Սեւանի ճոպանուղու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2010 11:52

Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Ծովագյուղ համայնքում 1130 մետր երկարությամբ ճոպանուղու` 2008 թ-ին մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Մաշտոցներ կոչվող լեռան ստորոտում տեղակայված ճոպանուղին մեկ ժամում մինչեւ 800 մարդու ստորոտից գագաթ հասցնելու հնարավորություն ունի:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց նախաձեռնության հեղինակ «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Շահբազյանը, ընդհանուր նախագծի շահագործումով Ծովագյուղ համայնքի բնակիչների համար 120-150 աշխատատեղի խնդիր կլուծվի, ճոպանուղու եւ մնացած ծառայությունների գներն էլ մատչելի կլինեն: «Ելնելով տեղի կլիմայական պայմաններից` մենք ընտրել ենք Աղթամար թերակղզուց ոչ մեծ հեռավորության վրա գտնվող այդ տարածքը, որտեղ մինչեւ հունիս-հուլիս ամիսները հնարավոր է ձյունը պահպանել:

Դա մարզվելու շատ լավ հնարավորություն է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար»,-ասաց Լուիզա Շահբազյանը` միաժամանակ ընդգծելով, որ այդ վայրում կլինեն լեռնադահուկային սպորտի երեք ճանապարհներ` սկսնակ, սիրողական մարզվող եւ պրոֆեսիոնալ դահուկորդների համար: Ընկերությունը նաեւ ֆին գործընկերների հետ համաձայնություն ունի, ըստ որի` լեռան գագաթին ձյուն չլինելու պարագայում հնարավոր կլինի այն արհեստականորեն ստանալ:

Նախագիծն ընդգրկում է «Ախթամար» ռեստորանային, հյուրանոցային եւ լեռնադահուկային համալիրը, ինչպես նաեւ լեռան գագաթին կկառուցվի սառցե եկեղեցի, ռեստորան, զվարճանքների կենտրոն, իսկ ամռանը հրաշալի պայմաններ կլինեն լողափում հանգստանալու համար: «Մենք անում ենք հնարավորը Սեւանն ամբողջ տարին զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար: Մշակել ենք 10 տարվա ռազմավարական պլան, ըստ որի էլ կիրագործենք մեր բոլոր նպատակներն ու նախագծերը»,-հայտնեց նա:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply