«Ոսկե ծիրանն» անիվների վրա՝ դեպի Ղարաբաղ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 23, 2010 12:03

«Ոսկե ծիրանը» Ստեփանակերտի Մշակույթի պալատում

«Ոսկե ծիրանը» նոյեմբերի 16-ի առավոտյան կրկին «անիվների վրա էր»: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, լրագրողներ ու էլի «ծիրանականներ» ուղևորվեցին դեպի Ղարաբաղ:

«Ոսկե ծիրանն» անիվների վրա» հետփառատոնային ծրագիրը գործում է արդեն չորրորդ տարին ու ֆիլմեր է ցուցադրում Հայաստանի շրջաններում, Ջավախքում և Ղարաբաղում` Ստեփանակերտում ու Շուշիում:

Երկարուձիգ ճանապարհը կարճվում է «Ոսկե ծիրանի» յոթնամյա պատմության կադրից դուրս մնացած պատմությունների ունկնդրությամբ, որ պատմում է տնօրենի օգնական Վարդան Հակոբյանը:

«Համաշխարհային մշակույթը, կինոն անցնում է քո կողքով ու դու դրանից անմասն ես մնում,- «Ծիրանի» ստեղծման պատմությունն է պատմում Հարություն Խաչատրյանը,- ամբողջ նպատակն այն էր, որ ֆիլմեր բերեինք Երևան նայելու, որոնք հոգևոր և մտավոր սնունդ են տալիս, և երկրորդ` բերեինք այնպիսի մարդկանց, որոնք հետ գնալուց հետո իրենց երկրում Երևանի  ու Հայաստանի մասին լավ պատմություններ պատմեին»:

Սակայն արվեստն ու մշակույթը միայն Երևանով չէ, որ պետք է սահմանափակել: Խաչատրյանն ասում է, որ այս ծրագիրը մշակույթի տարածման ձև է, որն ինքը չափազանց շատ է կարևորում:

«Երևանյան տոնից որոշակի մասնիկներ բերելն ու շրջաններում ցուցադրելը  մի էտապ է, որ սովորեցնում է կինո նայել,- ասում է նա,- մյուս էտապն էլ կլինի այն, որ կարողանանք այստեղ մեկ-երկու  մեծագույն  վարպետներ բերել, որպեսզի նրանց հետ էլ շփվեն»:

Հայկական կինեմատոգրաֆիայի առջև ծառացած մարտահրավերները Խաչատրյանը կապում է նոր և երիտասարդ մտքի պահանջի և ֆինանսների հետ: «Հայաստանում մի սուտ լուր տարածվեց, թե կինոն բիզնես է, որ փող պիտի բերի,- մեկնաբանում է նա,- բայց կինոն ազգային, լուրջ նպատակամղված քաղաքականություն է` պատմելու  աշխարհին քո երկրի ու մշակույթի մասին: Ինչպես Մատենադարանն ես պահում, էնպես էլ կինոն պիտի պահես: Պիտի նաև նկարես քո թերությունների մասին քո հայացքով, որպեսզի ուրիշները դա չանեն: Նույն ֆրանսիական ու իտալական կինոն երբեք էլ իր փողը հետ չի բերում: Պարսկաստանում պետությունը տարեկան 60-70 ֆիլմ է պատվիում, Թուրքիան այս տարի ֆիլմերի պատվերը 100-ից իջեցրել էր 70-ի, Էրդողանը կատաղել էր, թե ինչու եք իջեցրել»:

Խաչատրյանն ասաց, որ փառատոնի շրջանակներում երիտասարդների համար բացվել է «Նոր հայացք»  ծրագիրը: «Երբ մի քիչ մեծանում ես, քեզ թվում է, թե ամեն բան լավ ես անում, կամ երբ մի բան լավ ես անում, քեզ թվում է, թե ամեն ինչ արդեն լավ ես անում, և սկսում ես չնկատել, որ մեծացել ես, ու մտքերդ էլ հնացել են,- ասում է նա,- դրա համար միշտ պետք է թարմ ներուժ և հայացք աջից, ձախից, հետևից ու առջևից»:

Ղարաբաղյան ցուցադրության ֆիլմաշարում ընդգրկված էր 6 կինոնկար, այդ թվում` Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Անրի Վեռնոյի «Սիցիլիացիների կլանը», Ստանիսլավ Գովորուխինի «Ուղևորուհին» և այլն: Ցուցադրվեց նաև Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան», որով էլ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում բացվեց  փառատոնը:

Շուշիի Նարեկացի կենտրոնը երևանյան կենտրոնի մասնաճյուղն է, որն ամբողջապես անվճար է և գործում է սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի ֆինանսավորմամբ:  Այն գործում է 2006-ից, ուր 100 երեխա հաճախում է 15 խմբակներ. մանրանկարչություն, գեղանկար, թատրոն, ազգագրական պարեր, լուսանկարչություն, համակարգչային հմտություններ և այլն: Կենտրոնն աշխատում է շաբաթը 7 օր և ունի անհրաժեշտ կահավորում ու տեխնիկա:  Կա նաև հեքիաթասացի անկյուն, որտեղ երեխաներին պատմում են  աստվածաշնչյան պատմություններ:

