Ի. Կոջոյան. «Լուրերը, թե հայկական հացերը վտանգավոր են առողջության համար, չհիմնավորված են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2010 11:51

Լուրերը, թե հայկական հացերը սելիտրա, օճառ եւ գենափոխված սոյա են պարունակում, ոչ միայն չհիմնավորված են, այլեւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Իննա Կոջոյանը` հավելելով, որ տեսչության իրականացրած ստուգումների արդունքում երբեւէ նման բան չի հայտնաբերվել, իսկ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են տեխնիկական թերացումներին` համապատասխան փաստաթղթերի բացակայություն, ոչ բավարար հիգիենիկ պայմաններ եւ այլն:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկում մասնագիտությամբ կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը հայտարարել էր, թե հայկական հացերը սելիտրա, օճառ ու գենափոխված սոյա են պարունակում, եւ կարող են նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Իննա Կոջոյանը հայտնեց, որ հացի մեջ կարող են լինել այսպես կոչված` բարելավիչներ, որոնք թույլատրելի չափաբաժնով օգտագործելու դեպքում ոչ մի վնաս չեն հասցնում առողջությանը:

«Չհիմնավորված են այն տվյալները, թե հացի պարբերաբար օգտագործումն առաջացնում է դիսբակտերիոզ, աղիների բորբոքում, ստամոքսի գործունեության խանգարում, խոցեր, հորմոնալ խանգարումներ կամ ալերգիաներ: Հացն ինչպե՞ս կարող է առողջությանը վնաս հասցնել ու այդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկվի»,-ասաց սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետը:

Տարծված լուրերում նաեւ նշվում էր, թե պետական մարմինները չեն արձագանքում հացին վերաբերող ահազանգին, անգամ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների կողմից արձագանք չի եղել: Մինչդեռ Իննա Կոջոյանը տեղեկացրեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի դիմում կամ ահազանգ չի ստացել այդ թեմայով: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը եւս հերքեց այդ պնդումը` նշելով, որ իրենք նման ահազանգ չեն ստացել:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply