Արձանագրվել է սնկային թունավորման 16, բոտուլիզմի` 7 դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 23, 2010 17:00

Տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սնկային թունավորման 16, իսկ մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի` 7 դեպք: Ինչպես  հայտնեց ՀՀ առողջապահության նախարության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, թունավոր սնկերի օգտագործման հետեւանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31մարդ` 4-ը մահվան ելքով, իսկ բոտուլիզմից տուժել է 11-ը` 1 մահվան ելքով:

«Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, այլապես կարող են լուրջ բարդություններ առաջանալ»,-հայնեց Մ. Բաբայանը: Ըստ նրա` սնկային թունավորումների հիմնական պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում, եւ տարածված է հատկապես Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում եւ Երեւանում:

Բոտուլիզմից թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետեւանքով, իսկ այդ դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում: «Սննդային թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Դրանք անհրաժեշտ է գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Նաեւ խորհուրդ է տրվում չգնել շուկայում, փողոցներում վաճառվող պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք, իսկ պահածոները պետք է պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում»,-ասաց Մ. Բաբայանը` հավելելով, որ տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր պետք է ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման` 20-25 րոպե տեւողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով:

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply