Գյուղատնտեսական գույքի ապահովագրման լիցենզիա ունի ինն ընկերություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2010 11:49

Ապահովագրության գործող օրենսդրության համաձայն` հնարավոր է իրականացնել գյուղատնտեսական բերքի, խոշոր ու մանր եղջերավոր անասունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական շենք, շինության ապահովագրություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի կենտրոնական բանկից, ինն ապահովագրական ընկերություններ ունեն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերով սահմանված դասերի լիցենզիաներ, որոնցով հնարավոր է իրականացնել գյուղատնտեսական բերքի, խոշոր ու մանր եղջերավոր անասունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական շենք, շինության ապահովագրություն:

Ըստ Կենտրոնական բանկի տեղեկատվության` գյուղատնտեսական գույքի մեջ մտնում են գյուղատնտեսական շենք, շինություն, հողատարածքներ, հաղորդակցման ուղիներ, սարքեր, սարքավորումներ, հումքեր, նյութեր, իրեր, ապրանքանյութական այլ արժեքներ, անասուններ, կենդանիներ, բույսեր, բուսականություն, մշակաբույսեր, գյուղատնտեսական բերք:

«Գյուղատնտեսության հետ կապված ֆինանսական ռիսկերը կարելի է ներառել «վարկի ապահովագրություն» դասի «գյուղատնտեսական վարկի ապահովագրություն» ենթադասում, ինչպես նաեւ «ֆինանսական վնասների ապահովագրություն» դասի համապատասխան ենթադասերում՝ կախված այդ ենթադասերին բնորոշ ռիսկերի տեսակներից»,-տեղեկացրին բանկից: «Ռոյալ ինտերնեյշընըլ գրուպ» ընկերության մենեջեր Ալիկ Կարապետյանը հայտնեց, որ գյուղատնտեսական գույքի ապահովագրության համար պահանջարկը շատ քիչ է, այդ իսկ պատճառով էլ իրենք չեն մատուցում նմանատիպ ծառայություն:

«Բացի դա էլ` ռիսկերն ավելի բարձր են, իսկ ապահովագրությունն ավելի թանկ արժե: Մեզ մոտ բեռների ապահովագրությունն է շատ, քանի որ հիմնական աշխատանքը դրսի կազմակերպությունների հետ է, որտեղ ապահովագրությունը պարտադիր է»,-ասաց Ալիկ Կարապետյանը` հավելելով, որ Հայաստանում դեռ ձեւավորված չէ ապահովագրության մշակույթը: «Ապահովագրության մյուս տեսակներից շատ քիչ են օգտվում, քանի որ այս ոլորտում ոչ միայն ձեւավորված մշակույթ չկա, այլեւ վստահությունն էլ ցածր է:

Մեզ մոտ ինչ-որ չափով ակտիվ է նաեւ առողջության ապահովագրությունը, քանի որ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններն իրենց աշխատակիցներին պարտադիր ապահովագրում են»,-ասաց ընկերության մենեջերը: «Կասկադ ինշուրանս» եւ «Ռասկո» ընկերություններից եւս տեղեկացրին, որ նմանատիպ ապահովագրություն չեն իրականացնում: «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերության մասնագետներից մեկն էլ հայտնեց, որ համապատասխան լիցենզիա չունեն, եւ դա կապված է ռիսկերի ու պահանջարկի բացակայության հետ:

Համաձայն «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասերի` գյուղատնտեսական ոլորտին բնորոշ ռիսկերը կարելի է ներառել «հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն» դասի «հրդեհ», «պայթյուն», «երկրաշարժ», «փոթորիկ», «միջուկային վարակ, վնասվածք եւ այլն», «հողի սողանք» ենթադասերի եւ «գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն» դասի «կարկտահարություն», «ցրտահարություն», «երաշտ», «համաճարակ, կարանտին հիվանդություն», «սելավ, ջրհեղեղ», «բնական ու տեխնածին բնույթի այլ աղետներ, վթարներ ու պատահարներ, ներառյալ՝ գույքի հափշտակություն» ենթադասերում:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply