Ոչ մի կասկած չկա. Թուրքիայում մահացած հղի կինը ՀՀ քաղաքացի Աննա Դավթյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2010 0:40

Ավարտվել է Թուրքիայում մահացած կնոջ ԴՆԹ-ի փորձաքննությունը, ով ենթադրաբար, համարվում էր հայուհի: Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, փորձաքննությունը հաստատել է, որ մահացածն, իսկապես, Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանն է:

Ներկայումս նախապատրաստվում են փաստաթղթերը, Աննայի մարմինը Հայաստան տեղափոխելու համար:

Չարենցավանի29-ամյա բնակչուհի Աննա Դավթյանը, ով 6 ամսական հղի էր, այս տարվա հուլիսի 17-ին անհետացել է Թուրքիայում: Օգոստոսի սկզբին Աննայի դիակը գտել են: Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը, սակայն երիտասարդ կնոջ մարմինն այնքան անճանաչելի վիճակում եւ խոշտանգված է եղել, որ անհրաժեշտ է եղել ԴՆԹ-ի անալիզ իրականացնել: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, դիակը գտել են տեղի ջրանցքից:

Ըստ հայկական մամուլի տեղեկությունների, Աննան ամուսնացել էր նախորդ տարի: Նրա ամուսինը սփյուռքահայ է, ապրում է Անգլիայում, հաճախ մեկնում է Դուբայ։ Հուլիսի 15-ին Աննան Հայաստանից էր մեկնել Թուրքիա, ամուսինը՝ Անգլիայից։ Հուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչեւ ավտոկայան, որտեղից Աննան ավտոբուսով պետք է վերադառնար Հայաստան։ Ինքն էլ իր հերթին ինքնաթիռով վերադարձել էր Անգլիա։ Ավտոկայանից Աննան զանգահարել է մորը եւ ասել, «Մամ, գալիս եմ»: Դրանից հետո երիտասարդ կնոջը ոչ ոք այլեւս չի տեսել։ Ըստ որոշ տեղեկությունների, ամուսինների բաժանումից որոշ ժամանակ անց Աննայի ամուսինը Անգլիայից զանգահարել է մորը եւ հարցրել, թե արդյոք Աննան նորմա՞լ է տուն հասել, մայրն ասել է, որ աղջիկը չի հասել: Հարազատները զանգահարել են Աննայի բջջային հեռախոսին, սակայն հեռախոսազանգերին որեւէ մեկը չի պատասխանել:

Աննայի անհետանալուց մոտ 15 օր անց երիտասարդ կնոջ դիակ է հայտնաբերվել Թուրքիայի քաղաքներից մեկում։ Դիակը հայտնաբերել են ընկույզ հավաքողները։ Կնոջ դին գտել են ճահճուտում, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին։ Գտնված դիակի դեմքն այն աստիճան այլայլված է եղել, որ հնարավոր չի եղել նրան ճանաչել։ Երբ Աննայի մայրը՝ Կարինե Դավթյանն այցելել է դիահերձարան՝ դիակը ճանաչելու, այն գրեթե ամբողջությամբ փակված է եղել։ Մորը թույլ են տվել նայել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը։ Դրանից հետո մայրն ասել է, որ հնարավոր է, որ դա իր դուստրը լինի։ Դավթյանների ընկերներից մեկի փոխանցմամբ, երբ տիկին Կարինեն այցելել է դիահերձարան՝ աղջկա դեմքը փակ է եղել թերթով։ Սակայն մի պահ թերթը վայր է ընկել, մայրը տեսել է այլայլված դեմքը եւ ուշագնաց եղել:

NEWS.am

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply