլիոն 913.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմելով փախուստի:

Դիտվել է 2023 անգամ:
Print Friendly

Leave a Reply