Հայաստանում Բրիտանական խորհրդի պատասխանը ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու մեղադրանքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 19:19
Նոյեմբերի 22-ին մամլո ասուլիսով հանդես է եկել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և անդրադարձել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությանը` տարածելով մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանը նշել է, որ Բրիտանական խորհուրդն աջակցել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը: Ցանկանում ենք նշել, որ Բրիտանական խրոհրդի նպատակն է միջմշակութային երկխոսության հաստատմանը և աշխարհի 100-ից ավելի երկրներում տեղակայված մեր գրասենյակների գործունեությունը միտված է հենց այդ առաքելության իրականացմանը: Սակայն, տվյալ դեպքում Բրիտանական խորհուրդը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը չի մասնակցել և չի աջակցել փառատոնի անցկացմանը: Հայկ Բաբուխանյանը անդրադարձել է նաեւ Բրիտանական խորհրդի` Ծաղկաձորում նոյեմբերի 12-14 կազմակերպած «ԼԳԲՏ խնդիրները զանգվածային և սոցիալական լրատվամիջոցներում» հանդիպում քննարկմանը` սխալ մեկնաբանելով հանդիպման կազմակերպման նպատակը: Նշենք, որ Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորությունում և ամբողջ աշխարհում որդեգրել է հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն, համաձայն որի կազմակերպությունն իր գործունեության մեջ բացառում է խտրականության բոլոր ձևերը: Քննարկում-հանդիպման կազմակերպումը բխում էր հավասար հնարավորությունների և բազմազանության մեր քաղաքականության սկզբունքներից: Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու հանդուժողականության տարածումը բխում է նաեւ ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» հռչակագրից, որին միացել է նաև ՀՀ: Քննարկմանը մասնակացել է 6 լրագրող և ԼԳԲՏ համայնքի 6 ներկայացուցիչ: Հանդիպման կազմակերպման նպատակն էր օգնել կառուցողական երկխոսություն հաստատել ԼԳԲՏ համայնքի և մամուլի ներկայացուցիչների միջև, վեր հանել երկու կողմերին հուզող հարցերը և գտնել խնդիրների լուծումներ ու համագործակցության ուղիներ: Մասնավորապես, բարձրացված խնդիրներից էր լրագրողների կողմից օգտագործվող թյուր և վիրավորական բառապաշարը, որը նաև պայմանավորված է հայերենում որոշ հասկացությունների նոր և արհեստական լինելով: Մեկ այլ խնդիր է լրատվության մեջ լավ չուսումնասիրված և չփաստված, ենթադրված կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը: Հայկ Բաբուխանյանը նաև հայտարարել էր, որ ՌԴ-ում արգելված է Բրիտանական խորհրդի գործունեությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ օրս Մոսկվայում տեղակայված մեր գրասենյակն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը: Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքն սկսել է 2002 թվականից: Մեր գործունեությունը միտված է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխադարձ վստահության և համագործակցության կերտմանը: Մեր աշխատանքը համընկնում է ՀՀ հռչակած առաջնահերթություններին և իրականացրած ծրագրերի շնորհիվ նպաստում է եվրաինտեգրման, կրթության, հանրային կառավարման և այլ ոլորտներում Հայաստանի առաջխաղացմանն ու զարգացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