Շուշիի Նարեկացի կենտրոն

Վիգեն Չալդրանյանը, որ առաջին անգամ էր Ղարաբաղում, չափազանց տպավորված էր այն ուշադրությամբ, որով երեխաները լսում էին իրեն: «Ես մեծ-մեծ բացված աչուկներ տեսա, որոնք ուշադրությամբ լսում էին,- ասաց նա,- իսկ Ղարաբաղ ոչ մի կերպ չեմ ուզել գալ որպես տուրիստ: Ուզում էի անպայման ինչ-որ ծրագրով կամ ֆիլմով գալ, ու էդպես էլ ստացվեց»:

Շուշիում «Ծիրանն» արդեն արդեն չորրոդ տարին է,  իսկ Ստեփանակերտում ցուցադրվում է երկրորդ տարին: Առաջին անգամ Շուշիում ֆիլմերի ցուցադրությունը եղել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի հետ համատեղ, Շուշիի «Երևան» կինոթատրոնում: Վարդան Հակոբյանն ասում է, որ կինոթատրոնն ապահովվել է լավագույն տեխնիկայով, և մեկ շաբաթ ֆիլմեր են ցուցադրել: «Սակայն հաջորդ տարի երբ եկանք, իմ թողած դիսկը ոնց դրել էի, էնպես էլ մնացել էր,- պատմում է նա,- իսկ տեխնիկան էլ անգործությունից ու ցրտից փչացել էր: Կինոթատրոնը մեկանգամյա գործածության համար չէ: Պետք է ինչ-որ միջոցառումներ կազմակերպել»:

ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ այս տարի կինոթատրոնը վերանորոգվում է, և միջոցներ են ձեռնարկվելու այն աշխատեցնելու ուղղությամբ: Նա, ի դեպ, ակտիվ մասնակցում էր փառատոնի ծրագրին և դիտել է բոլոր ֆիլմերը: «Շրջանների հետ մեր ունեցած դառը փորձը ցույց է տվել, որ ծայրամասերում այս կարգի միջոցառումներին այնքան էլ ոգևորված չեն ընդառաջ գնում,- ասում է Վարդան Հակոբյանը,- բայց անցյալ տարի, երբ կապվեցինք Ստեփանակերտի հետ, մեզ շատ ոգևորությամբ ընդունեցին»:

Կինոցուցադրություններն, այնուամենայնիվ, անցնում էին կիսադատարկ դահլիճով, իսկ «Սասնա ծռեր» (Արման Մանարյան) մուլտֆիլմի ժամանակ, թեպետ նստելու տեղ չկար, երեխաներն աղմկում էին, դահլիճում ժխոր էր:

Խաչատրյանն ասում է, որ դա օրինաչափ երևույթ է: «Առաջին տարին, որ Երևանում «Ոսկե ծիրան» արեցինք, ամեն դահլիճում 7 հոգի մարդ էր նստած, հիմա նստելու տեղ չկա,- ասում է նա,- հիմա Ստեփանակերտում երկրորդ տարին է, թող քիչ- քիչ գան և սովորեն»:

Այդ մասին խոսեց նաև կինոփառատոնի  պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը: «Ես չեմ կարծում, որ Արցախում ամեն օր այս կարգի ֆիլմեր են ցուցադրվում,- ասաց նա,-  եթե մարդը արվեստի  հետ հաղորդակից չլինի, իրեն կիրթ մարդ համարել չի կարող»:

Նախագահի եղբայրը փառատոնի պատվավոր նախագահ է հռչակվել այս տարի հոկտեմբերին: «Ոսկե ծիրանի» հիմնադրման օրվանից պատվավոր նախագահ է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Աջից ձախ՝ Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան

Լևոն Սարգսյանը, ում գլխավորած «Փյունիկ» հիմնադրամը ծրագրի կայացման գործընկերներից է և, ըստ Հարություն Խաչատրյանի, միշտ եղել է կինոփառատոնի կողքին,  չափազանց կարևորում է «Ոսկե ծիրանի»` որպես մշակութային ծրագրի գոյությունը: «Սա Հայաստանի ամենահաջողված մշակութային ձեռնարկն է,- Ստեփանակերտի Մշակույթի պալատում ծրագրի բացման ժամանակ ասաց Սարգսյանը,- եթե մենք տարվա մեջ ունենայինք այսպիսի երկու-երեք ձեռնարկ, շատ խնդիրներ Հայաստանի համար լուծված կլինեին»:

Նա մանրամասնեց, որ Հայաստան ասելով` նկատի ունի Արցախ աշխարհն  էլ հետը. «Մենք մի ժողովուրդ ենք, դրանք ընդամենը տերմիններ են»:

«Ոսկե ծիրանին» զուգահեռ՝ Ստեփանակերտի Մշակույթի պալատում բացվեց նաև Հայաստանի` Արցախի աշնանային գույները կտավների վրա փոխադրած և Արցախի տարբեր վայրերում աշխատած 10 նկարիչների ցուցահանդեսը: Երևանից եկած նկարիչների այցն ու առաքելությունը  կազմակերպել էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն ու «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Այս տարի սա ծրագրի երրորդ այցելությունն է: «Ոսկե ծիրանն» արդեն եղել է  Տավուշի Բերդ քաղաքում և  Գյումրիում: Նոյեմբերի 25-ին էլ խումբը մեկնում է Ջավախք, որտեղ Ախալքալաքի «Ապագայի տուն» մշակութային կենտրոնում բացվելու է «Ոսկե ծիրան» կինոսրահը: Փառատոնը տեխնիկա է նվիրել կինոսրահին:

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply