Բնապահպաններն ընդդեմ կառավարության` դատարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 23, 2010 14:08

Հայաստանում ուրանի հանքերի շահագործման դեմ պայքարող հասարակական կազմակերպություններն առաջիկայում կդմիեն դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել ուրանի ծրագրին վերաբերող ՀՀ կառավարության բոլոր որոշումները. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Էկոլուր» հկ նախագահ Ինգա Զարաֆյանը և  Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Նրանք տեղեկացրին, որ այս պահի դրությամբ արդեն 10 ՀԿ  միացել է նախաձեռնությանը, սակայն հետագայում այդ թիվն անհամեմատ ավելի կմեծանա:

Ղազարյանը նշում է, որ Կառավարության 2007-ի N 228 որոշումը, որով ներկայում հետախուզական աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում, կասկածի տակ դրվեց 2009թ. օգոստոսի 4-ից. այդ օրը հասարակական լսումներ են անցկացվել, ինչի մասին իրենք շատ հ/կ-ների նման պատահաբար են տեղեկացել, իսկ մասնակիցների 60-70%-ը պետական  չինովնիկներ են եղել:

«Սյունիքում արդեն իսկ գործում են երեք հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին ու մարդկանց, և իշխանություններն  ի վիճակի չեն  դա կանխել,- ասում է Արթուր Ղազարյանը:- Չորրորդ հանքի մասին այս պայմաններում խոսք անգամ լինել չի կարող: Ուրանը ոչ պղինձ է, ոչ էլ մոլիբդեն»:

Ղազարյանն ու Զառաֆյանը նշում են, որ պետական մակարդակով պաշտոնյաները հայտարարում են, թե ռիսկեր չկան:  «Ռիսկերի մասին հիմնավոր խոսելու համար նախ պետք է փորձաքննություն իրականացվի, ինչը չի կատարվել, բացի այդ էլ Հայաստանում որևէ ընկերություն տվյալ ոլորտի ռիսկերը գնահատելու փորձ չունի»,- ասում է Զարաֆյանը:

Նրա խոսքով` ուրանի ծրագրի ռիսկեր չպարունակելու մասին անհիմն  հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում:

Զարաֆյանը  նշում է, որ  կարելի է ուսումնասիրել գոնե միջազգային փորձը. օրինակ, ըստ 1997-ի ռուսական հետազոտությունների` ՌԴ-ի ատոմագրադ քաղաքներում կրկնակի ավել են արատածնությունները և հիվանդացության մակարդակը մինչև 14 տարեկան երեխաների մոտ:

Անդրադառնալով օրեր առաջ ուրանի հարցով  Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահԱշոտ Մարտիրոսյանի արած հայտարարությանը, թե ռիսկեր չկան, քանի որ Սյունիքի մարզում ֆոնը նորմալ է, Զարաֆյանն ասաց. «Ֆոնը պարզ է, որ նորմալ պիտի լինի, մենք բաց հանք չունենք, ռադիոակտիվ փոշի չունենք, որ կարող է աղտոտել ֆոնը, էնտեղ ռիսկը գնում է լրիվ ուրիշ մակարդակով` գրունտային ու ստորգետնյա ջրերի: Ուրանը ագրեսիվ տարր է, եթե բզբզենք հանքը, վտանգավոր պրոցես կսկսվի»:

Զարաֆյանը սխալ է համարում նաև փորձանմուշի ատոմակայն ուղարկելը, քանի որ վերջինը շահագրգիռ կողմ է ու անկախ փորձագիտական գնահատման մասին խոսք լինել չի կարող:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply