Կամարտահայտման ապահովման անհրաժեշտությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | աշխարհ | November 21, 2010 2:56
Ժողովրդավարությունը երբեմն սահմանվում է նաև որպես կառավարման համակարգ, որի հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է քաղաքացիների կամարտահայտման իրավունքն իրականացնելը:
Մասնագետները այս իրավունքի գործադրման երկու հիմնական բաղադրիչներ են առանձնացնում` ժողովրդական սուվերենությունը և մեծամասնության իրավունքի գործադրումը:
Ժողովրդական սուվերենությունը սկզբունք է, որի պայմաններում ժողովուրդը իրականացնում է բացարձակ վերահսկողություն իշխանության գործողություններին:
Սակայն սա որոշակի շփոթություն առաջացնող սկզբունք է, քանի որ այն հիմնականում գործադրելի է, երբ առաջնորդի գործողությունները հավանություն են ստանում ինքնաբուխ ձևով և ռացիոնալության պակասի իրավիճակում:
Մեծամասնության իրավունքի գործադրման սկզմունքը ենթադրում է մեծամասնության վերահսկողությունը կառավարության գործողություններին: Այս սկզբունքը ևս շփոթեցնող է, քանի որ մեծամասնությունը կարող է գործադրել այնպիսի իրավունք, որի պայմաններում փոքրամասնությունը կարող է զրկվել որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու իրավունքից կամ ունակությունից:
Այսպիսով այս երկու սկզբունքները երբեմն իրարամերժ են, երբեմն էլ անհամատեղելի ժողովրդավարության հետ: Սակայն առանց կամարտահայտման իրավունքի գործադրման ժողովրդավարությունը կարող է ամբողջովին կորցնել իր որակը կամ վերածվել ամբողջատիրության:
Ընտրությունները ևս մեր օրերում դիտվում են որպես կամարտահայտման ձև, որը շատ դեպքերում կարող է խախտել համընդհանուր կամքի և անհատի կամարտահայտման իրավունքի միջև կապը: Եթե տեսականորեն պատկերացնենք մի իրավիճակ, երբ քաղաքացիները անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը, և ինչ-որ կոճակի միջոցով իրենց ձայնն են տալիս այս կամ այն հարցի շուրջ, ապա դա կստեղծի մի շարք խնդիրներ: Նախ համընդհանուր կամքի ձևավորումը համարյա թե անհնարին է դառնում, քանի որ մեծամասնության իրավունքները իմպերատիվ են դառնում և անհատը ղեկավարվում է մեծամասնության կողմից: Մյուս կողմից քաղաքացիները շատ հարցերում ոչ կոմպետենտ են, և չեն կարող լիարժեք պատկերացում ունենալ բոլոր հարցերի շուրջ: Ի դեպ հենց քաղաքացիները օրենսդիր և գործադիր իշխանությանը լիազորում են իրենց ձայնի միջոցով, որպեսզի վերջիններս` որպես կոմպետենտ մարդիկ, կայացնեն որոշումներ քաղաքացիների փոխարեն:
Ռուսսոն կամարտահայտման իրավունքի գործադրման մասին գրում է, որ ցանկացած համատեղ որոշում ճնշման գործադրում է, եթե չկա ներքին կապ անհատ քաղաքացու կամքի և համընդհանուր կամքի միջև: Ռոբերտ Փոստը ասում է, որ նույնիսկ այն փաստն է բավարար, եթե քաղաքացին կարողանում է համընդհանուր կամքում տեսնել իր դերի ունակությունը: Այսինքն` քաղաքացու հնարավոր ազդեցությունը համընդհանուր կամքի ձևավորմանը:
Այսպիսով, անհատի ինքնարտահայտումը պաշտպանված է, եթե նրա կամքը գտնվում ներդաշնակ վիճակում համընդհանուր կամքի հետ, և նա կարող է ազդել հասարակական պահանջի ձևավորմանը: Ժողովրդավարությունը պետք է փորձի անհատին դուրս բերել մեկուսացված իրավիճակից և ներգրավել նրան հանրային կյանքում` ապահովելով վերջինիս կամարտահայտման իրավունքը:
Այնուհետև ժողովրդավարությունը պետք է փորձի ապահովել հանրային քննարկում հասարակության տարբեր խմբերի միջև և հաշվի նստի կողմ և դեմ արտահայտված խմբերի հետ: Իսկ հանրային քննարկման ու հանրային կարծիքի ձևավորման աղբյուր պետք է հանդիսանան օրենսդիր մարմնի աշխատանքը, քաղաքական դեբատները, լրատվամիջոցները , գիտահետոզոտական կենտրոնների գործունեությունը և այլն:
Ահա սա է ճանապարհներից մեկը` ապահովելու ժողովրդավարության հաստատումը և ընթացքը մեր երկրում:
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
