Ենի Մուսավաթ». «Ադրբեջանի իշխանությունը բռնել է միջազգային հանրությանը խաբելու ճանապարհը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 10:15

Ադրբեջանի իշխանությունը միջազգային կազմակերպությունների ճնշման տակ բանտից ազատել է երիտասարդ բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլլիին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ գործընթաց է սկսել 5-6 ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ուղղությամբ:

Այդ քայլերի նպատակը միանշանակ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային կազմակերպությունների բացասական վերաբերմունքը մեղմացնելն է: Այս մասին  հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունը բռնել է միջազգային հանրությանը խաբելու ճանապարհը: Թերթի այն հարցին, թե կարող են արդյոք նշված քայլերը դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն ասել է. «Մի քանի տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ԿԸՀ ցանկությունը բխում է իշխանության կողմից այդ կառույցին տված հանձնարարականից:

Կատակերգության այս փուլն ինչքան շուտ ավարտվի, այնքան շուտ կկարողանանք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Նա շեշտել է, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարելը չի կարող փոխել միջազգային հանրության կարծիքը՝ համընդհանուր կերպով կեղծված ընտրությունների նկատմամբ: «Ժողճակատ» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Հասան Քերիմովն ասել է, որ 30-40 ընտրատեղամասերից 5-ում արդյունքների չեղյալ հայտարարելը չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, ինչն էլ պարզ կերպով ցույց է տալիս, որ «ԿԸՀ միջոցով իշխանությունների ձեռնարկած այդ գործողությունը այլ բան չէ, քան հերթական կեղծարարություն եւ խաբուսիկ խորամանկություն բանեցնել»:

Հ.Քերիմովի կարծիքով` իրեն հարգող եւ իշխանության հետ առեւտուր չկատարող ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող կեղծված ընտրությունների նկատմամբ դրական ուղղությամբ փոխել իր վերաբերմունքը` միայն բլոգերներին ազատելու եւ 5-6 ընտրատեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու պատճառով: «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն էլ կարծում է, որ իշխանության այդ քայլերն ուղղված են ընտրությունների հետ կապված՝ ԵԱՀԿ վերջնական զեկույցի մեղմացմանը:

«Իշխանության այդ քայլերը բավարար չեն: Բլոգերների ազատումը չի կարող օգնել իշխանության` նախկինում արած ապօրինությունների պատճառով փչացած հեղինակությունը վերականգնելու գործին: Իրավիճակը հնարավոր չէ փրկել նաեւ մի քանի ընտրատեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու միջոցով: Քաղաքական ազատությունների վիճակն ու ընտրական բնագավառում Ադրբեջանի դրությունն այնքան վատ է, որ ընդհանուր իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է խորքային եւ արմատական փոփոխություններ կատարել:

Իսկ իշխանությունը դա չի ցանկանում», -ասել է Մ.Ալիեւը: «Ինչպես երեւում է, իշխանության վերջին քայլերը ոչ մի փոփոխություն չեն ստեղծել ներքին ժողովրդավարական ուժերի` նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքում», -եզրահանգել է «Ենի Մուսավաթ»-ը:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply