Երևանում հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը կկայանա «Բաց երաժշտություն փառատոն»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 23, 2009 16:22

Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում հուլիսի 30-ից  սկսելու է «Բաց երաժշտություն փառատոնը»`Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ: Իր ձևաչափի մեջ սա առաջին փառատոնն է Հայաստանում, որը, ըստ կազմակերպիչների, շարունակական է և հաջորդ տարի կընդգրկի Հայաստանի այլ շրջաններ և Արցախը :

«Սա ամառային երաժշտական հրավառություն է հենց քաղաքի սրտում, բազմաժանր համերգ է լինելու` դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ, ֆյուժըն, ավանգարդ ուղղություններով»,-ասում է Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

23 առանձին համերգներից բաղկացած միջոցառմանը մասնակցելու են մոտ 200 հյուրեր արտասահմանից` հանրահայտ երաժիշտներ, արվեստագետներ: Միայն 4 համերգ նվիրվելու է ամերիկյան երաժշտությանը` հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև 20-ամյա գործընկերությունը, որը սկսել է 1988 թ. երկրաշարժից հետո  և շարունակվում է մինչ օրս:

Կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. բացօթյա դահլիճում որակյալ ձայն ապահովելու համար Գերմանիայից բերվել են համապատասխան սարքավորումներ: Փառատոնի բոլոր մասնակիցներն ստանալու են  նռան տեսքով արձանիկ:

«Դա գեղեցիկ և համապատասխան մրցանակ է բոլոր արվեստագետների համար, պատրաստված է բրոնզից` օնիքս քարի վրա»,-ասում է արձանիկի հեղինակ Արման Դավթյանը:

Ղարաբեկյանն ասում է, որ փառատոնը կրում է բաց խորագիրը, քանի որ լինելու է ոչ միայն բացօթյա, այլև բաց մտածողության, տարբեր ժանրերի և տարբեր երկրների երաժշտությունների շրջանակներում:

Փառատոնի գալահամերգը հուլիսի 30-ին է` մուտքը հրավիրատոմսերով, հաջորդ օրը նույն գալահամերգը կլինի տոմսերով, մարդիկ հնարավորություն կունենան ներկա գտնվել և վայելել բարձրակարգ երաժշտություն: Փառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 21-ը:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply