Քննարկել են հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | November 24, 2010 10:52

Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը սկսվեց ՍԱՀ ԺԺ նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ առանձնազրույցով: Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատեց Մահմուդ ալ-Աբրաշին պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը:

Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:

Այնուհետեւ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՍԱՀ ԺԺ պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի եւ Սիրիայի ժողովրդի  նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է ճակատագրական նշանակություն և մեր ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին բռնագաղթված տասնյակ հազարավոր հայեր ապաստան գտան Սիրիայի հյուրընկալ հողում: ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները եւ կարեւորեց տնտեսական կապերի ակտիվացումը: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը, բարեկամության խմբերի գործունեւության ակտիվացումը եւ փոխայցերը: Կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Կողմերը համաձայնեցին, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում երկու երկրների պատգամավորները կարեւորեցին Սիրիայի հայ համայնքի դերը հայ-սիրիական համագործակցությունը խորացնելու գործում: Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը եւ ՍԱՀ ԺԺ նախագահը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` բարեկամական կապերի և համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հաջորդ այցելությունը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդարան էր, որտեղ  Հովիկ Աբրահամյանին եւ պատգամավորներին մեծ ոգեւորությամբ եւ ջերմությամբ դիմավորեցին Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները եւ հայկական վարժարանների սաները: Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ծաղիկներ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին` հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Սուրբ Սարգիս եկեղեցում  ողջույնի խոսքով հանդես եկավ Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը:

Հովիկ Աբրահամյանը, դիմելով սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին, նշեց, որ Սիրիայում հայերի ներկայությունը հազարամյակների պատմություն ունի: «Սիրիայի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ դուք կարողացել եք պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը, և այսօր սիրիահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է»: ԱԺ նախագահի խոսքով` հայ-սիրիական բարեկամությունը, Սիրիայում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են: Դրանք ապացուցում են, որ երկու ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգևոր ու մարդկային արժեքները և վայելել փոխադարձ հարգանքը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր մեր կարևորագույն խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը և հզորացնել երկիրը: «Հայաստանը մշտապես առաջնորդվում է բոլոր խնդիրներն ու հակասությունները քաղաքակիրթ ճանապարհով լուծելու տրամաբանությամբ, և  այդ ճանապարհը երկխոսությունն է»:

Նույն օրը երեկոյան  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստին, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply