Facebook-ը ասթմա է առաջացնում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 18:58
Facebook սոցիալական ցանցը կարող է վտանգավոր լինել ասթմատիկների համար: Սա բացահայտել են հինգ իտալացի գիտնականներ: Ինչպես գրում է The Telegraph-ը, նրանց հետազոտությունը հիմնված է 18-ամյա ասթմատիկի պատմության վրա: Երիտասարդը բաժանվել է իր ընկերուհուց, և երբ վերջինս Facebook-ի իր էջից ջնջել է տղայի տվյալները, տղան սկսել է շնչահեղձ լինել:
Որպեսզի նորից հայտնվի իր նախկին ընկերուհու բարեկամների ցուցակում, երիտասարդը սոցիալական ցանցում ուրիշ անունով էջ է բացել: Դրանից հետո կայքում ամեն անգամ գրանցվելուց հետո նրա շնչառությունն արագացել է, հաճախ ասթմայի նոր նոպաներ են սկսվել: «Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, բնապահպանության կամ վարակիչ հիվանդությունների խնդիրները չեն, որ նոպաների պատճառ են դարձել»,- ասում է Նեապոլի գիտանականներից մեկը` Ջենարո Դ’Ամատոն:
Գիտնականներն իրենց աշխատության մեջ բժիշկներին խորհուրդ են տալիս ասթմայի անբացատրելի նոպաների դեպքում, հատկապես` երիտասարդ հաճախորդների, ուշադրություն դարձնել նրանց ակտիվությանը սոցիալական ցանցերում: Հետազոտության օբյեկտը, ասում են գիտանականները, ստիպված է եղել դիմելու հոգեբանին, որը համոզել է նրան այլևս Facebook չմտնել: Դրանից հետո երիտասարդի ասթմայի նոպաները վերացել են:
«Մենք առանց այդ էլ գիտեինք, որ սթրեսն ու ապրումները կարող են վատացնել ասթմատիկների վիճակը, ասում են գիտնականների ընդդիմախոսները,- և դա վերաբերում է յուրաքանչյուր հիվանդությանը: Մարդիկ ոչինչ չպետք է սրտին մոտ ընդունեն»:






Facebook
Tweet This
Email This Post
