Լոռու մարզում կրճատվել է գրադարանների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 11:44
1996 թվականից հետո, երբ գրադարանները հանձնվեցին համայնքներին, Լոռու մարզում գործում էր 140 գրադարան: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանի` «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների համաձայն, այսօր գրադարանների թիվը կրճատվել է. մարզի 113 համայնքներից միայն 49-ում գրադարաններ կան, որոնց ընդհանուր թիվն ընդամենը 63-ն է:
Գրադարանները փակվել են հիմնականում համայնքային բյուջեների սուղ միջոցների պատճառով, դրանց գրքային ֆոնդերը` հանձնվել հանրակրթական դպրոցներին: Վանաձորում գործող 9 գրադարաններից միայն մեկը` Լոռու մարզային գրադարանն է պատկանում ՀՀ մշակույթի նախարարությանը:
Մնացածները, որոնցում պահվում է շուրջ 380 հազար կտոր գրականություն, գտնվում են համայնքային ենթակայության տակ. 2008-ին դրանց թիվը 10-ն էր, սակայն անբարեկարգ լինելու պատճառով երկու գրադարան փակվել է, մյուսներում էլ, 1996-ից ի վեր, բարենորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել, գրադարաններն անգամ ձմռանը չեն ջեռուցվում: Վիճակն առավել վատ է հատկապես գյուղական համայնքներում. դրանք տեղակայված են խարխուլ տնակներում, ակումբներում, կամ գյուղապետարաններում`զուրկ գրքերի պահպանման համար անհրաժեշտ տարրական պայմաններից:






Facebook
Tweet This
Email This Post
